March 31, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Կառավարական հաղորդագրություն Ալեքսանդրապոլի դեպքերի մասին

Կառավարական հաղորդագրություն Ալեքսանդրապոլի դեպքերի մասին

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Հառաջ, Երևան

Յառաջ, 14 մայիսի, 1920թ., թիվ 99

Հայաստանը, իբրև լայն դեմոկրատիկ հանրապետություն, իր գոյության հենց առաջին օրից սկսած, ազատ օրրան է դարձել բոլոր քաղաքական հոսանքների, որոնց մեջ և բոլշևիկների համար։ Այն ժամանակ, երբ բոլշևիկներն ուրիշ երկրներում խիստ հալածանքի էին ենթարկվում և տեղ չէին գտնում հանգիստ առնելու, Հայաստանը անարգել ընդունում էր նրանց և թույլ էր տալիս, որ պաշտոններ ստանձնեն թե պետական և թե հասարակական հիմնարկությունների մեջ։ Հայաստանի կառավարությունը հավատում էր, որ բոլշևիկներն էլ տեսնում են մեր երկրի առանձնահատուկ պայմանները և ի չարը չեն գործադրի իրենց ցույց տրված հյուրընկալությունը։ Բոլշևիկ ղեկավարներն իրենք էլ մեկից ավելի անգամներ հավաստիացրել են կառավարությանը, որ Հայաստանում իրենք ոչ մի գործնական քայլ չեն անելու, որ իրենք ընբռնում են Հայաստանի արտակարգ վիճակը և թույլ չեն տա իրենց ընկերներին որևէ խլրտում առաջ բերել, որ իրենք դատապարտում են ամեն մի շարժում, որ կարող է վտանգել Հայաստանի սահմանները կամ կդժվարացնե ամերիկյան ալյուրի առաքումը, որ իրենք ազնիվ խոսք են տալիս Հայաստանում քաղաքական աշխատանք չկատարել։

Սակայն կարմիր բանակի հաջողությունները գեն. Դենիկինի զորքերի դեմ Ռուսաստանում խախտեցին և Հայաստանի բոլշևիկների հավասարակշռությունը. նրանք դրժեցին իրենց ազնիվ խոսքը և մոռացան հայ աշխատավորության ամենակենսական շահերը։ Ստանալով դրսից խոշոր գումարներ՝ նրանք սկսեցին հակապետական շարժումներ առաջ բերել, գլխավորապես, երկաթուղու վրա, դրանով վնասելով Հայաստանի ամենակենսական շահերին, և կառավարությունը ստիպված եղավ նրանց վերաբերմամբ ձեռք առնել խիստ միջոցներ ու մի քանիսին ձերբակալել ու աքսորել երկրից։

Ադրբեջանի հեղաշրջումից հետո բոլշևիկների անդրկովկասյան կոմիտեն որոշել է հեղաշրջում առաջ բերել նաև Վրաստանում ու Հայաստանում։ Այդ նպատակով դրսից Հայաստան են եկել գործակալներ՝ խոշոր գումարներով։ Մայիսի մեկը նրանք նշանակել են իրենց դիտավորությունն իրագործելու օր, բայց Հայաստանի կազմակերպված աշխատավորության և կառավարության ձեռք առած միջոցներով՝ նրանց ծրագիրը վիժեց։ Միայն Ալեքսանդրապոլում մի խումբ ստահակներ հակապետական ցույցեր են արել և կամեցել են բանտի վրա հարձակվել, բայց հաջողություն չեն ունեցել։

Նույն մայիսի 1-ին Հայաստանի կառավարությունը ստանում է Ադրբեջանի կարմիր կառավարությունից գռեհիկ վերջնագիր, որով պահանջվում էր երեք օրվա ընթացքում պարպել Ղարաբաղն ու Զանգեզուրը. ադրբեջանական զորքերը մտադիր էին միանալ Մուստաֆա փաշա Քեմալի զորքերի հետ։ Այս հեռագիրը Հայաստանի բոլոր մասերում առաջ բերեց անօրինակ զայրույթ և հայ աշխատավորությունը պահանջեց կառավարությունից հետ շպրտել Ադրբեջանի վերջնագիրը։ Կառավարությունը վճռականորեն մերժելով Ադրբեջանի նոր վարիչների պահանջները՝ ձեռք առավ միջոցներ՝ ամրացնելու և պաշտպանելու պետության սահմանները։ Բանակի հրամանատարի հրահանգով Ալեքսանդրապոլից Երևան կանչվեց նաև Վարդան Զորավար զրահապատ գնացքը՝ ճակատն ուղարկելու նպատակով, սակայն գնացքի պետ, կապիտան Մուսայելյանը չկատարեց իրեն տրված զինվորական հրամանը և մնաց Ալեքսանդրապոլում, ուր մայիսի 4-ին բռնություն գոծադրեց Երևանից Թիֆլիս մեկնող ամերիկացիների վրա։

Զինվորական իշխանության երկրորդ հրամանը կապիտան Մուսայելյանը նույնպես չկատարեց ու իրեն հայտարարեց խորհրդային իշխանության կողմնակից և իր շուրջը հավաքած մի քանի բախտախնդիրներից կազմելով հեղափոխական կոմիտե՝ պահանջեց որ իրեն հանձնվի Հայաստանի իշխանությունը։ Այդ կոմիտեի մեջ մտել են ինքը՝ Մուսայելյանը, զինվորական կոմիսար տիտղոսով, Ավիս Նուրիջանյանը՝ արտաքին գործոց կոմիսարի, պառլամենտի անդամ Արտաշես Մելքոնյանը՝ ներքին գործոց կոմիսարի։ Այդ ինքն իրեն հեղափոխական կոմիտե հորջորջող խմբակը սպառնալիքով իր կողմն է քաշել քաղաքի զորքերի մի մասը և դիմել է Հայաստանի մյուս մասերի պաշտոնեությանն ու զորքին՝ հրավիրելով միանալ իր հետ, բայց ամեն կողմից թե զորքը, թե պաշտոնեությունը, թե հասարակությունը զայրույթով ու վրդովումով մերժել են այդ առաջարկը։ Տեսնելով, որ ժողովուրդը իր հետ չէ, դավաճանների այդ խումբը կտրել է երկաթուղային և հեռագրական հաղորդակցությունը դրսի հետ և բրոնևիկի թնդանոթների սպառնալիքով գրավել է կայարանը։

Մուսայելյանի և իր ընկերների այդ խելացնոր քայլը աղետավոր հետևանքներ է ունենում հայ ժողովրդի համար. կառավարությունն արդեն ստացել է նախազգուշացում գնդ. Հասկելից և վրաց կառավարությունից, որ եթե Հայաստանում բոլշևիկյան շարժումները չդադարեն, Հայաստանի համար Բաթում հասած 380000 փութ ալյուրը և ուրիշ մթերքներ չեն ուղարկվի։ Հայաստանի համար Բաթումում գնված ծծումբը և երկրագործական գործիքները կանգնեցված են, չեն ուղարկվում նաև Վրաստանի սահմաններում գտնվող 60 վագոն մթերքները։ Նույն շարժումների հետևանքով  ամերիկացիք այլևս հրաժարվում են տալ խոստացված 1000 լծկանը, որոնց գնումն արդեն ձեռնարկված էր և որոնք պետք է բաժանվեին գաղթականներին։ Ամերիկյան կոմիտեն սկսել է կրճատել իր որբանոցները և տեղ-տեղ արդեն արձակել է հարյուրավոր որբեր։

Երկաթուղային հաղորդակցության ընդհատումի պատճառով՝ գյուղատնտեսության նախարարությունն այլևս անկարող է Շիրակի, Ղարսի, Սարիղամիշի և այլ շրջանների համար սերմացու հասցնել, ոչ էլ Ղարսում գնված լծկանները տեղափոխել։

Եվ իբրև բնական հետևանք այս ամենի, մեծապես վնասվում է մեր երկրի տնտեսական կյանքը, խանգարվում են աշխատանքները և սովամահության դեպքերն ավելի ու ավելի շատանում են։

Բոլշևիկները դիտմամբ բաց չեն թողնում վագոնները և սաստկացնում են սովը, որ քաղցից գրգռված ժողովուրդն ըմբոստանա կառավարության դեմ։ Միևնույն ժամանակ նրանք դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով, որ օգնություն հասցնի Հայաստանի բոլշևիկներին։

Հայաստանի կառավարությունը կամենալով երկիրը ազատել նոր ցնցումներից, ամեն կերպ աշխատեց ցույց տալ Մուսայելյանին և իր գործակիցներին, թե ինչ սարսափելի խորխորատի մեջ են ուզում գցել նրանք Հայաստանը, և հորդորեց հետ կենալ կործանարար ճանապարհից, սակայն բոլոր ջանքերն անցան ապարդյուն։ Հուսալով, որ իրենց օգնության կգան Ադրբեջանի և Ռուսաստանի բոլշևիկները, Մուսայելյան-Նուրիջանյան-Մելքոնյան խմբակը շարունակում է բրոնևիկով ահաբեկել Ալեքսանդրապոլի ժողովուրդը և անիշխանությունն ու խռովությունը տարածել ամեն կողմ։

Դավաճանների համար արժեք չէ ունեցել նաև քաղաքի ազգաբնակության բազմահազար միտինգի պահանջը՝ ժողովրդական ցասումից և դատաստանից ազատ լինելու համար անմիջապես վերջ դնել սկսված արկածախնդրության։ Եվ ըստ երևույթին, նրանց հույսերը որոշ հիմքեր ունեին, որովհետև ադրբեջանական զինված ուժերն ու գործակալները արդեն ամեն կողմ սկսել են եռանդուն գործունեություն ցույց տալ, իսկ տաճիկների Էրզրումի բանակի հրամանատար Կարաբեքիր Քյազիմ փաշան կարգադրել է յուր ուժերին շարժվել դեպի Հայաստանի սահմանները։ Հայ ժողովրդի գոյության այս ահավոր վայրկյանին Հայաստանի կառավարությունը քաջ գիտակցում է իր դերն ու պատասխանատվությունը և հենված հայ աշխատավորության միահամուռ կամքի վրա, ձեռքն է առել կտրուկ միջոցներ՝ ճնշելու համար Ալեքսանդրապոլի խռովարարներին, վերականգնելու խանգարված կյանքը։ Հայաստանի ամեն կողմերից և հասարակության բոլոր խավերից տեղացող անհաշիվ հեռագիրներն ու բանաձևերը ցույց են տալիս, որ կառավարության վարած քաղաքականությունը ամբողջապես համապատասխանում է երկրի իրական շահերին։ Հայաստանի կառավարությունը, ինչպես միշտ, այսօր էլ նույն հետևողականությամբ կշարունակե պաշտպանել Միացյալ և անկախ Հայաստանի իրականացման գործը ու դեմոկրատիկ կարգերի ամրապնդումը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives