October 1, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 23 հուլիսի, 1993թ., 145(749), ուրբաթ

ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղարար գործընթացի հերթական փուլի իրականացման նախօրեին Ադրբեջանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչները կրկին դիմեցին քարոզչական ապատեղեկատվության, տարածելով ղարաբաղյան ուժերի կողմից Աղդամի գրավման մասին ստահոդ լուրեր:

1993թ. հուլիսի 21-ին, որոշ տվյալներով Սուրեթ Հուսեյնովի կազմավորումները հանդիսացող հենց ադրբեջանական զորքերն են 12 միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ Աղդամի հյուսիսից և հարավից ձեռնարկել հարձակում ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի դիրքերի վրա: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, դիմագրավելով գրոհները, անցել է հակահարձակման և հետ է շպրտել հակառակորդին:

Հուլիսի 21-ին, ժամը 19:00-ի դրությամբ, 152մմ հեռահար հրանոթներից Աղդամի երկաթգծի կայարանից հրետակոծվում էր Ստեփանակերտը, ինչի հետևանքով քաղաքի վրա 14 արկ է ընկել:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունները ճշտվում են: Այս տվյալները հաստատվում են ներկայումս Ստեփանակերտում գտնվող միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների և արտասահմանյան լրագրողների կողմից:

Ամբողջ գիշերվա և հուլիսի 22-ի առավոտվա ընթացքում մարտական գործողությունները առանձնակի ուժգնությամբ ծավալվել են Ասկերան շրջկենտրոնի ուղղությամբ:

Հուլիսի 22-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններում կիրառել է օդուժ: Չափազանց լարված իրադրություն է ստեղծվել նաև Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մատույցներում: Այս գործողությունների մասին Հեյդար Ալիևի նախօրոք տեղյակ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկություններ չկան:

Միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական իրադրության սրումն արտահայտությունն է Ադրբեջանում շարունակվող ներքին անկայունության և իշխանության համար մղվող պայքարի, որոնց կարգավորմանն այդ երկրի ղեկավարությունը փորձում է հասնել ղարաբաղյան ճակատներում, և որը հակամարտության ուժգնացման համար պատասխանատու է դարձնում Ադրբեջանի այժմյան ղեկավարներին, կասկածի տակ առնելով ԵԱՀԽ խաղաղարար ծրագրի իրականացման նրանց կարողությունը:

22 հուլիսի, 1993թ., քաղ. Երևան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives