July 27, 2024

Ձախողվածք մը չեղավ սոսկ, այլ աղետի մը գույն ստացավ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Աշխատանք, 10 հուլիսի, 1919թ., թիվ 43

Ձախողվածք մը չեղավ սոսկ, այլ աղետի մը գույն ստացավ այն ձեռնարկը, որ պիտի ճնշեր Բոյուք-Վեդի կոչված ապստամբական բույնը։ Մեկ տարի է, որ Հայ Հանրապետական կառավարությունը ներքին ոճրագործ թշնամիները՝ ապաստանած Բոյուք-Վեդիի մեջ, կշարունակեն անընդհատ սպանել, հարձակման ենթարկել, մորթոտել խաղաղ ազգաբնակչությունը և զենքի ուժով պահպանել ինքզինքնին, իրենց ոճիրն ու գազանությունները։

Զինվորական իշխանությունը, որ ցայսօր լրջորեն և իր բովանդակ ուժով հետամուտ չեղավ իր բնին մեջ խեղդելու այդ ապստամբական շարժման կենտրոնը և կարծես թե, դուրս գալով իր դերեն, քաղաքականություն խաղալ կամեցավ, հուլիս 4-ին կատարել տված իր գործողություններովը եկավ ոչ թե քավելու իր հանցանքը, այլ ապացուցուց անհերքելիորեն այն կարճատես, անմիտ, անփույթ և հայրենիքի կենսական շահերուն անհամապատասխան գործելակերպը, որ ընդհանրապես ունեցեր է մեր հանրապետության սպառազեն թշնամիներուն և զանազան տեսակի հրոսակախումբերուն հանդեպ։ Ահա թե ինչու Բոյուք Վեդիի աղետը, որ ի դեպ չի կրնար ըստ սովորության մոռացության դրվիլ, ուժգին ապտակի մը պես պետք է ուղղվի զինվորական իշխանության երեսին։

Կատարված և կատարվելիք քննությունը, ինչպես նաև այն պարագան, որ գործողությունները վարող գնդապետ Ապրեսյանը հեռացված և դատի է ենթարկված, մեզ չեն տար երաշխիքը, թե նման ձախավերություններու այլևս հանդիսատես չպիտի ընե մեզի զինվորական իշխանությունը։ Քննությունն ու դատը պետք է տեղի ունենան լայն սահմանով և վերջնական վճռական և ընդարձակ հետևանքներով։ Մենք, Բոյուք-Վեդիի աղետին պատասխանատու կհամարենք ոչ միայն գնդապետ մը, որ անմիջական ղեկավարն է եղած գործողությանց, այլ նաև անոր այդ պաշտոնը տվողները, այլև զինվորական բարձրագույն ղեկավարները։

Քննության ու դատին հետ մեկտեղ, ամենակարճ ժամանակվա ընթացքին կառավարությունը, կանգ չառնելով որևէ խոչի և արգելքի առջև, ամեն գնով և վերջնականապես պետք է ճնշե Բոյուք-Վեդիի և նման վայրերու ապստամբական ու հրոսակային շարժումները։ Կառավարությունը պարտավոր է կատարել տալ զինվորական իշխանության մեր երկրի այս կենսական գործը։ Եթե զինվորական նախարարությունը ապիկար ու անզոր կզգա ինքզինքը կամ չի ուզեր փոխել իր ողբալի և սնանկ գործելակերպը, այն ատեն պետք է հեռանան ներկա վարիչները և զինվորական գործն ու գործելակերպը, ինչպես նաև ղեկավարներն ու ղեկավարությունը հիմնական բարեփոխության ենթարկվին։ Կարճ, կամ զինվորական նախարարությունը եռանդուն միջոցներով կվերականգնե իր վարկը՝ անհապաղ պատժելով բոլոր ոճրապահ բույները մեր երկրի, և կամ անոր այժմյա ղեկավարները պետք է քաշվին և հեռանան՝ տեղի տալով նորերու։ Հայ ժողովրդի կենսական շահերը լիովին ըմբռնող և ըստ այնմ խելահասորեն ու աչալրջորեն գործող մարդիկ հազվագյուտ չեն և կգտնվին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives