March 6, 2021

Հույսի հայտարարություն

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)

Երեկ ՀՀ Նախագահի մամուլի ծառայությանը Հռոմում Արցախի հարցով վերջերս կայացած բանակցությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է.

Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովի «Մինսկի խմբի» անդամներն այս շաբաթ նախնական համաձայնության են հանգել մի կարեւոր փաստաթղթի կապակցությամբ, որը հնարավոր կդարձնի դիտորդների տեղակայումը Լեռնային Ղարաբաղամ՝ վերջնական հրադադար հայտարարելու համար։

Համաձայնությունը ձեռք է բերվել Հռոմում, Մինսկի խմբի 1993թ. փետրվարի 26-ից մինչեւ մարտի 1-ը կայացած նախապատրաստական հանդիպման վերջին օրվա ընթացքում։ Փաստաթուղթը, որը հայտնի է «Լիազորությունների պայմաններ» անվամբ, սահմանում է դիտորդների առաջադրանքները եւ կարեւոր քայլ է առճակատման թուլացման ուղղությամբ։ Ըստ այդ փաստաթղթի, միջազգային դիտորդները տեղակայվելու են հակամարտության շրջանում՝ մի քանի հատուկ ռազմական քայլեր վերահսկելու նպատակով, ինչը պետք է հանգեցնի զինված ընդհարման դադարեցմանը, ինչպես նաեւ շրջափակումների վերացմանը, մարդասիրական օգնության անխափան մատակարարմանը։

Հայաստանն այս նախնական համաձայնությունը դիտարկում է որպես դեռեւս համեստ, սակայն հուսադրող նշան այն բանի, որ կողմերը կարող են պատրաստ լինել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը։ Հայաստանն ակնկալում էր, որ առճակատման վերացումն անհրաժեշտ քայլ կլինի Մինսկի համաժողովի բացման համար, որը կորոշի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը։

Երկրորդ եւ հավասարապես կարեւոր փաստաթուղթը, որի շուրջ պետք է բանակցություններ տեղի ունենան, հրադադարի կիրառման «գրաֆիկն» է։ Մենք ակնկալում ենք բոլոր կողմերի մասնակցությունն այս փաստաթղթի պատրաստման գործում։

Հակամարտության հենց սկզբից Հայաստանի կառավարությունը գտնում էր, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական եւ ոչ թե ռազմական միջոցներով։ Բանակցությունների միջոցով ձեռքբերվելիք լուծումն առաջին հերթին պահանջում է, որ Ադրբեջանը հրաժարվի հարցը զենքի ուժով լուծելու քաղաքականությունից եւ դադարեցնի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների նկատմամբ։

Դժբախտաբար, երկու կողմերը բազմաթիվ կորուստներ պետք է ունենային, որպեսզի Ադրբեջանն սկսեր լրջորեն վերաբերվել հարցի խաղաղ լուծման հնարավորությանը:

Հայաստանը դեռեւս վստահ չէ, որ Ադրբեջանը հրաժարվել է խնդիրը զենքի ուժով լուծելու եւ Լեռնային Ղարաբաղում էթնիկական զտում կատարելու քաղաքականությունից, եւ Ադրբեջանի դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխությունը ընդամենը ժամանակավոր մարտավարական տեղաշարժ չէ՝ կապված վերջերս Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերից Ադրբեջանի կրած պարտությունների հետ։

Ինչեւէ, Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի նոր դիրքորոշումը երկարատեւ կլինի, որով հնարավոր կլինի շուտափույթ համաձայնություն ձեռք բերել երկրորդ փաստաթղթի կապակցությամբ, որը կհանգեցնի հրադադարի։

Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ Ադրբեջանը կդադարեցնի Հայաստան մտնող գազատարի եւ ճանապարհների նկատմամբ իր ահաբեկչական գործողությունները եւ ուղիղ երկխոսություն կսկսի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ՝ խաղաղ գործընթացին վերաբերող փաստաթղթերի ու հրադադարի իրականացումն ապահովելու նպատակով։

Հայաստանն ակնկալում է նախագահաթյան եւ Մինսկի խմբի այլ անդամների հետ շարանակական համագործակցությունը խաղաղ գործընթացի ողջ ժամանակահատվածում։

5 մարտի, 1993թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives