December 16, 2019
  • Homepage
  • >
  • Multimedia
  • >
  • Photo
  • >
  • Հայաստանի «ռուբլին» կախված է Ռուսաստանի որոշումից

Հայաստանի «ռուբլին» կախված է Ռուսաստանի որոշումից

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0

Ազգ, 27 հուլիսի, 1993թ., երեքշաբթի

Դոլարի գինը Երևանում 1500 ռուբլի

Դաշնակցային Ռուսաստանի Կենտրոնական բանկի ընդունած որոշումից հետո, ըստ որի, հուլիսի 26-ից շրջանառությունից հանվում են ԽՍՀՄ պետական բանկի և ՌԴ կենտրոնական բանկի կողմից 1961-1992թթ. թողարկած թղթադրամները, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը հայտարարեցին, որ այդ որոշումը Հայաստանի տարածքում չի գործում:

Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող ԽՍՀՄ պետական բանկի և ԽՍՀՄ գանձատան կողմից 1961-1992թթ. թողարկած թղթադրամները և մետաղադրամները, ինչպես նաև Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից բաց թողնվող 1992, 1993թթ. նմուշի թղթադրամներն օրինական վճարման միջոց են և ենթակա են պարտադիր ընդունման իրենց անվանական արժեքով ՀՀ ամբողջ տարածքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) և քաղաքացիների կողմից:

Չնայած այս որոշմանը, անցած երեք օրերի ընթացքում Հայաստանի բնակչության շրջանում մեծ իրարանցում սկսվեց: Պետական բանկն ընդհանրապես դադարեցրեց տարադրամի առուծախը:

Իսկ սև շուկայում՝ Ստ. Շահումյանի արձանի մերձակա տարածքում, երեկ ասեղ գցելու տեղ չկար: Ամերիկյան մեկ դոլարը վաճառվում էր 1250-1500 ռուբլով (1961-1992թթ. դրամով) և 1100 ռուբլի (1993թ. նոր դրամով): Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի վարչապետը, ֆինանսների նախարարը և պետական բանկի նախագահը մեկնել են Մոսկվա, բանակցություններ վարելու ՌԴ կառավարության հետ: Այդ հանդիպումների արդյունքից էլ պարզ կդառնա, թե ինչպիսի միջոցառումներ պետք է ձեռնարկի Հայաստանի կառավարությունը: Մինչ այդ որոշակի պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Հայաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վահրամ Ավանեսյանին:

Նրա ասելով, թեև խնդրո առարկայով հիմնականում զբաղվում է հանրապետության կենտրոնական բանկը, բայց ֆինանսների նախարարությունը նույնպես աշխատանքներ է տանում, որպեսզի սահմանափակվեն այն վնասները, որոնք կարող են կրել մեր ձեռնարկատերերն ու քաղաքացիները: Իսկ ամենամեծ վնասը կլինի այն, որ մեր բոլոր ձեռնարկատերերը, որոնք իրենց ապրանքները վաճառել էին և ձեռք էին բերել ռուսական հին դրամները (1961-1992թթ.) և հիմա նոր ապրանքներ պետք է գնեին, պարզվում է, որ ավելի քիչ գումար ունեն, քանի որ ապրանքներն արդեն կրկնակի թանկացան, և այդ ընթացքը դեռևս միտում ունի խորանալու: Ըստ նախարարության ստացած տվյալների՝ այդ կորուստները Ռուսաստանում հասնում են 3-4 անգամի: Բացի ձեռնարկատերերից, կորուստներ կունենան նաև քաղաքացիները, սակայն վերջիններիս կարստի չափը կախված կլինի այն բանից, թե ինչպիսի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Մոսկվայում: Համենայնդեպս, պարոն Ավանեսյանի խոսքերով, Հայաստանի կառավարությունը կձգտի, որպեսզի այդ վնասները նվազեցվեն: Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը շտապ մտցնի ազգային դրամանիշ, պատասխանելով այս հարցին, պրն. Ավանեսյանն ասաց, որ այդ հնարավորությունը չի կարելի բացառել, թեև ինքը չի կարող որևէ ժամկետ նշել: Սակայն փոփոխությունը լուրջ գործ է և արագ չի կատարվի: Նոր դրամի ներմուծումը պետք է ապահովվի որոշակի քայլերով, տնտեսական բարեփոխություններով:

Մյուս կողմից, պրն. Ավանեսյանի կարծիքով, դժվար թե Ռուսաստանն այժմ դուրս մղի մեզ ռուբլու գոտուց, առանց որոշակի ժամկետներ տալու դրա նախապատրաստման համար: Իսկ եթե Ռուսաստանը դիմի նման քայլի, ապա շատ արագ հայկական դրամը կմտցվի շրջանառության մեջ: Թեև նրա ասելով, այնուամենայնիվ, դա վատթարագույն քայլը չի լինի:

Իսկ եթե Ռուսաստանը համաձայնվի մեզ տալ նոր դրամ, ապա այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի այն պայմաններից, որոնք կառաջարկվեն մեզ: Այսինքն, ինչ սահմանաքանակներ են տրվելու, ինչ ժամկետում, ինչպիսի փոխանակություն են կատարելու: Փոխնախարարի կարծիքով, այն, ինչ-որ այսօր կատարվում է Ռուսաստանում, կկատարվի նաև Հայաստանում: Պրն. Ավանեսյանը հավաստիացրեց, թե Հայաստանը Ռուսաստանի նման հանկարծակիի չի բերի իր քաղաքացիներին:

«Մեզ ստիպելու են, որ հանկարծակի մտցնենք»,- ասաց նա ու նշեց, որ երբ որոշակի պարզաբանումներից հետո ճշտվի Ռուսաստանի դիրքորոշումը, ապա կհրապարակվի մի ծրագիր, որով ժողովուրդը կտեղեկանա, թե ինչպիսի ժամկետներում ինչ է անելու: Անշուշտ, եթե նոր դրամ մենք չստանանք, որոշակի ժամանակահատվածում կօգօգտագործենք 1961-1992թթ. դրամները, մինչև նորի ընդունումը: Թեև ինչպես նշեց պրն. Ավանեսյանը, Ռուսաստանի ղեկավարների հայտարարություններից կարելի է հասկանալ, որ մեզ մերժելու հավանականությունը մեծ չէ:

Ա. Հ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives