«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500)
Թուրքական «Անատոլու» լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն, Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը, որ Մոսկվայում մասնակցում էր Բոսնիայի հիմնահարցը քննարկող Իսլամական խորհրդաժողովին, օգոստոսի 17-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանին եւ հայտարարել, որ Հայաստանը չի կարող խույս տալ ադրբեջանական հողերը զավթելու պատասխանատվությունից։
Չեթինը պահանջում է Անվտանգության խորհրդի սահմանած զինադադարը խախտելու և Ադրբեջանի տարածքից զորքերը չհանելու դեպքում ՄԱԿ-ի կողմից Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։ «Մի՞թե մի բուռ ելուզակներ պետք է գան ու աշխարհին տիրանան»,– Մոսկվայի թուրքական դեսպանատանը տեղի ունեցած հանդիպումից հետո ասել է Չեթինը լրագրողներին։
«Անատոլու» գործակալությունը հայտնել է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի արտգործնախարարի պահանջով, բայց վերջինս չի մեկնաբանել հայկական կողմի անմիջական նպատակները։
Չեթինը Հայաստանին Ադրբեջանի ներքին դժվարությունները չարաշահելու եւ տարածաշրջանի խաղաղությունը խաթարելու մեղադրանք է ներկայացրել։ Նրա կարծիքով, Անվտանգության խորհուրդը նույն տեսակետն ունի, քանի որ Հայաստանից պահանջում է դադարեցնել զենքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին։
«Հուսով եմ Հայաստանը ճիշտ կմեկնաբանի մեզնից եւ ողջ աշխարհից ստացած պատգամը եւ կգործի անհրաժեշտ քայլեր»,– նախազգուշացրել է Չեթինը։
Օգոստոսի 15-ին Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը Հայաստանին կոչ է արել մեկ անգամ եւս կշռադատել «Ադրբեջանի նկատմամբ կիրառվող ագրեսիան» կամ պատրաստ լինել կրելու հետեւանքների ողջ ծանրությունը:
Չեթինը Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւին տեղեկացրել է Չիլլերի սեպտեմբերին Մոսկվա կատարելիք այցի մասին:
«Ռոյթր»