July 27, 2024

Թուրգուտ Օզալը Մոսկվայում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 13 մարտի, 1991թ., թիվ 8

Բարեկամության և համագործակցության խորհրդա-թուրքական նոր պայմանագիր

Մարտի 11-ին պրեզիդենտ Թուրգուտ Օզալը Միխայիլ Գորբաչովի հրավերով ժամանեց Մոսկվա։ Նրա հետ միասին պաշտոնական այցով Մոսկվա ժամանեցին պետական նախարար Գյունե Թաները, արտաքին գործոց նախարար Ահմեթ Աքթեմուչինը, մշակույթի նախարար Նամըկ Քեմալ Զեյբեկը, այլ պաշտոնական անձինք, մամուլի և գործարար շրջանների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Ինչպես հաղորդում է թուրքական հեռուստատեսությունը, մեկնելուց առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում Թուրգուտ Օզալը շեշտել է, որ պաշտոնական այցը զուգադիպում է 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված խորհրդա-թուրքական պայմանագրի 70-ամյակին։ Նա ասել է, որ Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի Ֆեդերացիայի Գերագույն խորհրդի նախագահ Բորիս Ելցինի հետ, այնուհետև մեկնելու է Ուկրաինա, Ադրբեջան և Ղազախստան։

Թուրգուտ Օզալ

Թուրգուտ Օզալին Անկարայի օդանավակայան ուղեկցել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քայա Էրդեմը, վարչապետ Յըլդըրըմ Աքբուլութը և այլ պաշտոնական անձինք։

Ըստ թուրքական հեռուստատեսության առաջին ծրագրի, թռիչքի ժամանակ, ինքնաթիռի մեջ պատասխանելով լրագրողների հարցերին, Օզալը հայտնել է, որ անցյալ շաբաթ Անկարայում են եղել Հյուսիսային Իրաքի քրդական շարժման առաջնորդ Ջալալ Թալաբանին և Մասութ Բարզանիի ներկայացուցիչը։ Նա ասել է, որ փոխհարաբերությունների մեջ են նաև Իրաքի թուրքմենների հետ, նշելով, որ Թուրքիան ուշի ուշով հետևում է Իրաքում իրադարձությունների զարգացմանը և քուրդ առաջնորդների հետ բանակցությունները երկրում ոչ ոքի անհանգստություն չպետք է պատճառեն։

Մարտի 11-ին Թուրգուտ Օզալը հանդիպեց Միխայիլ Գորբաչովի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմանի փոխհարաբերությունների, Պարսից ծոցի ճգնաժամի, շրջանի և Սևծովյան համագործակցության նախագծի հետ առնչվող հարցեր։

Թուրքական հեռուստատեսությունը գոհունակությամբ հայտնեց, որ բանակցությունների առաջին փուլը, որը ավարտվել է մարտի 11-ին, անցել է փոխըմբռնման պայմաններում և կողմերի միջև համաձայնություն է կայացել քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ։ Նույն օրը երեկոյան Օզալն ընդունել է թուրք-մեսխեթների ներկայացուցիչներին, որոնք պրեզիդենտին հայտնել են մշտական բնակության համար Թուրքիա ներգաղթելու իրենց ցանկությունը։

Թուրգուտ Օզալը մարտի 12-ին հանդիպում է ունեցել Բորիս Ելցինի հետ։ Նկատի ունենալով Գորբաչով-Ելցին հակամարտությունը, կարող ենք ասել, որ Մ. Գորբաչովի հրավերով Մոսկվայում գտնվող Օզալի Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպելու նախաձեռնությունը դառնում է բավականին ուշագրավ։ Նշենք, որ սա պրեզիդենտի մակարդակով Բորիս Ելցինի առաջին հանդիպումն է Մոսկվայում։ Ուշագրավ է Մոսկվա կատարած այցի ժամանակ Խորհրդային հանրապետությունների՝ Ուկրաինայի, Ադրբեջանի և Ղազախստանի հետ ուղղակի կապեր հաստատելու Օզալի պատրաստակամությունը։

Թուրգուտ Օզալը պաշտոնական երկրորդ այցելությունն է կատարում Մոսկվա։ Առաջինը կայացել է 1986թ. և այն, ինչպես նշում է «Հուրիեթ»-ի փետրվարի 22-ի համարում թերթի քաղաքական մեկնաբան Էրթուղրուլ Օզքյոքը, անցել էր բավականին «տհաճ մթնոլորտում»։ Օզքյոքի կարծիքով, Գորբաչովը խուսափելով վարչապետի պաշտոնով Մոսկվա ժամանած Օզալի հետ հանդիպումից՝ թռել էր Վլադիվոստոկ։ Սակայն ժամանակի հետ խորհրդա-թուրքական հարաբերությունները անչափ բարելավվում են։ Հեռախոսով Օզալը հաճախ կապվում է Գորբաչովի հետ, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության օգնությամբ կատարվում են կարևոր քայլեր։

Օզքյոքը ընդունելով հանդերձ, որ խորհրդա-թուրքական հարաբերությունները երբեք այնքան ջերմ չեն եղել, ինչպես հիմա, իր անհանգստությունն էր հայտնում Պարսից ծոցի ճգնաժամի առթիվ։ Խոսքը վերաբերում էր Գորբաչովի խաղաղության ծրագրին։ Փետրվարի 20-ին, Մոսկվան ծրագրի բովանդակության մասին տեղյակ էր պահել ԱՄՆ-ին, Անգլիային, Ֆրանսիային, Իտալիային և հարևան երկրներից Իրանին։ Իսկ փետրվարի 21-ին ԽՍՀՄ-ի մամուլի քարտուղար Վիտալի Իգնատենկոն պատասխանելով այն հարցին, թե Թուրքիային ինչո՞ւ տեղյակ չի պահվել, ասել էր. «Մեր հարևանների թիվը բավականին մեծ է։ Բացի դրանից՝ Իրանը ճգնաժամի առաջին իսկ օրից հանդես էր գալիս միջնորդի դերում և դրական քայլեր կատարում կոնֆլիկտի ուղղությամբ»։ Ինչ խոսք, Իգնատենկոյի հայտարարությունը Անկարային դուր չէր եկել, և Օզալը, խոսելով պրեզիդենտ Բուշի կողմից գորբաչովյան ծրագրի մերժման մասին, հայտարարել էր, թե «ԱՄՆ-ի վերջնական հաղթանակը ցանկալի չէ Խորհրդային Միության համար»։

«Հուրիեթի» քաղաքական մեկնաբան Էրթուղրուլ Օզքյոքը, նույն թերթի մարտի 1-ի համարում մի անգամ ևս անդրադարձավ Օզալի այցին Մոսկվա։ Պարզվում է, նախնական ծրագրի համաձայն Օզալի այցը սահմանափակվում էր Մոսկվայով։ Միայն վերջին պահին ծրագիրը ընդարձակվում և իր մեջ ընդգրկում է Ալմա-Աթան, Բաքուն և Կիևը։ Այս առիթով Օզքյոքը նշում է, որ կատարված ընտրությունը բավականին գրավիչ է։ Վերջին ժամանակներում Օզալը իր ելույթներում ամենևին չի թաքցրել Թուրքիայի կողմից Խորհրդային Միության մահմեդական հանրապետությունների հանդեպ հետզհետե աճող հետաքրքրությունը։ Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ թվալ. չէ՞ որ Մոսկվան միշտ զգայուն է եղել այս հարցերի, իսկ հիմա հանդուրժողականությամբ է վերաբերվում։ Համենայնդեպս, Օզալի ելույթների առթիվ Մոսկվայի կողմից բողոքի որևէ նշան չի նկատվել։ Նման մոտեցումը Օզքյոքի կողմից բացատրվում է հետևյալ կերպ.

«Իրանի իսլամական հեղափոխությունը ինչպես այլ երկրներում, այնպես էլ Խորհրդային Միության մահմեդական հանրապետություններում որոշակի ազդեցություն ունեցավ։ Օգտվելով տվյալ հանրապետություններին ընձեռված Մոսկվայից անկախ գործելու հնարավորությունից՝ Իրանը զարկ տվեց իր ազդեցությունը տարածելու փորձերին։ Օրինակ՝ երբ Ադրբեջանում բուռն կերպով քննարկվում էր կիրիլյան այբուբենից հրաժարվելու հարցը, Իրանը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի այն փոխարինվի արաբական այբուբենով։ Տվյալ հարցում ակտիվությամբ հանդես եկավ նաև Թուրքիան և երկար ժամանակ գաղտնի ձևով տարվող պայքարն ավարտվեց Թուրքիայի հաղթանակով։ Ադրբեջանում ընդունվեց լատինական այբուբենը։

Խորհրդային ղեկավարները թե հատուկ խոսակցությունների և թե իրենց հայտարարությունների ժամանակ բազմիցս նշել են, որ իրենց համար Թուրքիայի ազդեցությունը մահմեդական հանրապետություններում նախընտրելի է Իրանի ազդեցությունից»։

Օզքյոքի կարծիքով Թուրգուտ Օզալը ապագա քաղաքական ծրագրերում մեծ տեղ է հատկացնում Անդրկովկասի և Միջին Ասիայի մահմեդական հանրապետություններին։ Նա շուրջ մեկ տարի աշխատում է «Սևծովյան համագործակցության նախագծի» վրա։ Իմիջիայլոց, այդ նախագծի հեղինակը ինքը՝ Օզալն է։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives