July 27, 2024

Հաշտության կնքման մանրամասները

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Մշակ, 4 հունիսի, 1918թ., թիվ 103

Ստույգ աղբյուրներից կարող ենք հաղորդել, որ սեպարատ հաշտությունը Թուրքիայի կամ ավելի ճիշտն ասած Թուրքիայի ներկայացրած ուլտիմատումը ստորագրվել և ընդունվել է Ադրբեջանի անկախ հանրապետություն կազմող թուրքերի, Վրաստանի անկախ Հանրապետության և Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցիչների կողմից, Բաթումում, հունիսի 1-ին: Ամենից առաջ ուլտիմատումն ընդունել և ստորագրել են թուրք, հետո հայ, ապա վրացի պատվիրակները: Առ այժմ ստորագրվել է հաշտության նախնական պայմանագիրը, իսկ վերջնական վավերացումը (ռատիֆիկացիա) տեղի է ունենալու Կ. Պոլսում, մի ամսից հետո: Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Ալ. Խատիսյան, Հ. Քաջազնունի և Մ. Պապաջանյան, որոնց հրահանգ էր տրված աշխատել ամեն կերպ գլուխ բերել հաշտությունը, ստիպված են եղել զիջել Թուրքիային հայկական գավառների հարավ և հարավ-արևելյան մասերը, ուլտիմատումի պահանջած սահմաններում, սակայն մի քանի թեթև զիջումներով հօգուտ մեզ:

Այդ զիջումները կայանում են նրա մեջ, որ 1. Երևանի գավառի հարավում մեզ է մնում մոտ 400 քառակուսի վերստ և Էջմիածնի ու Ալեքսանդրապոլի գավառներում մոտ 900 քառակուսի վերստ, ուրեմն 1300 քառակուսի վերստ տեղ, որով մեզ թողնվող հայկական գավառների տարածությունը հասնում է մոտ 12500 քառ. վերստի: 2. Թուրքիային կցվող երկրների — Ալեքսանդրապոլ, Սուրմալու, Շարուն-Դարալագյազ և Նախիջևանի գավառների, Երևանի գավառի մի մասի, Էջմիածնի գավառի մի մասի — փախստական ազգաբնակությանը թույլատրվում է վերադառնալ իրենց բնակավայրերը, բացի Կարսի և Բաթումի շրջաններից, որոնց վերաբերմամբ համաձայնություն պետք է կայանա ապագայում, 3. Թուրքիային կցվող երկրների ազգաբնակչությունը ազատվում է զինվորակոչությունից այդ պատերազմի ընթացքում: 4. Պարսկաստանում խմբված հայ զորամասերին և հայ փախստականներին թույլատրվում է անցնել Ջուլֆայով դեպի մեր սահմանները:

Հաշտության դաշնագրին պետք է կցվի և Հայաստանի ու Ադրբեյջանի սահմանաբաժանման արձանագրությունը:

Գեներալ Ղորղանյանը, որ գտնվում է Ալեքսանդրապոլում, պետք է, գեն. Նազարբեկյանի ցուցումներով, հսկե, որ մի շաբաթվա ընթացքում երկու կողմերի զորքերը, այն է հայ և օսմանցի զորամասերը ետ քաշվեն իրենց տեղերը։

Հրաման է տրվել երկու կողմից ևս դադարեցնել պատերազմական գործողությունները։

Համաձայն այս հաշտության, ուրեմն հայկական երկրները կամ ապագա հայկական իշխանությունը կազմված են լինելու Նոր-Բայազետ գավառից, Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառների մասերից։ Հարավից սահմանագիծը մոտավորապես անցնելու է Չոբան-Քյարայից ուղիղ գծով Բոյուկ-Վիրի-Ափա, իսկ արևմուտքից սահմանը անցնում է Քասախ գետից արևմուտք, Էջմիածնի արևմտյան սահմանից ուղիղ գծով, Արագած սարի գագաթի վրայով հյուսիս՝ Աղբուլաղ և Ախալքալակի սահմանը։ Այսպիսով հայկական շրջանումն են մնալու Աշտարակը, Օշականը, Էջմիածինը, Փարպին, Բյուրականը և Արագածից արևելք՝ Ապարանը։ Արարատը կամ Մասիսը ամբողջովին մնում է Թուրքիային։

Վրացիները զիջում են Թուրքիային Ախալցխայի և Ախալքալակի գավառները։

Ադրբեյջանի ներկայացուցիչների կամ մեր հարևան թուրքերի հետ համաձայնությունից է կախված մեր սահմանաբաժանումն այնպես կատարել, որ մի քանի հայկական մասեր ևս մեզ թողնվեն։ Հայոց Ազգային խորհուրդը հրահանգներ է ուղարկել գեն. Նազարբեկյանին և Երևան՝ դադարցնել պատերազմական գործողությունները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives