March 6, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանի նախագահն առաջարկում է անհապաղ բանակցություններ

Հայաստանի նախագահն առաջարկում է անհապաղ բանակցություններ

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401)

Ապրիլի 1-ին ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը դիմում է հղել ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որով կառավարության անհանգստությունը հայտնելով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմի նոր ուժգնացման կապակցությամբ, կարծիք է հայտնել, որ վերջինս կարող է խանգարել ԵԱՀԽ-ի շրջանակներում ընթացող խաղաղության բանակցություններում նշմարվող առաջընթացը։

Պարոն նախագահ, Հայաստանի կառավարությունը խոր անհանգստություն է արտահայտում Ադրբեջանի և ԼՂ Հանրապետության միջև պատերազմի էսկալացիայի առթիվ և գտնում է, որ դա կարող է խանգարել ԵԱՀԽ-ի շրջանակներում ընթացող խաղաղության բանակցությունների նշմարվող առաջընթացին։ Մենք հակամարտ կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ հավաստում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու անհապաղ և առանց նախապայմանների զինադադար հաստատելու և Մինսկի խաղաղության համաժողովներում ԼՂ Հանրապետության հարցի քաղաքական, փոխզիջումային լուծում գտնելու գործին։

ՊՊԿ-ի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։

Ամիսներ շարունակ մենք բազմիցս պաշտոնապես հավաստել ենք մեր պատրաստակամությունը անհապաղ և առանց նախապայմանների զինադադար հաստատելու մասին։ Սակայն մեր կոնստրուկտիվ ջանքերը վիժեցվել են մի կողմից Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության, մյուս կողմից՝ Մինսկի համաժողովում ԼՂՀ-ի մասնակցության կարգավիճակի անորոշության պատճառով։ Մենք համողվել ենք, որ ԵԱՀԽ-ի շրջանակներում ընթացող բանակցությունները Ադրբեջանը օգտագործում է քողարկելու համար իր ռազմական նկրտումները, որի վկայությունն են մարտ ամսին նրա սանձազերծած լայնածավալ հարձակումները Մարտակերտի շրջանում և Լաչինի մարդասիրական միջանցքում։ Դրանց ի պատասխան ԼՂՀ իշխանությունները հարկադրված էին օգտվելու ինքնապաշտպանության իրենց բնական իրավունքից և ոչնչացնելու մեզ համար վտանգ ներկայացնող ռազմական հենակետերը։ Լեռնային Ղարաբաղը ոչ մի մտադրություն չունի Ադրբեջանից տարածքներ զավթելու, բայց եւ միաժամանակ չի կարող չհակազդել սպառնացող վտանգներին։ Դրանով հանդերձ մենք պատրաստ ենք անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով, եթե նույնպիսի պատրաստակամություն դրսեւորի նաեւ հակամարտ կողմը»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives