November 12, 2024

Հայ Զինվորական Միության նախագահը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, Թիֆլիս

Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3

Հայ Զինվորական Միության նախագահ ընկ. Արսեն Շահմազյանը ստացել է քաջության նոր պատվանշան՝ Գեորգյան խաչ 4-րդ աստիճանի: Շատ ուշագրավ է այդ վերին աստիճանի համեստ ու անձնվեր զինվորականի կյանքն ու գործունեությունը, որից առաջ բերենք մի քանի գծեր:

1905թ. Մինգրելյան գնդի զինվորական կազմակերպության և մանիֆեստացիայի կազմակերպողն ու վարողն է եղել Արսենը, որի համար բանտարկվեց. Զինվորական բանտում սպայություն է ստանում, ազատվում է ու շտապում Գանձակ Համազասպի հետ մասնակցելու ժողովրդական ինքնապաշտպանության գործին: Անցնում է Զանգեզուր, որտեղից գնում է կենտրոնական ժողով, որի ցրումից հետո հրավիրվում է Ներսիսյան դպրոց նկարչության և ձեռարվեստի ուսուցիչ: Առաջինն է լինում, որ ամերիկյան սիստեմն է ներմուծում մեր դպրոցներում: 1907-ի դեկտեմբերին ձերբակալվում է Դաշնակցության գործով և ազատվելուց հետո նորից ուսուցչության պաշտոն է ստանում Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում: 1909-ին նորից բանտարկվում է և 9 ամսվա բանտարկությունից հետո աքսորվում: Ազատվում է 1912-ին և վերադառնում Կովկաս: Մինչև պատերազմի սկսվելը զբաղվում է համեստ աշխատանքով:

Սկսվում է համաշխարհային եղբայրաջարդը և Արսենը ռուսական բանակումն է ամենից շուտ: 1915 թվին Արարատյան կամավորական գունդը հևիհև շտապում է Վան: Ռոստոմի մի քանի դիմումներից ու խնդիրներից հետո հաջողվում է Արսենին փոխադրել կամավոր 4-րդ գումարտակը, ուր նա դառնում է հերոսական Քեռիի երկրորդ վաշտի պետը: Պատվով մասնակցում է մի շարք կռիվների, վիրավորվում է երկու անգամ, բայց երբեք ստանձնած գործը չի լքում: Նրա ցույց տված քաջությունների համար Քեռու դիմումները պարգևատրելու՝ մնում են անպատասխան մինչև սույն նոյեմբերի 2-ը, երբ Զևինի ճակատամարտում ցույց տված հերոսության համար ստանում է Վլադիմիրի 4-րդ աստիճանի, իսկ ամսի 14-ին հեռագրով, Ոստանի հերոսական ճակատամարտի համար պարգևատրվում է սպայական Գեորգյան 4-րդ աստիճանի խաչով:

Պայթում է ռուսական հեղափոխությունը: Արսենը 216-րդ գնդումն էր, ուր ընտրվում է գնդի կոմիտեի նախագահ, որտեղից մեծ շուքով ուղարկվում է 66 դիվիզիայի կոմիտեն, ուր երկու շաբաթ նախագահելուց հետո ընտրվում է Պետրոգրադի զինվորական համագումարի պատգամավոր:

Պետրոգրադից վերադառնալով Արսենը հավաքում է իր շուրջ մի քանի ընկերների և հիմք դնում Հայ Զինվորական Միության. ընտրվում է նախագահ և մեծ եռանդով վարում է այդ պաշտոնը:

Ահա թե ինչ է գրում Ոստանի ճակատամարտում Արսենի մասնակցության մասին պաշտոնական պետը՝ գեներալ Նիկոլաևը. «Մյուս օրը առավոտյան լուր եմ ստանում, որ թշնամին փախչում է կատարյալ խուճապի մատնված և սպա Շահմազյանը թուրքերից վերցրել է երկու դաշտային թնդանոթ: Ականատեսների վկայությամբ հաստատում եմ, որ դրուժինայի ամենակրիտիկական րոպեին Շահմազյանը ոգևորելով իր շուրջը գտնված կամավորներին ու հավաքելով նրանց, հարձակման է դիմում դեպի թուրքերի դիրքերը, հանում է դիրքերից և չնայած, որ ծանր վիրավորվում է, շարունակում է գրոհը և գերեվարում երկու թնդանոթ»:

Ոստանի ճակատամարտից հինգ օր անց՝ գնում ենք Վանի զինվորական հիվանդանոցը, տեսնելու Արսենին: Չի կարողանում շարժվել, բայց ջերմ ու ընկերական ժպիտով դիմավորում է մեզ ու պատասխանում մեր հարցումներին. «Ձորումն ենք, թշնամին ուժեղ է ու հանդուգն, ուրիշ ելք չկա. պետք է գրոհի տանել տղաներին: Շուրջս ընկնում են ընկերներս, պատրասվում եմ, ստանում եմ Քեռիի տոմսը. «Արսեն ջան, նամուսի հարց է, ինչ գնով էլ լինի, պետք է դիրքերից հանենք թշնամուն»… Ընթերցումը ավարտած, տղաներիս հետ մագլցում ենք ձորն ի վեր, ընկնում են տղաներս, ես ոչինչ չեմ զգում, ուռա, թշնամին նահանջում է, տղաներս շրջապատում են ինձ, բայց էլի շարունակում են գրոհը: Ինձ բերին Քեռու մոտ. համբուրեց ճակատս, գրկեց ու արտասվեց»…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives