September 24, 2020

Կոալիցիոն մինիստրություն

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

Զանգ, 2 հոկտեմբերի, 1918թ., թիվ 58

Երևան, 2 հոկտեմբերի

Կոալիցիոն մինիստրություն ունենալու հարցը նորից հրապարակի վրա է դրված: Դաշնակցության աջ ու ձախ կողմը նստած պառլամենտական ֆրակցիաները, առանձնապես աջը, հետապնդում և գտնում են, որ կոալիցիոն մինիստրություն ունենալու խնդիրը հասունացած է:

Երկիրը ներկա քաոսական դրությունից հանելու, այլև արտաքին քաղաքականությունը ավելի բացորոշ դարձնելու համար միակ նպատակահարմար միջոցը համարում են կոալիցիոն մինիստրություն ունենալը:

Կոալիցիոն մինիստրության այսպիսի մեծ առանձնահատուկ դեր հատկացնել և կարծել, թե նա կարող կլինի իսկապես երկիրը հանել ներկա ճգնաժամային դրությունից, այն էլ երբ սովի ուրվականն է սպառնում ամենուրեք, դա առնվազն պիտի համարել միամտություն:

Ներկա պայմաններում գուցե մենք գերադասեինք ուժեղ ու միատարր մինիստրությունը, սակայն հարցի այդ կողմը չէ հետաքրքրականը, այլ այն հոգեբանությունը, որ հայ իրականության մեջ ամրապնդել են ազգային խորհուրդները:

Ինչպես հայտնի է, ազգային խորհուրդները ժամանակին ոչ միայն հայ կյանքի ներքին խնդիրներն էին կարգադրում, այլև իրենց վրա էին վերցրել մեծապես քաղաքական ֆունկցիաներ: Նույնիսկ հայ զինվորական գործի ընդհանուր բարձր հսկիչն ու կարգադրողը դարձյալ ազգային խորհուրդն էր:

Ազգային խորհուրդների այսպիսի արտակարգ լիազորությունները, ամրապնդել է Հ.Յ. Դաշնակցությունը դեռևս այն ժամանակ, երբ սահմանադիր ժողովի ընտրության հետևանքով հայ ժողովուրդը այդ լիազորությունները վերապահել էր միայն իր ներկայացուցիչներին:

Դաշնակցությունը, սխալ, թե ուղիղ, այդ լիազորությունները կամովին վերացրել էր իրանից և զիջել ազգային խորհրդին, որը ինչպես գիտենք, կազմված էր կուսակցական ներկայացուցիչներից:

Այսպիսով համագործակցությունը մեր իրականության մեջ քաղաքացիություն ստացավ ազգային խորհուրդների գոյությամբ: Եվ դա մինչ այն աստիճան, որ Կովկասյան վերջին անցքերի դասավորությամբ ազգային խորհուրդը վերջնականապես իրեն տեր ու տնօրեն հայտարարեց հայ իրականության՝ կառավարչական բացարձակ լիազորություններով: Մինչև որ ի վերջո, ազգային խորհուրդը, որպես գերագույն մարմին, կերպարանափոխվեց Հայաստանի Խորհրդարանի:

Ասել է, այս ձևով համագործակցության սկզբունքը, որպես նախորոշված մի ավանդ, փոխանցվեց նաև Հայաստանի Խորհրդարանին:

Այդ հիման վրա էր ահա, որ Դաշնակցության ներկայացուցիչ Քաջազնունին ստանձնելով պրեմիերի լիազորություններ դեռևս ազգային խորհրդից, պարտք համարեց, առաջին իսկ քայլից, իրականացնելու կոալիցիոն մինիստրությունը, որպես տրամաբանական հետևողություն ստեղծված դրության:

Սակայն Քաջազնունու աշխատանքները, ինչպես հայտնի է, ձգձգվեց ֆրակցիաների կողմից և մատնվեց անհաջողության: Ֆրակցիաները կոալիցիոն մինիստրության սկզբունքը տապալեցին և Քաջազնունին նոր լիազորություն ստացավ կազմելու մինիստրությունը պերսոնել սկզբունքով, որի հետևանքն է ահա այսօրվա մինիստրության կազմը:

Ինչպես տեսնում եք, կոալիցիոն մինիստրության տապալողները եղել են հենց այն ֆրակցիաները, որոնք այսօր հարց են բարձրացնում ստեղծել կոալիցիոն մինիստրություն:

Մենք ևս գտնում ենք, որ թվական այն փոխհարաբերությունը, որ ներկայացնում են տարբեր կուսակցությունները Հայաստանի Խորհրդարանում, չէ կարող ապահովել ո՛չ միատարր և ոչ էլ պերսոնել ձևով ընտրված մինիստրությունը: Ամեն րոպե, արհեստականորեն դրություններ կարող են ստեղծվել, որոնք առիթ կարող են դառնալ անվստահության դեպի այս կամ այն մինիստրությունը, անկախ նրա գործունեությունից և կարողությունից:

Այս տարօրինակ կացությանը վերջ տալու միակ ելքը մնում է կոալիցիոն մինիստրություն ստեղծել մինչև սահմանադիր ժողովը, որպեսզի ընդմիշտ վերջ տրվի այն անմիտ ու աննպատակ մրցության, այլ և այլ միտինգային ու այլասեռ ձևին, որ փեշակ են դարձրել Խորհրդարանում հակառակորդ ֆրակցիաների մի քանի պատգամավորները:

Կոալիցիոն մինիստրության շուրջը եղած նոր աշխատանքները թե ինչ ելքի կհանգեն, նախօրոք գուշակել մենք չենք կարող. կասենք մի բան միայն, որ եթե իրոք, գեթ այս անգամ, աջակողմյան և ձախակողմյան ֆրակցիաները գիտակցում են իրենց պատասխանատու հանդեպ հայ ժողովրդի տառապանքների և անկեղծորեն լծվել են ցանկանում ծանծաղատու մխրճված հայ պետական նավին, մենք միայն ողջունել կարող ենք, քանի որ դա եղած է Դաշնակցության ցանկությունն ու փոքրամասնության անկապտելի իրավունքը, որից մինչև օրս կամովին հրաժարվել են: Իսկ եթե դա մի նոր խաղ է հարվածելու ներկա կառավարության, վերջինիս միջոցով էլ մեր ապաբախտ ժողովրդի, այդ դեպքում մի ավելորդ անգամ ևս հաստատած կլինեն այն վաղեմի ճշմարտությունը, որ մեր հակառակորդների համար խոսքն ու գործը դեռևս մնացած են հակառակ բևեռներ, իսկ հայ ժողովրդի շահերին ծառայելը՝ նրանց համար խաբեական միջոցներ…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives