October 16, 2024

Լոռվա դեպքերը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 20 դեկտեմբերի, 1918թ., թիվ 82

(Պաշտոնական հաղորդագրություն)

Զորամասի պետի հրամանի համաձայն հաղորդում եմ դեկտ. 17-ի բյուլետենը հասարակությանը տեղեկացնելու համար:

Մեր զորքերը շարունակում են հաջողությամբ առաջ շարժվել: Դեկտ. 16-ին գնդապետ Կորոլկովի Այրումի զորամասը, համառ կռվից հետո, ջարդեց վրաց մի էշելոն, որ գալիս էր Թիֆլիսից: Գերի է առնված 12 սպա, որոնց մեջ և գնդապետ Վաչնաձեն, և 300 զինվոր: Սպանվածներն ու վիրավորները 300-ից ավելի են: Մեր կորուստներն են. սպանված է ձիավոր խառն գնդի հրամանատար Տեր-Պողոսյանը և մի զինվոր, վիրավորվել են 7 զինվորներ:

Դեկտ. 13-16-ին տեղի ունեցած կռիվների ընթացքում գերի է առնված ընդամենը 17 սպա և 420 զինվոր: Պատերազմական ավարն է՝ 6 թնդանոթ, որից երկուսը Ուզունլարի մոտ ձորն է նետված, 8 գնդացիր, 31 հրացան, 34 արկղ ռումբ, մի շոգեշարժ մեքենա, 60 վագոն, 250 ձի, մեկ զրահապատ գնացք և շատ հագուստ ու ռազմամթերք: Վրացիների հետապնդումը շարունակվում է: Լույս 17-ի գիշերը Ախթալա-Այրում ճանապարհի վրա մի քանի գրոհներից հետո գնդապետ Նեստերովսկին ջարդեց վրացական մի զորամաս և գերի առավ 2 զրահապատ գնացք: Մանրամասնությունները պարզվում են:

* * *

Մինչև դեկտեմբերի 16-ը, հակառակորդի ուժերի դասավորությունը հետևյալ ձևով է եղել. Դրոյի զորաբանակի դեմ գործել են՝ Թիֆլիսի նահանգական բատալիոնը, երկրորդ սահմանապահ գունդը կամ զորաբանակը, 5-րդ գնդի մի մասը, 2-րդ առանձին հեծյալ հարյուրյակը, 3 զրահապատ գնացք, որից մեկը խորտակվեց, 4 բատարեա, որից մեկը գաուբիցային և կարմիր գվարդիական բանդաներ: Ալեքսանդրապոլյան զորաբանակի դեմ՝ Տրոիցկի ռայոնում՝ 1 հրացանաձիգ գունդը 4 թնդանոթով և դեռևս չստուգված տեղեկությունների համաձայն, Ախալքալաքում 4-րդ հրացանաձիգ գունդը:

* * *

Ախթալայի կռվում դեկտեմբերի 17-ի գիշերը մերոնց խիզախ հարձակումով, որի միջոցին աչքի ընկան կապիտան Թարվերդյանն ու շտաբս-ռոտմիստր Փիրումյանը, բոլորովին ջարդված են վրացական 5-րդ և 6-րդ գնդերի մասերը, և նահանգական պահակային բատալիոնը: Գերի է բռնված 2 զրահապատ գնացք, 2 գաուբից, 2 դաշտային թնդանոթ և 25 գնդացիր: Հուսահատ ու համառ դիմադրություն են ցույց տալիս վրացիները, որոնք ունեցան հսկայական կորուստներ: Ճիշտ տեղեկություններ Դրոյի կալոննաների դասավորության մասին չկան, կա միայն տեղեկություն Չոչկանի, Բարդաձորի և Խոժոռնիի գրավման մասին: Ախալքալաքյան, Դիլիջանյան և Երևանյան զորաբանակներում փոփոխություններ չկան:

Ամեն կողմից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ բարձր է տրամադրությունը այն հայերի, որոնք շտապում են մտնել զորքի շարքը:

* * *

Դեկտեմբերի 16-ի երեկոյան տեղի ունեցավ Հայաստանի Խորհրդարանի արտակարգ նիստը կապիտան Գրինի առաջարկության առթիվ: Կառավարության նախագահ ընկ. Հ. Քաջազնունին մանրամասն զեկուցում արավ հայ-վրացական ընդհարումների ընթացքի, կառավարության ձեռք առած միջոցների և կապիտան Գրինի առաջարկի մասին: Զեկուցման ժամանակ ներս մտավ ֆրանսիական ներկայացուցիչ կապիտան Պուադեբարը. պատգամավորներն ու հասարակությունը ընդունեց նրան հոտնկայս, բուռն ծափահարություններով:

Խորհրդարանի նախագահ ընկ. Ա. Սահակյանը ողջույնի խոսք ուղղեց հյուրին և իր դեմս նրա, ֆրանսիական ու Համաձայնության մյուս պետությունների ժողովուրդներին: Կապ. Պուադեբարը պատասխանեց զգացված խոսքերով, հայերեն լեզվով:

Դաշնակցական ֆրակցիայի առաջարկությամբ որոշվեց ողջույնի հեռագիր ուղղել Հայաստանի Խորհրդարանի կողմից ֆրանսիական ժողովրդին ի դեմս Խորհրդարանի: Պատերազմի դաշտում ընկած հայ զինվորների հիշատակը հոտնկայս հարգելով, Խորհրդարանը որոշեց ողջունել հեռագրով Հայաստանի ամբողջությունը պաշտպանող հայ զորքին:

Ապա Խորհրդարանը քննության առնելով ստեղծված կացությունը, ընդունեց դաշնակցական ֆրակցիայի հետևյալ բանաձևը:

Լսելով կառավարության ձեռք առած միջոցները Ախալքալաքի և Բորչալուի շրջաններից վրաց զորքերը հեռացնելու և Բորչալուի հայ ազգաբնակությունը վրաց զորքի բռնություններից ազատելու մասին՝ Խորհրդարանը հավանություն է տալիս կատարված քայլերին:

Ապա միշտ կողմնակից լինելով հայ-վրացական վեճերը խաղաղ ճանապարհով լուծելուն և սկզբունքով համաձայն լինելով կապիտան Գրինի առաջարկին՝ Հայաստանի խորհրդարանը անհնարին է համարում մեր զորքերի հեռացումը մինչև որ չերաշխավորվի Հայաստանի անվիճալի մասը կազմող Բորչալուի հայկական բաժնի և Ախալքալաքի գավառի ապահովությունը վրաց զորքից:

Խորհրդարանը հրահանգում է կառավարությանը՝ այս հիմքերի վրա հատուկ պատվիրակության միջոցով բանակցություններ վարել կապիտան Գրինի և եթե հարկ լինի, նաև Վրաստանի կառավարության հետ:

* * *

Հայաստանի կառավարությունը հեռագրել է կապիտան Գրինին, թե ինքը համաձայն է ընդունել զինադադարի առաջարկը, եթե նույնը ընդունի և Վրաստանը: Կառավարության կողմից այսօր հատուկ պատվիրակություն է մեկնում Սանահին: Պատվիրակության կազմի մեջ են մտնում Ս. Խաչատրյան, Մ. Հարությունյան, Ս. Մամիկոնյան, Ա. Խոնդկարյան, և Գ. Տեր-Խաչատրյան: Իբրև խորհրդական, պատվիրակության հետ գնում է գեներալ Կորգանովը:

* * *

Վրաստանի արտաքին գործոց մինիստր Ե. Գեգեչկորին Լոռիի դեպքերի առթիվ հեռագրով դիմել է մեր կառավարությանը և առաջարկում է հետ քաշել մեր զորքերը և ընդունել արբիտրաժ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives