July 27, 2024

Ժորդանիաների կամքը

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0

Զանգ, 13 դեկտեմբերի, 1918թ., թիվ 79

Խմբագրական

Անասելի ծանր փորձություններով լի պայմաններ են ստեղծվում Հայաստանի Հանրապետության համար: Տաճիկների հեռանալով՝ մեր պետության սահմանները լայնորեն ընդարձակվեցին: Նորանոր գավառների միացումը մեր երկրին անհրաժեշտ դարձրեց ներքին լարված աշխատանք, նոր գավառներում իրավակարգ, ամուր վարչություն և կարգ ու կանոն հաստատելու համար: Մեր պետության թե քաղաքացիական, թե զինվորական ուժերի խոշոր մասը կենտրոնացած է ներքին շինարարության վրա:

Այս հանգամանքից ահա փորձում են օգտվել արտաքին ուժերը, նրանք, որոնք իրենց էգոիստական ձգտումներին բավարարություն տալու համար Հայաստանը միշտ նկատել են իբրև այնպիսի մի երկիր, որից մասեր պոկելը, որի դեմ ոտնձգություններ գործելը ոչ միջազգային կարգերին է հակասում, ոչ դեմոկրատական սկզբունքներին և ոչ մարդկային խղճին: Այդ ուժերը, տեսնելով, որ Հայաստանի կառավարությունը կլանված է ներքին խնդիրներով, խփում են նրանք թիկունքից և էլ ավելի են խճճում հարաբերությունները հայ և վրացի դեմոկրատիաների մեջ:

Այս ասելով՝ մենք ի նկատի ունենք այն դեպքերը, որոնք տեղի են ունենում Ախալքալաքի և Լոռիի շրջաններում: Ախալքալաքի գավառում վրաց զինվորական իշխանությունը վերջնագիր է ներկայացրել հայկական զորամասին՝ պահանջելով թողնել Ախալքալաքի սահմանները: Հայ զինվորական ուժերը, բնականաբար, մերժել են, և վրաց զորքերը բաց են արել պատերազմական գործողություններ: Լոռիի շրջանում վրաց զորքերը գեներալ Ցուլուկիձեի հրամանով ռմբակոծում են հայկական գյուղերը: Ձևական պատճառաբանությունն այս քայլի համարվում է էկզեկուցիան, գյուղացիների կողմից թույլ տրված ինչ-որ մի արարքի համար, բայց, ըստ էության, վրացիները այս ֆրոնտում էլ դիմել են պատերազմական գործողությունների հայերի դեմ:

Ինչպիսի՞ զարգացում կունենա ծայր տված ցավալի դեպքերը, դժվար է նախատեսել, բայց մենք մի րոպե անգամ չենք կասկածում, որ Հայաստանի Հանրապետությունը կունենա իր մեջ բավականաչափ ուժ ու վճռականություն, պատվով պատասխանելու համար այն վրդովեցուցիչ քայլերին, որ Վրաստանի «դեմոկրատիկ» կառավարությունը թույլ է տալիս Հայաստանի նկատմամբ: Հայ դեմոկրատիան, որքան թուլացած ու բռնված ներքին հոգսերով, թույլ չի տա որևէ արտաքին ոտնձգություն իր հայրենիքի ազատության և ամբողջության դեմ, իր մեջ բարոյական ու ֆիզիկական զորություն կունենա դիմադրելու ժորդանիաների ու գեորգաձեների սանձարձակություններին:

Ախալքալաքից ու Բորչալուից արյան հոտ է գալիս. մենք կուզեինք, որ վրացի դեմոկրատիան գեթ վերջին պահին սթափվեր ու հասկանար, թե ինչպիսի ահավոր վիհի մեջ են գլորում նրան իր անպատասխանատու ղեկավարները:

Մենք կբաղձայինք, որ հայ ու վրացի աշխատավորները փոխանակ հրացանով միմյանց դիմավորելու, եղբայրորեն ձեռք մեկնեին իրար և խաղաղությամբ, առանց արյան լուծեին միմյանց հետ ունեցած վեճերը: Պատմական այս եզակի վայրկյանին մեր փափագն է տեսնել Վրաստանն ու Հայաստանը համերաշխ ու բարեկամ: Մենք կցանկանայինք, որ մեր երկիրն եկող դաշնակից պետությանց պատվիրակությունները մեզ տեսնեին մուրճն ու մաճը մեր ձեռքին և ոչ թե սուսերամերկ ու կրճտացող ատամներով միմյանց հոշոտելիս:

Մենք կուզեինք… Բայց մեզ պես չեն մտածում ժորդանիաներն ու Ռամիշվիլիները: Իրենց ազգայնական ցավագար երազներն իրագործելու նպատակով նրանք պատրաստ են նույնիսկ աշխատավոր, չարչարված ժողովրդի արյունը թափել և մեր կիսավեր երկիրը վերջնականապես քանդել: Նրանք կրակի հետ են խաղում, իսկ ուր կա կրակ, հրդեհն անխուսափելի է: Նրանք բանը հասցրին այնտեղ, որ ահա երկու դրկից ու բախտակից ազգեր իրար արյուն են թափում: Այդպես է ժորդանիաների կամքը. թող լինի, ինչ որ պիտի լինի:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives