September 26, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հիքմեթ Չեթին. «Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, հայերը՝ մեր հարևանները»

Հիքմեթ Չեթին. «Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, հայերը՝ մեր հարևանները»

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Ազգ, 3 մարտի, 1993թ.

Մոսկվա կատարած աշխատանքային մեկօրյա ճեպայցն (ուրիշ կերպ չես անվանի) ավարտելուց հետո Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը երեկ մամուլի ասուլիս անցկացրեց Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի կենտրոնում: Ի տարբերություն Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի, որ մի քանի ամիս առաջ նույն կենտրոնում ողբերգականորեն ու շռայլորեն օգտագործում էր «ցեղասպանություն» բառը (իհարկե՝ ադրբեջանցիների նկատմամբ հայերի սարքած), Չեթինը դրսևորեց մեծ զսպվածություն և տակտ: Նա սկզբում երկար խոսեց ռուս-թուրքական հարաբերությունների, դրանց զարգացման լավ հեռանկարների, իր «բարեկամ և գործընկեր» Անդրեյ Կոզիրևի հետ ունեցած բեղմնավոր բանակցությունների մասին, բայց այդպես էլ կոնկրետ ոչինչ չասաց:

Բնականաբար, ասուլիսին ներկա հայ լրագրողներին հետաքրքրում էին Հայաստանին, Ղարաբաղին առնչվող հարցերը: Նախարարն ասաց, որ այդ հարցերը ևս քննարկվել են բանակցությունների ընթացքում, որ մշակվել են կոնֆլիկտի կարգավորման նախնական պայմաններ, որոնք հետագայում պիտի զարգացվեն: Հայ թղթակիցները հետաքրքվեցին, թե դա ինչ է նշանակում, բայց բավարար պատասխան չստացան: Ավելին, նախարարը մտավախություն հայտնեց, որ այդ ընթացքը կարող է երկար չտևել: Չեթինը չմոռացավ նաև, որ ԵԱՀԽ-ը Ղարաբաղը ճանաչել է որպես բնիկ ադրբեջանական հող: Նա մի քանի անգամ նշեց, թե այդ պատերազմը անիմաստ է, միայն չարիք բերում երկու ժողովուրդներին ու հեռանկար չունի: «Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, հայերը՝ մեր հարևանները, որոնց նկատմամբ մենք լավ ենք տրամադրված»,- հայտարարեց Չեթինը: Ճիշտ է, նախարարը ընդսմին նշեց, որ «Թուրքիան ձգտում է օբյեկտիվ լինել եղբոր ու հարևանի կոնֆլիկտում»:

Խոսելով հակամարտող երկու երկրների անմիջական երկխոսության մասին, Չեթինն ասաց, թե ինքը հանդիպումներ է ունեցել նախագահներ Էլչիբեյի և Տեր-Պետրոսյանի հետ և համոզված է, որ նրանք երկուսն էլ ձգտում են հաշտության: Ուրիշ հարց է, թե ինչպես վարվել խաղաղ կարգավորման հակառակորդների հետ, ավելացրեց նա:

Հայ լրագրողները հետաքրքվեցին նաև Հայաստանի համար մարդասիրական միջանցքի օգտագոչծման հարցով: Նախարարն ասաց, որ Թուրքիան ոչ միայն արգելք չի եղել և չի լինի մարդասիրական օգնության համար, այլև օժանդակում է այդ առաքելության կազմակերպմանը:

Ամբողջությամբ վերցրած մամուլի ասուլիսը տաղտկալի էր և ավելի շուտ «ընդհանուր բնույթ» էր կրում: Շահեկան էր, որ այս անգամ «ցեղասպանություն» բառն առհասարակ չօգտագործվեց ոչ հարցերում, ոչ էլ պատասխաններում:

Ռուբեն Հայրապետյան, Մեր սեփ. Թղթակից, Մոսկվա

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives