March 28, 2024

Հայ-վրացական միջադեպը հարթված

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Ժողովրդի ձայն

Ժողովրդի ձայն, 29 հոկտեմբերի, 1918թ., թիվ 46

Թիֆլիս, 29 հոկտեմբերի

Ամսի 27-ին ստացվել է Սանահինից Վրաց կառավարության նախագահի և Վիրահայոց Ազգային խորհրդի անունով հետևյալ հեռագիրը.

«Այսօր առավոտյան ժամը 6-ին տեղ հասնելով՝ մենք գեներալ Ցուլուկիձեի հետ իսկույն գնացինք հայ-վրացական զորքերի կայանները։ Մեր այցելությունը միանգամից հանգստություն մտցրեց, որը եթե առաջ խանգարվել էր, այն էլ եղել էր միայն շնորհիվ առանձին զինվորների անկարգության, որ պայմանավորված է զինված զորախմբերի իրար հանդիպման փաստով, բայց ոչ երբեք նրանց կամ հրամանատարների ագրեսիվ նպատակներով կամ գործողություններով։ Կալագերան կայարանում մեզ հասցրին Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարի հոկտեմբերի 26-ի հեռագիրը, որ լիովին գոհացուցիչ է երկու կողմերի համար էլ և վերջնականապես հարթում է միջադեպը։ Տեղեկացնելով այս մասին, պատգամավորությունը երկու հանրապետությունների կառավարություններին հայտնում է իր անկեղծ ցանկությունը, որ սահմանավեճը հարդարվի խաղաղ ճանապարհով և արդարության այնպիսի հիմունքների համաձայն, որ ապահովում է հայ-վրացական համերաշխության հաստատությունը նույնիսկ ժամանակավոր տարուբերումներից։

Հայոց Ազգային խորհրդի պատգամավորներ — Հարությունյան, Երզնկյան, Օգանեզով, Պապովյան, Դանդուրով, Ստամբոլցյան, Մանասյան, Քոչարյան»։

Այսպիսով, անտեղ և անժամանակ ծագած հայ-վրացական տխուր միջադեպը կարելի է հարթված համարել: Ներկա քաղաքական րոպեում, երբ ամենուրեք արդեն պտտվում է ընդհանուր հաշտության և խաղաղության լուրը՝ չէր կարելի երևակայել մի ավելի սարսափելի և ավելի ծանր իրողություն, քան նոր ֆրոնտի կազմակերպումը, մի ֆրոնտի՝ որը պիտի կրեր «հայ-վրացական» անունը։

Մենք ուրախ ենք, որ մեր պատգամավորությանը հաջողվեց վերջ տալ գրգռված կրքերի բորբոքվելուն և երկու կողմերի համար գտնել մի ընդհանուր և ընդունելի ելք։

Եվ այս րոպեիս էլ, երբ դեռ կան այդ միջադեպի շուրջը չլուծված և վիճելի հարցեր, մենք կողմնակից ենք ամեն միջոցներ ձեռք առնելուն անորոշը և մութը պարզելու համար, միայն թե ոչ զենքի և ոչ արյան ուժով։ Եվ մեզ համար պարզ է, որ այն կառավարությունը, որը իր համար անհանդուրժելի չի համարի երկու դրացի ժողովուրդների միջև ծագած միջադեպը արյան և սրի ուժով հարթել, այդ կառավարությունը չի կարող պահել իր ձեռքում իշխանության ղեկը, որովհետև նա կգնա հակառակ այն եղբայրական զգացմունքներին, որոնք տիրում են այսօր «թշնամացած» հարևան ժողովուրդների մեջ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives