September 26, 2020

Իրադրությունը Արցախում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541)

Հոկտեմբերի լույս  2-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում էին մարտական գործողությունները Մարտակերտի շրջանի փաստորեն ճակատային ամբողջ գծի երկայնքով: Հրետանուց և «Գրադ» կայանքից միաժամանակ գնդակոծվում էին Կիչան և Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղերը:

Ինչպես հայտարարում է նորությունների ղարաբաղյան գործակալությունը, հոկտեմբերի 2-ի առավոտյան հակառակորդի բոլոր հարձակումները ետ են մղվել, օկուպացիոն կազմակերպությունները թողել են բռնազավթված Չլդրան գյուղի շրջակայքում իրենց ևս մի քանի դիրքեր:

Գիշերը Աղդամի շրջանում գտնվող  ադրբեջանական ռազմական բազաններից հեռահար հրետանուց և «Գրադ» կայանքներից գնդակոծել են Ասկերանի շրջկենտրոնը, Քարագլուխ և Փարուղ գյուղերը: Կան զգալի ավերվածություններ: Տեղի բնակիչներից մեկը զոհվել է, կան վիրավորներ:

Հոկտեմբերի 2-ի առավոտից Ֆիզուլու շրջանում տեղակայված «Գրադ» կայանքներից գնդակոծվել են Հադրութի շրջանի Էդիլու և Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղերը: Կեսօրվա տվյալներով գնդակոծությունը շարունակվում էր:

Ադրբեջանական բանակի խոշոր կազմավորումները հրետանու և տանկերի օժանդակությամբ Ամիրանլարի, Մուղանլուի և Կյուրոպակինոյի ռազմական բազաներից գիշերը հարձակում են ձեռնարկել, միաժամակ «գրադներից», զանգվածային գնդակոծման են ենթարկվել Մարտունու շրջկենտրոնի արվարձանները: Տուժածների թիվը ճշտվում է:

Հոկտեմբերի 2-ի կեսօրվա դրությամբ ադրբեջանական գրոհները լիովին ետ են մղվել ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատները պատասխան միջոցներ են ձեռնարկում ադրբեջանական վերոհիշյալ բազաների կրակակետերը ճնշելու համար: Հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը Քելբաջարի և Ղուբաթլիի շրջանների կողմից հրետանային ուժեղ կրակ է տեղացել Լաչինի մարդասիրական միջանցքի ուղղությամբ: ԼՂՀ ինքնապաշտպանական ջոկատները կանխել են Տիգիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կազմավորումների առաջանալու փորձերը: Ավտոմայրուղիով երթևեկությունը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստանում է մարդասիրական բեռները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives