July 27, 2024

Ժողովրդական աղետը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Մշակ, 21 հոկտեմբերի, 1917թ., թիվ 224

Մեր ժողովուրդը մեծ աղետի է ենթարկված գավառներում։ Ալան-թալանը, ավազակությունները, կողոպտումները մի կողմից, սովը, հագուստեղենի սոսկալի թանկությունը, դրամի անօրինակ էժանությունը մյուս կողմից ենթարկել են նրան մի ահռելի աղետի, որ պետք է քայքայի նրան բարոյապես ու ֆիզիկապես։ Այդ աղետը ստիպում է նրան գաղթել, թողնել սեփական հողը և գնալ որոնել օտար հողի վրա սնունդ։

Իրերի այդ դրության մեջ ումի՞ց պետք է ժողովուրդը փրկություն սպասե։ Արդյոք կառավարությունի՞ց։ Բայց սա անզոր է, չունի հեղինակություն, չունի միջոցներ և վերջապես կառավարության գլխավոր հոգսը պատերազմն է։ Արդյոք մեր հարուստների՞ց, կապիտալիստների՞ց։ Բայց սրանք ներկայումս համակված են անզուսպ տենչով՝ միլիոններ դիզելու, իսկ դրա համար նրանք քերթում են ժողովրդի կաշին։ Արդյոք հեղափոխական կուսակցությունների՞ց։ Բայց սրանք միայն իրար միս են կրծում և միայն լոզունգներ հայտարարում, անիրագործելի խոստումներ անում։

Ժողովուրդը իր հույսը իր վրա պետք է դնի, իր ինքնագործունեության վրա։ Ժողովրդական, դեմոկրատական և մանավանդ գյուղացիական շարքերը պետք է համախմբվեն, ամեն մի գավառում, գյուղական կենտրոնում կազմեն ընկերակցություններ, կոոպերատիվ հիմնարկություններ, ոչ կուսակցական, ապադասակարգային, բայց դեմոկրատական հողի վրա և իրանք սկսեն պայքար մղել չարչիների, հասարակական ցեցերի, բռունցքների, ագահների դեմ, որոնք շատ վայրերում, դիմակավորված՝ հեղափոխության շղարշով, պղտոր ջրի մեջ ձուկ են որսում, շահասիրության մեծ աղբյուր գտնելով հեղափոխության և ժողովրդի տգիտության մեջ։

Ամեն մի գավառում, քաղաքում, ավանում, նույնիսկ գյուղում, անկասկած, կգտնվեն մի քանի կամ մի-մի գիտակից, շիտակ, անկեղծ ժողովրդասեր ինտելիգենտ անձինք. թող նրանք գործի գլուխ կանգնեն, ժողովներ կազմեն, հասկացնեն գյուղացիներին իրերի դրությունը, դրդեն նրանց համախմբվել, կազմել ընկերակցություններ և ինքնագործունեությամբ, սեփական ուժերով կռվել վերահաս աղետի դեմ։

Ահա որտեղ իր ուժը, իր անձնվիրությունը, իր հեղափոխականությունը պետք է ցույց տա այն երիտասարդությունը, որ այսօր սիրում է խոսել սոցիալիզմի, հեղափոխության և այ լվեհ գաղափարների մասին։

Հ. Ա. (Համբարձում Առաքելյան)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives