October 25, 2021

Թալիշների ղեկավարը պաշտպանում է ապստամբ Հուսեյնովին

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Ազգ, 26 հունիսի, 1993թ., թիվ 120(371), շաբաթ

Հունիսի 21-ին մեջլիսի նիստում Հեյդար Ալիևը հայտարարեց, որ Լենքորանում հռչակվել է Մուղանի Թալիշական Հանրապետություն: «Մուղանի Թալիշական Հանրապետության հռչակման մասին մենք որոշում ընդունեցինք այն բանից հետո, երբ համոզվեցինք, որ ազգային մեջլիսը ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ չի փնտրում»,— այս իրադարձությունը մեկնաբանելով հայտարարեց Լենքորանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Ալիքրամ Հումմեթովը: — Մենք չենք ուզում քաղաքացիական պատերազմ, քաոս և անկայունություն, ուստի ստիպված ենք նման վճիռ կայացնել: Իշխանության կառույցները տարբեր մակարդակներով զբաղվում են կեղծ քաղաքագիտությամբ, իսկ ժողովուրդը պահանջում է լիարժեք կառավարություն և գործող օրենքներ: Եթե նախագահը գոնե մի քիչ հետևեր բարոյական նորմերին, իր պաշտոնը չէր թողնի նման դժվար պահի, իսկ եթե նա այնուամենայնիվ դա արել է, ապա պետք է որևէ մեկին հանձնի իշխանությունը: Ալիքրամ Հումմեթովն ասաց, որ ինքը լիովին պաշտպանում է հանրապետության ամբողջ իշխանությունը վերցնելու Սուրեթ Հուսեյնովի ձգտումը: Ա. Հումմեթովը նշեց, որ Հուսեյնովի իշխանության գլուխ անցնելու դեպքում ինքը նրա հետ կկարողանա համաձայնության գալ Թալիշական հանրապետության ճանաչման շուրջը:

Հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում Ալիքրամ Հումմեթովը հայտարարեց. «Այն կապակցությամբ, որ հանրապետությունում տիրում են խառնաշփոթություն, քաոս և գործազրկություն, մենք որոշեցինք ստեղծել անկախ Մուղանի Թալիշական հանրապետություն: Իշխանությունն այնտեղ կիրականացնեն զինվորական վարչակարգի մարդիկ, մասնավորապես 704-րդ զորամասը իմ ղեկավարությամբ»:

Ա. Հումմեթովը ընդգծեց, որ պետական նոր կազմավորումն ստեղծվել է ներկա պայմաններում թալիշ ժողովրդի շահերը պաշտպանելու նպատակով: Մինչև Մուղանի Թալիշական հանրապետության խորհրդարանի ընտրությունների անցկացումը բոլոր հարցերը կլուծի արդեն գոյություն ունեցող մարմինը՝ ժողովրդական ժողովը: Հումմեթովը նշեց, որ նախագահ Էլչիբեյը իր պաշտոնը թողեց ճիշտ այն պահին, երբ պետությունն ամենից շատ էր զգում դրա կարիքը, միաժամանակ նա խոստովանեց, որ հարգում է Հեյդար Ալիևին որպես հմուտ քաղաքագետի, բայց «հանձին նրա չի տեսնում ադրբեջանական ժողովրդի փրկարարին»: Նրա կարծիքով, Ադրբեջանի նախագահությանն արժանի միակ մարդը Սուրեթ Հուսեյնովն է, որի դիրքորոշումը լիովին պաշտպանում է Մուղանի Թալիշական Հանրապետությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives