October 18, 2021

Հեղաշրջումը Ադրբեջանում

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0

Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120

Գանձակից եկողները, «Борьба»-ի ասելով, պատմում են, թե երբ Ադրբեջանի ազգային խորհուրդը հունիսի 16-ին ամբողջ կազմով եկավ Թիֆլիսից, կայարաններում ոչ մի ընդունելություն ցույց չտվին նրան: Խորհրդի անդամների համար Գանձակում շինություն պատրաստված չէր: Նահանգական կոմիսար Զիաթխանովը այդ առիթով հայտնեց, թե խորհրդի անդամներից ոմանք, իբրև տեղացիներ, կմեկնեն իրենց տները, իսկ դեմոկրատները թող իջնեն որևէ պանդոկ:

Առհասարակ, քաղաքում նկատվում էր բացարձակ անուշադիր վերաբերմունք դեպի ազգային խորհուրդը:

Ադրբեջանի կառավարության նախագահ Խան Խոյսկին Գանձակ հասնելով այցելեց Նուրի փաշային: Նուրի փաշան բացատրեց Խան Խոյսկիին, թե ժողովուրդը չի կամենում ազգային խորհուրդ, իսկ Ադրբեջանի ներքին գործերին օսմանցիք չեն ցանկանում և մտադիր չեն միջամտել: Հետագա բացատրությունների համար նա խորհուրդ տվեց դիմել քաղաքացիական պաշտոնյա Ահմեդ բեկ Աղաևին:

Ահմեդ բեկ Աղաևը հայտնի հրապարակախոս և հասարակական գործիչ է Ղարաբաղից: 1906թ. նա իր անհաջող կարիերայից հետո փոխադրվեց Կ.Պոլիս, որտեղից նա եկավ օսմանցիների հետ միասին:

Դեռ մինչև Ադրբեջանի ազգային խորհրդի Գանձակ գալը՝ Աղաևը գումարեց մի քանի ժողովները, ուր նա խստագույնս քննադատեց դեմոկրատիկ ընտրողական օրենքը: «Կանանց մասնակցությունը ընտրություններին՝ աբսուրդ է. մի՞թե կանայք կարող են մտածել ինքնուրույն կերպով: Ուղղակի և ընդհանուր ձայնատվություն, Աղաևի ասելով, Եվրոպայում չի լինում ոչ մի տեղ, այլ կա միմիայն հետամնաց երկրներում»:

Ադրբեջանի կառավարությունը Նուրի փաշայի խորհրդով, ինչպես ասվեց, բացատրությունների համար դիմեց Աղաևին: Սա բացատրեց, թե կառավարությունը այժմ պատրաստ է ստեղծել ուժեղ իշխանություն: Սեփական ուժերով այդ դժվարին գործը Ադրբեջանի կառավարությունը չի կարող գլուխ բերել, իսկ օսմանցիք Ադրբեջանի ներքին գործերին չեն միջամտում:

Կառավարությունը հենվեց այն օրինագծի վրա, որի համաձայն օսմանյան իշխանությունները պարտավոր են օգնել: Աղաևը պատասխանեց, թե անիշխանականների անվան տակ պետք է հասկանալ օտարազգի ծագում ունեցող զանազան հեղափոխական հրոսակախմբերին: Եթե Ադրբեջանի կառավարությանը հարկավոր է օսմանցիների օգնությունը, թող Ադրբեջանի ազգային խորհուրդը արձակի իրեն, ընտրելով նոր կառավարություն արտակարգ լիազորություններով: Վեց ամսից հետո պետք է գումարվի Ադրբեջանի հիմնադիր ժողով նոր հիմունքներով: Հողային հարցի մասին Աղաևը խորհուրդ տվեց ոչինչ չխոսել:

Իմանալով կառավարության ներկայացուցչից այդ բանակցությունների մասին, «Հումմեթ» և «Մահմեդական սոցիալիստական բլոկ» ֆրակցիաները հայտնեցին իրենց բողոքը և դուրս եկան ազգային խորհրդի կազմից: Այդ բանակցությունների հետևանքները ճնշող տպավորություն թողին խորհրդի մեջ նստած անդամների վրա: Ականատեսների ասելով, շատ խիստ ու հուզմունքով լի ճառ արտասանեց խորհրդի անդամ Ռասուլզադեն: Ջաֆարովը իբր նույնիսկ լաց է եղել, խոսելով ազգային խորհրդի այդպիսի ցավալի վախճանի մասին: Բայց և այնպես Մուսաֆաթի ձախ թևը, ենթարկվելով ուժին, ստորագրեց ազգային խորհրդի արձակման արձանագրությունը:

Աջակողմյանները ցնծում էին: Կազմվեց նոր կառավարություն Խան Խոյսկիի գլխավորությամբ: Նրա կազմի մեջ մտան Ուսուբեկովը, Մելիք Ասլանովը, դոկտոր Սուլթանովը, Խալիլ բեկ Խասմամեդովը, Ռաֆիբեկովը, դոկտոր Ռաֆիևը, Թոբչիբաշևը, Ամիրջան Ջիվանշիրը, Բենուր աղան (խոշոր հողատեր ֆեոդալ): Աշխատանքի մինիստր նշանակված է Բաքվի միլիոնատեր Աշուրբեկով:

Նոր կառավարություն կազմելուց հետո ազգային խորհուրդը դադարեցրեց իր գոյությունը: Բոլոր սոցիալիստները հեռացան իրենց պաշտոններից: Մնաց ծառայելու նոր կառավարությանը միայն Մահրամովը: Շեյխուլիսլամովը հրաժարվեց Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի պաշտոնից ազգամիջյան լիկվիդացիոն մասնաժողովի մեջ: Նա հրաժարվեց նաև մասնակցել Կ.Պոլսի վեհաժողովին, ուր մեկնելու էր իբրև խորհրդատու սահմանաբաժանման հարցի մեջ: Սակայն «Հումմեթ» կուսակցությունը հնարավոր գտավ, որ Շեյխուլիսլամովը մեկնե Կ.Պոլիս, եթե այդտեղ առաջին հերթին քննվի ազգային խորհրդի իրավունքների վերականգնման հարցը: Շեյխուլիսլամովը համաձայնեց և մեկնեց Կ.Պոլիս Ադրբեջանի պատգամավորության հետ: Վերջինիս մեջ մտնում են Խասմամեդովը, Ռասուլզադեն և Սաֆի Քուրսդսկին:

Գանձակում հայերին զինաթափ անելուց հետո, ինչպես հաղորդում են, սկսել են զինաթափել նաև մահմեդականներին: Քաղաքում հայերի և թուրքերի նորմալ հարաբերությունները վերականգնվում են: Ջաֆարովը եկել է Թիֆլիս իբրև Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ վրաց հանրապետությանը կից: Լուրերի համաձայն, երկրագործության մինիստրի պորտֆելը հանձնված է բժիշկ Սուլթանովին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives