April 17, 2021

Հայկական կաբինետի հարցը

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

Հորիզոն, 13 հունիսի, 1918թ., թիվ 114

Հայոց Ազգային խորհուրդը, ուր դաշնակցական անդամները մեծամասնություն են կազմում, բոլոր ձայներով՝ ընդդեմ երկուսի (Հայ Ժողովրդական կուսակցության անդամների), հանձնարարել է Հ. Քաջազնունուն կազմել Հայաստանի Հանրապետության կաբինետը:

Այս առթիվ, ինչպես հայտնի է, Հայ Ժողովրդական կուսակցությունը մի տենդային աշխատանք է սկսել մամուլի, ժողովների և ագիտացիայի թույլատրելի և անթույլատրելի միջոցներով խոչընդոտներ կանգնելու Ազգային խորհրդի գործունեության առաջ, և մասնավորապես նրա վերջին որոշումը փոխելու նպատակով:

Համոզված լինելով, որ Ազգային Խորհուրդը ոչ իրավական, ոչ բարոյական և ոչ այլ կարգի հիմունքներ չունի նույնիսկ վերաքննելու իր որոշումը, և պիտի շարունակե իր բռնած ուղին անշեղ կերպով, մենք միայն երկու խոսքով կուզենայինք լուսաբանել խնդիրը:

Ամենքի համար պարզ է, որ այն ամբոխային, ծանծաղամիտ առարկությունը, թե Դաշնակցությունն է մեղավոր, որ հայ ժողովրդի գլխին այսքան դժբախտություններ եկան, թե տապալվեց նրա վարած քաղաքականությունը — ոչ մի քննադատության չեն դիմանում և խուժանավարական սովորական, հնացած ու անպիտան պրյոմներ են մի կուսակցության կողմից, որ թյուրիմացությամբ միայն «ժողովրդական» անունն է կրում, ոչ մի կապ չունի մեր բուն ժողովրդի հետ և հայ սնանկ բուրժուազիայի շահերի պաշտպանն է հանդիսանում:

Եթե նույնիսկ կարելի է քննադատել Դաշնակցության վարած քաղաքականությունը, կարելի է գուցե մեղադրել, թե վերջերքս չի վարել այնպիսի զուտ հեղափոխական-աշխատավորական քաղաքականություն, չի եղել ավելի ինքնուրույն և հետևողական (միշտ անտարակույս հարկադրված լինելով իր քաղաքական գիծը  հարմարեցնելու հարևան դեմոկրատիաների բռնած դիրքին, միշտ կաշկանդված լինելով ստեղծված դաժան պայմաններով և միշտ համակերպվելով՝ հանուն ժողովրդի գոյության փրկության) — համենայն դեպս Հայ Ժողովրդական կուսակցություն չէ, որ ի վիճակի է և բարոյական իրավունք ունի այդ անելու և հավակնություն՝ ղեկավար և գերիշխող դեր խաղալու մեր կյանքի մեջ:

Եթե գործի գլուխ անցնելու լինի այդ անգույն, սնանկ, անժողովրդական և անուժ կուսակցությունը և կազմե կառավարություն, վերջինս չի վայելելու ոչ հայ բանվորության ու աշխատավորության և առհասարակ բնակավայրի հայ ժողովրդի վստահությունը, ոչ էլ կարող է, որև հավատ ներշնչել ու համակրություն վայելել մեր դրացիներից: Ամենքը ապշած պիտի մնան այս բռնազբոսիկ արհեստական հեղաշրջումից, ոչ ոք չպիտի կարողանա ընբռնել, թե ինչպես և ինչու կատարվեց այս, և լավագույն դեպքում, պիտի ենթադրեն ամենքը, որ սա մի դիվանագիտական խաղ է՝ թե հարևան ժողովուրդներին, թե արտաքին պետություններին խաբելու համար, թե հայ ժողովրդի քաղաքականությունն ու վերաբերմունքը փոխվել է:

Եթե անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը փոխե իր քաղաքականությունը, եթե անհրաժեշտ է անել այսօր այս կամ այն վճռական քայլը, ապա ուրեմն ինքը Դաշնակցությունը և դաշնակցական կառավարությունը կանեն այդ և նրանց հետևից կերթա ժողովուրդը, և նրանց կհավատան հարևաններն ու օտարները:

Մեր քաղաքականությունը պիտի լինի շիտակ և անկեղծ, և ուրեմն պետք է ստեղծել մի կառավարություն, որ կարող է այդպիսի գծով ընթանալ և հավատ ու վստահություն ներշնչել թե ժողովրդին, թե հարևաններին, թե օտարներին:

Ազգային խորհուրդը միանգամայն ճիշտ է ըմբռնել մոմենտի պահանջը և կամեցել է ստեղծել իրական կառավարություն, վստահելի և կարող իշխանություն, և ոչ թե իշխանության ու կառավարության սուռոգատ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives