July 27, 2024

Հյուսիս-արևմուտքն ամբողջովին ազատագրվեց

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 30 մարտի, 1993թ., թիվ 57(308), երեքշաբթի

Շաբաթ և կիրակի օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում շարունակվում էր մնալ ծայրաստիճան լարված: Մարտի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերն ադրբեջանական կազմավորումները հերթական անգամ լայնածավալ գրոհ են ձեռնարկել Մարտակերտի Ներքին Հոռաթաղ գյուղի ուղղությամբ, սակայն այդ անգամ ևս կատաղի մարտերից հետո ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է կասեցնել գրոհը և թշնամուն ետ շպրտել նախնական դիրքերը: Այդ մասին վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Մարտերի ընթացքում խփվել է ադրբեջանական մեկ տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա: Ադրբեջանցիները մարտադաշտում թողել են 18 դիակ: Հայկական կողմից զոհվել է 3 զինվոր: Կան նաև վիրավորներ:

Մարտի լույս 27-ի գիշերը և առավոտյան կատաղի մարտեր են ծավալվել նաև Մարտակերտի շրջանի արևմտյան մասում: Ադրբեջանական կազմավորումները Քելբաջարի շրջանի տարածքից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Նարեշտար, Չարեքտար, Աղդաբան, Չայղովուշան և թազաքենդ գյուղերում տեղակայված հենակետերից զենքի տարբեր տեսակներից հրետակոծել են բոլոր մերձակա հայկական բնակավայրերը, այնուհետև լայնածավալ գրոհ ձեռնարկել շրջանի Վանք և Հաթերք գյուղերի ուղղությամբ: Կատաղի մարտերից ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 40 զինվոր: Հայկական կողմից զոհվել է 3 մարդ: Նույն օրը երեկոյան ադրբեջանական բանակի գրոհը կասեցվել է: Անցնելով հակահարձակման՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը ոչնչացրել են Նարեշտարի, Աղդաբանի, Չայղովուշանի, Թազաքենդի և Մարջումակի բոլոր ադրբեջանական հենակետերը, ինչպես նաև փակել Չարեքտարը Քելբաջարին միացնող ճանապարհը: Կիրակի օրը մարտերը ռազմաճակատի այդ հատվածում շարունակվում էին: Մարտերի ընթացքում խփվել է ադրբեջանական բանակի մեկ տանկ, մեկ հետևակի մարտական մեքենա, առգրավվել է 3 հրանոթ, երկու հակատանկային կայանք, ինչպես նաև մեծ քանակությամբ հրաձգային զենք:

Այս առթիվ ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե իբր ռազմական գործողությունները ծավալվում են ոչ թե Ադրբեջանի Քելբաջարի և ԼՂՀ Մարտակերտի շրջանների սահմանային գոտում, այլ հայ-ադրբեջանական սահմանի մերձակայքում, որտեղ հայկական կազմավորումները խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և խորացել Քելբաջարի շրջանի տարածքում: Ինչ խոսք, ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների այդ հերթական ապատեղեկատվությունը նպատակ ունի արդարացնել վերջին օրերին ռազմաճակատի այդ հատվածում կրած ծանր պարտությունները: Պատահական չէ, որ մարտի 28-ին ադրբեջանական հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել «Գործ գայլեր» կազմակերպության զինվորական բարձրաստիճան ղեկավարներից մեկը և Ադրբեջանի բնակչությանը կոչ արել չվհատվել, որովհետև հայերի ռազմական հաջողությունները ժամանակավոր բնույթ ունեն:

Շաբաթ և կիրակի օրերին ռազմական գործողությունները շարունակվել են նաև Մարտակերտի շրջկենտրոնի մատույցներում, որտեղ ադրբեջանական կազմավորումներն ամրապնդվել են հեռուստաաշտարակի մերձակայքում և կատաղի դիմադրություն են ցուցաբերում: Կիրակի օրվա մարտերի ընթացքում ռազմաճակատի այս հատվածում հայկական կողմից զոհվել է 4 զինվոր, կան բազմաթիվ վիրավորներ: Ադրբեջանական բանակի կորուստները նախնական տվյալներով անցնում են 30-ից: Մարտերը շարունակվում են:

Մարտի 27-ի երեկոյան ժամը 23:00 Ադրբեջանի Աղդամի և Ֆիզուլու շրջանների ռազմական հենակետերից հեռահար հրետանուց և «Գրադ» կայանքներից հրետակոծվել են Ասկերանի և Մարտունու շրջանների հայկական պաշտպանական դիրքերը, ինչպես նաև Հադրութ շրջկենտրոնն ու շրջանի Էդիլլու գյուղը: Հետևանքները ճշտվում են: Հայկական ուժերը պատասխան կրակ են բացել: Միաժամանակ մարտերը շարունակվում են նաև Լաչինի մարդասիրական միջանցքի հյուսիսային մատույցներում, որտեղ ադրբեջանական կազմավորումները փորձել են լայնածավալ գրոհ ձեռնարկել: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը ոչ միայն կասեցրել են թշնամու գրոհը, այլև անցել հակահարձակման և ոչնչացրել թշնամու մի քանի պահակակետ: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե իբր այս հատվածում մարտերի ընթացքում հայկական կազմավորումներն օգտագործել են նաև ռազմական ուղղաթիռներ:

Շաբաթ և կիրակի օրերին իրադրությունը խիստ լարված էր նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Ադրբեջանի տարածքից հրետակոծվել են Տաուշի շրջանի սահմանամերձ բնակավայրերը և հայկական պաշտպանական դիրքերը, որի հետևանքով, ինչպես հաղորդել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, ավերվել է մոտ 60 տուն, կան բազմաթիվ վիրավորներ: Հայկական կազմավորումները դիմել են պատասխան գործողությունների:

Այսպիսով, ադրբեջանական Նարեշտար, Աղդաբան, Չայղովուշան, Թազաքենդ և Մարջումակ հենակետերի ոչնչացմամբ ամբողջավին ազատագրվեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի ամբողջ հյուսիս-արևմտյան հատվածը: Հիշեցնենք, որ նշված կրակակետերից շարունակ հրետակոծվում էին այդ գոտու ամենամեծ հայկական գյուղը՝ Հաթերքն ու հայկական մերձակա բնակավայրերը:

Արամ Արղության

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives