October 20, 2020

Խաղաղության հասնել հաղթանակած

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Պաշտպանության նախարարի մամլո ասուլիս

«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321)

Շաբաթ օրը կայացավ Վազգեն Մանուկյանի՝ իշխանության ոլորտ վերադառնալուց ի վեր երկրորդ ասուլիսը՝ այս անգամ իբրև պաշտպանության նախարար: Հենց սկզբում նա հայտարարեց: «Բացահայտ փաստ է, որ այսօր Հայաստանը պատերազմի մեջ է: Ես տարբերություն չեմ տեսնում Նոյեմբերյանի սահմանում և Արցախում կատարվող դեպքերի միջև: Դա հայության նույն տարածքն է»: Ուշադրության էր արժանի նաև պաշտպանության նախարարի այն միտքը, որ պատերազմը վարելիս անհրաժեշտ է մտածել ոչ թե խաղաղության, այլ հաղթանակի մասին, ինչը, այսօր շատ անհրաժեշտ է: Նա ավելացրեց, սակայն որ Հայաստանը պատերազմի մեջ օգտագործում է իր հնարավորությունների (որոնք շատ մեծ են.- Վ.Մ.) շատ փոքր մասը:

Նախարարը խոսեց նաև բանակի կառուցման խնդիրների մասին՝ նշելով, որ արդեն կա մեխանիզմ, ըստ որի կամավորական զինված ջոկատները պետք է լուծարվեն և մտնեն կանոնավոր բանակի կազմի մեջ: Այդ ծառայությունը կլինի վճարովի, այսինքն՝ դրվում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման հիմքը: Միաժամանակ բանակ կզորակոչվեն նաև 18 տարեկանները: Սակայն նախարարը դեմ  արտահայտեց նրանց ադրբեջանական տարբերակով օգտագործելուն՝ գտնելով, որ նորակոչիկը ռազմաճակատ կարող է ուղարկվել միայն երկարատև պատրաստություն անցնելուց հետո: Այդ գործը պետք է ղեկավարեն այն մարտիկները, ովքեր մի քանի տարվա ռազմական փորձ ունեն:

Այն հարցին, թե ինչպես է անդրադառնում այսօր Հայաստանում տիրող մթնոլորտը և, մասնավորապես, «բլեյանիզմ» որակավորված երևույթը զինվորների հոգեբանության վրա, նախարարը պատասխանեց: «Բոլոր պետություններում պատերազմի ժամանակ պարտության մասին խոսելը քրեորեն պատժելի արարք է համարվում՝ ընդհուպ մինչ գնդակահարություն, չնայած միշտ գտնվում են մտավորականներ, ովքեր իրենց թույլ են տալիս նման բաներ: Այդպիսիք կարող էին լինել Հովհաննես Թումանյանը, Էյնշտեյնը»: Բայց ո՞վ է Աշոտ Բլեյանը: Եթե մարդ ինչ-որ բան ասում է, մեծ նշանակություն ունի ոչ միայն ասածը, այլ նաև նրա ապրած նախորդ կյանքը: Բոլոր դեպքերում ես կողմ եմ նման արարքների քրեորեն դատապարտմանը»: Վ. Մանուկյանը մերժեց նաև Բլեյանի այն միտքը, թե ինքը վարվել է ՀՀՇ գաղափարախոսության համաձայն՝ նշելով, որ Բլեյանը չգիտի, թե ինչ բան է ՀՀՇ գաղափարախոսությունը:

Խոսելով վրա հասած ձմռան և դրա հետ կապված դժվարություններ մասին՝ նախարարը շեշտեց, որ կառավարությունը իր նախարարության բոլոր պահանջները բավարարում է առաջին հերթին. բանակը ձմռանը ապահովված կլինի և տաք հագուստով, և օրական 850 գրամ  հացի չափաբաժնով, և ջեռուցմամբ ու լույսով՝ անկախ ամեն ինչից:

Հարց եղավ նաև ՆԳ նախարարության կողմից պաշտպանության նախարարության համար հավաքած դրամի մասին: Վազգեն Մանուկյանը ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն ՆԳՆ-ից դրամատուն տեղափոխելու վերաբերյալ՝ նշելով նաև, որ այդ գումարը շատ քիչ է նույնիսկ զինվորականների աշխատավարձ ստանալու համար, և դրամն էլ հավաքվել է ո՛չ այդ նպատակով:

Ռազմարդյունաբերական համալիրի մասին հարցին նախարարը պատասխանեց, որ ինքը քայքայման եզրին գտնվող այդ ասպարեզի վերաբերյալ լուրջ ծրագրեր ունեն և առաջիկայում կաշխատեն շտկել դրությունը, սակայն զարմանք հայտնեց այն առիթվ, թե համալիր որոշ արտադրություններ սեփականաշնորհում են (բոլորին է հայտնի մերգելյանցիների բողոքի ալիքը. խմբագրությունը նամակներ է ստանում, որ այդ կարգի գործարարները վերապրոֆիլավորում են, օրինակ՝ տրոլեյբուսի գործարանի և այլն):

Հակաօդային պաշտպանության և օդուժի մասին խոսելով՝ նախարարն ասաց, որ ռուսական զորքերը Հայաստանին են հանձնել հակաօդային պաշտպանության զորամասերը, որոնք, սակայն, դեռ չունեն ցանկալի մակարդակ, իսկ օդուժի մասին սահմանափակվեց միայն դիվանագիտական պատասխանով՝ ասելով, թե հայաստանում ավիացիայի ստորաբաժանում կա՛:

Հարցերը շատ էին և շոշափում էին պաշտպանությանն առնչվող բազմաթիվ պրոբլեմներ. սահմանների ամրացում, վիրավոր զինվորների բուժում, ռազմական ուսուցում, ազգային անվտանգության վարչության դերը: Ի պատիվ նախարարի հարկ է նշել, որ նա չփորձեց խուսանավել, շրջանցել հարցերը: Եվ մի շատ կարևոր հանգամանք. Վազգեն Մանուկյանը, հակառակ իշխանությունների վարած քաղաքականությանը, բարձրաձայն հայտարարեց, որ մենք իսկապես գտնվում ենք  պատերազմական  վիճակում՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, և հստակ արտահայտեց  իր դիրքորոշումը. իրական խաղաղության հասնել հնարավոր է միմիայն հաղթանակի դեպքում, իսկ հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ բոլորը համոզվեն, որ հայերը ցանկանում են ապրել իրենց տարածքում և կարողանում են այն պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:

Այս փաստը ողջունելի է թեկուզ այն պատճառով, որ կարող է դրական ազդեցություն ունենալ թե՛ ժողովրդի, թե զինվորների հոգեբարոյական վիճակի վրա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives