October 20, 2020

Թուրքական ուլտիմատումը

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0

Մշակ, 31 մայիսի, 1918թ., թիվ 100

Հայոց Ազգային խորհուրդը կայացրել է իր որոշումը Թուրքիայի ուլտիմատումի մասին: Մնալով միայնակ ու մեկուսացած, ճիշտ մի մարդու նման, որի կոկորդին դեմ են անում դաշույնը, հայ ժողովուրդը, լքված, անօգնական, չունենալով ոչ մի կողմից փրկության որևէ հույս, ստիպված է զիջել ամեն բան, միայն իր վերջին ունեցածը՝ կյանքը փրկելու համար: Ուստի և Հայոց Ազգային խորհուրդը ստիպված էր զիջել և հայտարարել, որ ընդունում է ուլտիմատումը: Այդ նպատակով, մայիսի 29-ին, երեկոյան ժամը 8-ին պատգամավորներ Մ. Պաջաջանյան, Ալ. Խատիսյան և Հ. Քաջազնունի մեկնեցին Թիֆլիսից Բաթում, անելու այդ հայտարարությունը Խալիլ բեյին: Թուրքերի կամ թաթարների ազգային խորհուրդն ևս ընդունել է: Գալով վրաց ազգային խորհրդին — ինչպես հայտնի է՝ Վրաստանից պահանջվում է Ախալցխայի և Ախալքալակի գավառները — նա, ըստ երևույթին, մտադիր չէր ընդունել, հույս ունենալով, որ ապագայում, համաեվրոպական կոնգրեսի միջոցով կարող կլինի ետ ստանալ այդ գավառները, եթե թուրքերը ուժով գրավեն այժմ:

Իհարկե, հաստատապես չի կարելի ասել, թե ընդունելով ուլտիմատումը և կրելով այդպիսի զոհ՝ հայերը կազատվեն հետագա փորձանքներից, թե Թուրքիան չի շարունակի նորանոր պահանջներ անել: Բայց այն դեպքում, եթե նա կանգ առնե և այլևս նոր պահանջներ չներկայացնե, ի՞նչ պետք է անեն հայերը: Ենթադրություն և առաջարկ կա ոմանց կողմից, որ Հայոց Ազգային խորհուրդը հրատարակե մնացած հայկական գավառամասերը իբրև անկախ և դառնա կամ կազմե մի ժամանակավոր կառավարություն, կա կարծիք, որ ավելի լավ է համաձայնության գալ մեր հարևան թաթարների հետ և միանալ Ազրբեյջանի հետ, կա երրորդ կարծիք՝ թողնել այդ գավառամասերը իբրև նախկին Ռուսաստանի մասն:

Դեռ հայտնի չէ, թե ինչ որոշումն կկայացնե Ազգային Խորհուրդը, որ կսպասե, անշուշտ, Բաթումի լուրերին:

Առ այժմ գրեթե ընդհանուր կարծիք է, որ ստիպված լինելով փոխել մեր մինչև այժմ վարած քաղաքականությունը և ուղղությունը, պետք է այժմ ընդունել նոր քաղաքականություն և ուղի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ասպարեզից հեռանա այժմյան Ազգային խորհուրդը կամ նա չունենա այլևս այն կազմը, որ ունի այժմ, այն է «դաշնակցական» մեծամասնություն: Այս պրոպագանդան մղում է Հայ Ժողովրդական կուսակցությունը, և նրան համակրում են հասարակական լայն խավեր և հոսանքներ: Այդպիսի մի որոշում արդեն կայացրեց մայիսի 26-ին մի մեծ ներկայացուցչական ժողով: Այդ ուղղությամբ այժմ բանակցություններ են վարվում Ազգային Խորհրդի հետ, և հույս կա, որ դաշնակցականներն իրենք, զգալով րոպեի լրջությունը և վտանգավորությունը, համակերպվեն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives