March 29, 2024

Հայաստանն ու ԼՂՀ-ն անտեղյա՞կ են հրադադարից

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0

Ազգ, 28 ապրիլի, 1994թ., թիվ 78

Ինչպես հայտնի է, ապրիլի 26-ին Մոսկվայում կայացել է Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ, որից հետո ռուս բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, թե հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի լույս 28-ի գիշերը ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, և որ ինքը այդ մասին իսկույն տեղյակ կպահի հայկական կողմին: Միանգամայն ակնհայտ է, որ ադրբեջանական դիրքորոշման մեջ նման փոփոխությունն անմիջականորեն կապված է ռազմաճակատներում ադրբեջանական բանակի կրած պարտությունների հետ, քանի որ ավելի վաղ այդ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել էին, թե հրադադարը կկայան միայն հայկական զորքի հետքաշումից հետո: Սակայն բավականին տարօրինակ է, որ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվում Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև, կարծես թե խոսքը գնում է Ադրբեջան-Դաղստան սահմանային բախումների մասին:

Մյուս կողմից, այդ բանակցությունների ընթացքում դրականորեն է լուծվել Ադրբեջանի տարածքում հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող կայանի տեղաբաշխման հարցը: Ըստ ՌԻԱ-Սնարքի, Պավել Գրաչովը հայտարարել է, թե մոտ ժամանակներս այդ օբյեկտը միջկառավարական մակարդակով կձևակերպվի որպես Ադրբեջանի տարածքում գտնվող ռուսական ռազմական հենակետ:

Ինչ վերաբերում է հրադադարին, ապա երեկ տեղեկացանք, որ համենայն դեպս, ժամը 16-ի դրությամբ որ արտգործնախարարությունը, ոչ Գերագույն խորհուրդը որևէ պաշտոնական ծանուցում չեն ստացել ենթադրյալ հրադադարի վերաբերյալ: Պաշտոնապես անտեղյակ են մնում նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունները: Իսկ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, որն, ինչպես միշտ, պարուրված է գաղտնիության անթափանց շղարշով, այդպես էլ չհաջողվեց ոչինչ պարզել: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե Պավել Գրաչովը հեռախոսազրույց է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և հայտնել ձեռք բերված պայմանավորվածության մասին: Նա խնդրել է Հայաստանին ազդել ԼՂՀ-ի վրա: Այդ մասին ԼՂՀ իշխանություններին տեղյակ է պահվել:

Միաժամանակ, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մուրադ Պետրոսյանն այդ առթիվ այն կարծիքն է հայտնել, թե կրակի դադարեցման ադրբեջանական կողմի պատրաստակամությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական բարոյալքված բանակի շարքերը համալրելու հանրապետության ռազմական ներուժի հետագա զարգացման և Ղարաբաղի դեմ ագրեսիվ գործողությունները վերսկսելու հերթական փորձ: «Պատերազմի ընթացքը վկայում է,— նշել է նա,— որ ադրբեջանական բանակի կրած ջախջախիչ պարտություններից հետո, շահարկելով ԵԱՀԽ և Ռուսաստանի խաղաղարար առաքելությունները, այդ հանրապետությունը զինադադարի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն օգտագործում է սեփական բանակի վերականգնման և համալրման համար: Տարակուսանք է հարուցում նաև այն փաստը, որ Ադրբեջանի առանձին պաշտոնյաներ թվացյալ զինադադարի մասին տեղեկացնում են ոչ թե ԼՂՀ-ին, այլ երրորդ կողմին»: Եվ այնուամենայնիվ, նա հաստատել է, թե Ղարաբաղն առաջվա պես համաձայն է հրադադարին, սակայն ակնկալում է ադրբեջանական կողմի կոնկրետ ճշգրտումներին ու որոշակի քայլերը: Մյուս կողմից, ԼՂՀ քաղաքական ղեկավարության մոտ կանգնած աղբյուրներն այն կարծիքն են հայտնել, թե Ադրբեջանը հրադադարի հարցը քննարկել է Ռուսաստանի հետ, որովհետև ԼՂՀ-ի հետ այդ հարցը քննարկելը կնշանակեր անուղղակի կերպով ճանաչել վերջինիս անկախությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives