October 16, 2024

Թեժ մարտերը շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

Երկիր, 8 ապրիլի, 1993թ., թիվ 63(404)

Ոչնչացվեց թշնամու Մազութլու ռազմական բազան

ԼՂՀ ռազմաճակատներում իրադրությունը մնում է լարված։ Ինչպես տեղեկացնում է «Հայլուրի» թղթակիցը՝ ապրիլի 7-ի առավոտյան Մարտունի քաղաքը հրետակոծվել է Գրադ կայանքներից։ Մեկ բնակիչ զոհվել է, մեկ ուրիշը՝ վիրավորվել։ Կան ավերածություններ։ Միևնույն ժամանակ Աղդամի տարածքից ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել Ղուրուչուղ լեռան ուղղությամբ։ Հարձակումը ետ է մղվել։ Հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստ։

Կեսօրից հետո Ադրբեջանի օդուժը նորից ռմբակոծել է Մարտունի քաղաքը։ Քաղաքի վրա նետվել են մի քանի ռումբեր։ Կան վիրավորներ և ավերածություններ։ Այս էլ արդեն որերորդ անգամ հակառակորդը, ջախջախիչ պարտություն կրելով ռազմաճակատի տարբեր հատվածներում, որդեգրում է փոխհատուցման իր ձևը՝ խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը։

Երեկ առավոտյան թշնամին ակտիվ ռազմական գործողություններ է ծավալել նաև Կուրոպատկինոյի տեղամասում։ Մարտերը շարունակվում են։

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից տեղեկացնում են, որ հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կուտակումներ են նկատվում Կուբաթլուի շրջանում։ Թշնամին փորձել է այդ շրջանի տարաշքից փակել Լաչինի մարդասիրական ճանապարհը։ Ապրիլի 6-ին, օրվա երկրորդ կեսից հայ ազատամարտիկներն անցնելով հակագրոհի Լաչին-Գորիս մայրուղու արևելյան մասում՝ ոչնչացրել են հակառակորդի ռազմական բազայի վերածված Մազութլու գյուղը։ Թշնամին մարտի դաշտում թողել է 5 սպանված։ Մեր կողմից վիրավորվել է 5 ազատամարտիկ։

Ապրիլի 6-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները ակտիվացրել էին ռազմական գործողությունները Ղաջար և Ղովշատլու գյուղերի ուղղությամբ։ Ինքնապաշտպանական ուժերը հետ են շպրտել հակառակորդի այդ գրոհը՝ նրան ստիպելով գրավել ելման դիրքերը։ Մարտերի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի 2 զրահամեքենա։ Երկու կողմից էլ կան զոհեր։

Մարտակերտի շրջանի արևմտյան մասում շարունակվում են դիրքային մարտերը, իսկ արևելյան մասում հայ ազատամարտիկները վնասազերծում են ադրբեջանական զինված կազմավորումների մնացած ջոկատները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives