November 1, 2020

Կ. Բաբուրյանի դիմումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 12 օգոստոսի, 1993թ., թիվ 159(763), հինգշաբթի

Երեկ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը դիմում է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին և անվտանգության խորհրդին՝ ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ակտիվացման առիթով:

— Վերջին օրերի ընթացքում,— ասված է դիմումում,— Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հրադադարի համաձայնագիրը, լայնածավալ հարձակումներ են ձեռնարկել ռազմական գործողությունների համարյա ողջ ճակատում, ինչպես նաև զանգվածային գնդակոծության և հրետակոծության են ենթարկել խաղաղ բնակավայրերը՝ օգտագործելով հրետանի և մարտական օդուժ: Ցավոք, համաձայնության խախտումները տեղի են ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 853 (1993) բանաձևի ընդունումից հետո, և այդ պատճառով ԼՂՀ ղեկավարության անունից կոչ եմ անում Ձեզ և ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններին աջակցել ուղղակի երկկողմ շփումների զարգացմանը և օժանդակել Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների բարձր մակարդակի հանդիպում անցկացնելուն:

Համաձայն ստացվող տեղեկությունների, Ադրբեջանը նախապատրաստվում է մոտակա ժամանակներս իրականացնել նոր, առավել հզոր հարձակողական գործողություններ, ինչը սպառնալիքի տակ է դնում մեր հանրապետության՝ միաժամանակ մի քանի շրջանների խաղաղ բնակիչների անվտանգությունը: Նման գործողություններ ձեռնարկելու դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը խնդրում է Ձեզ և Անվտանգության խորհրդին՝ անհապաղ քննարկել ստեղծված իրավիճակը և դադարեցնել խաղաղ գործընթացը վիժեցնող Ադրբեջանի գործողությունները,— ասվում է Բաբուրյանի դիմումի վերջում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives