December 7, 2024

Ընդդիմություն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)

Ժամանակ առ ժամանակ հասարակական-քաղաքական, անհամեմատ ավելի սակավ նաեւ մշակութային ոլորտին վերաբերող առավել գործածական բառեր ու բառակապակցություններ են առկայծում՝ «պլյուրալիզմ», «պոպուլիզմ», «իմիջ»… Թեեւ «իմիջն» ու իմիջիայլոցը իրար հետ ոչ մի առնչություն ունենալ չեն կարող, սակայն իմիջիայլոց ասեմ, որ մեր հայ ու հայկական իրականությունից ծնված «ընդդիմություն» բառը, պարզվում է, խիստ ու տարողունակ է…

Ակնհայտ է նաեւ, որ առկա ընդդիմությունը այդպիսին դարձավ նաեւ մեր հանրապետության, մեր նախագահի հետեւողական ջանքերով։ Այսօր ինձ հասկանալի չէ, թե հանուն ինչի՞ է պայքարում անկախ նախագահը: Վերջը ո՞րն է։ Արդյո՞ք սա «Առաջ, դեպի կոմունիզմի վերջնական հաղթանակը» երեւակայական կատակի այլափոխումը չէ… Բայց… Ինքնանպատակ։ Իսկ ինքնանպատակ պայքար չի լինում։ Ինքնանպատակ պայքարի հետեւորդները օրը մի ուղղությամբ կարող են սլանալ… Եվ այսպես անվերջ… Մինչե՞ւ։ Մինչեւ վերջ։

«Մեր կուրսը շատ հստակ է»… «Ընդհանուր կուրսը չի փոխվի…», «…այս քաղաքականությունը, որ կմարմնավորվի նախագահին կուրսի մեջ, ամենեն հուսալին է»՝ այսպես է հայտարարում Ժիրայր Լիպարիտյանը։ Այդպես էլ չպարզաբանելով «նախագահին կուրսի» հուսալիության գրավականը։ «Նախագահին կուրսի» անմոռաց էջերի մեջ առկայծում է հուսալի մարդկանց հուսալի պաշտոնները բաշխելը։ «Շատ երջանիկ պիտի զգա ինքզինքը Հայաստանին գիտությունների ակադեմիայի յուրաքանչյուր գիտաշխատող, փայփայելով այն հուսալի իղձը, որ օր մը հուսալի նախագահ-բարեգործ ընկեր ունենալու պարագային ինքն ալ կրնա հուսալի զբաղեցնել պետական որեւէ նախարարի կամ առնվազն վերադասին նվիրական հուսալի բազկաթոռը»…

Ի՞նչն է խնդիրը… Ո՞վ չգիտի, որ մեր շատ հուսալի գիտությունների ակադեմիայում պարփակված գիտաշխատողը երկիր ու նախարարություն կառավարելու պատրաստ չէ։ Ժամանակ պիտի անցնի… փորձառության ձեռք բերի… կամ ձեռք չբերի։ Իսկ մինչ ա՞յդ… Պտուղները տեսնում ենք, հենց այսդեմ կադրային քաղաքականությունը հավատարիմ լենինյան քաղաքականություն է… Փորձառու կադրերին չվստահելը էլ ինչպե՞ս է լինում։ Եվ ինչպե՞ս է կոչվում…

Ուրեմն ու՞մ դեմ է պայքարը, մասնագետների՞։ Իր հողից մասնագետին քշելու մի ձեւ չի՞ արդյոք սա։ Եթե մասնագետը մասնագիտական կարողությանը չի կարող ծառայեցնել իր երկրին, ուրեմն ի՞նչ է ստացվում։ Իրավունքները ոտնահարված հայ մարդուն անկախ Հայաստանում ո՞վ պիտի օրենք-իրավունք ապահովի։ Մենք էլ իրավական պետություն ենք ստեղծում… Շատ ողջունելի է, բոլորով ստեղծենք իրավական պետությանն. Իսկ մինչ ա՞յդ։ Այս հարցը շատերից եմ լսում։ Իսկ պատասխանը մեկը կարող է լինել, սակայն՝ ոչ «միանշանակ»… Մեզ հենց այսօր է անհրաժեշտ ժողովրդավարություն՝ սկսած անկախ հանրապետության անկախ նախագահից, որը… ամենակախյալ պաշտոնն է զբաղեցնում։

Այսօրվա ընդդիմությանը դաշնակցականամետ որակում տալը կամ չտալը կնշանակի մեր անկախ իրականությունը միակողմանի մեկնաբանել։ Հակադաշնակցական ալիքը այդպես էլ չիրականացավ ու չկայացավ։ Ինչպես որ չկայացավ խորհրդային իրականության օրոք, փնելով ժամանակին ու բոլշեւիկյան գաղափարախոսությանը տուրք տվող պատմաբանների, վայ հրապարակախոսների «մենաշնորհը», եթե ոչ միակ «շնորհքը»։

Հանրապետության նախագահի հեռուստաելույթը, ընդհակառակը, խորը մտածելու եւ կենտրոնանալու առիթ հանդիսացավ, կշռելու եւ հակակշռելու ձեռքբերածն էլ, կորցրածն էլ, ցանկություններն ու երազանքներն էլ… Հնարավոր հնարավորությունների, շրջափակումների ու անարգել արգելքների պարագաներում անգամ։ Այդ ելույթը ոչնչով չհիմնավորվող, անհեռատես քայլ էր, վիճակն ապակայունացնող դրսեւորում։ Չգտնվե՞ց մի դիվանագետ, քաղաքագետ, հոգեբան… խորհրդատու, որ կանխեր այդ ելույթը։ Ինչու՞ է Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզված, թե իր սխալները հաճույք են պատճառում իր իսկ նախագահած երկրի շրջանակներում:

Ուրեմն՝ ընդդիմություն բառը որքան էլ տարողունակ, սակայն լիովին չի հաղորդում բարոյահոգեբանական հենքը, քանի որ ընդդիմախոս ուժերի հիմքում հիմնականում առողջ ուժեր են, որոնք մտահոգված են այս օրվա Հայաստանի նաեւ այսօրվա, հենց այսօրվա ճակատագրով։ Հասկանալի է, հիմնական պատասխանատվությունը կրում է հանրապետության նախագահը։ Ուրեմն, նման իրավիճակներ չստեղծելու գրավականը դարձյալ ու դարձյալ ժողովրդավարությունն է։ Հենց դրա փայլուն ապացույցն է Դաշինքի ստեղծումը։ Դարձյալ անհեռատես քայլ էր նախագահի ելույթը խորհրդարանում հուլիսի 1-ին։ Եվ ուսյալ ու կրթյալ Լեւոն Տեր-Պետրոսյանին որքա՞ն էր վայել այդ տոնով խոսել մարդկանց հետ, որոնց հետ ինքը պիտի աշխատի կամ արդեն աշխատել է։ Թե՞ «էսեռ ու սիսեռ» ջոկելու ժամանակը նորից պիտի որդեգրվի… Ի դեպ, քանի որ հանրապետության նախագահի զինակիցների հարցը հենց կադրային քաղաքականության շրջանակներում է, նույն նախագահական անկեղծությունից խորապես ազդված՝ անկեղծորեն պիտի ասեմ, որ նախագահն ունի իր նախընտրած համախոհների նախընտրած կերպարը, այն է՝ դանդաղաշարժ, ծանրաշարժ եւ դանդաղամիտ մարդիկ, որ երեւի այլ ավելի գեղեցիկ բառերով՝ իր համար խոչընդոտ կամ ընդդիմություն երբեք չեն կարող դառնալ։ Հարմար են, շատ փոքր բացառություններով, որոնք նույնպես խոչընդոտ չեն… Այդ մի քանի բացառությունները մի քիչ էլ հեռուն են տեսնում եւ ժամանակին իրենց գլխի ճարը չեն տեսնում…

Իսկ ի՞նչ ասեն գիտական աշխատողները, որոնք ամեն օր «անկախանում են» հօգուտ խորհրդային բյուրոկրատների շքախմբի եւ… պրեզիդենտին հավասար լեզուներ էլ գիտեն, տպագրված ու անտիպ գրքեր էլ ունեն, «դեռ մի բան էլ ավելին»: Ուրեմն, դեմոկրատիա կոչվածը պետք չէր մոռացության տալ, ժողովրդավարությունն էլ դարձնել իրավական պետության ապագա ուրվական։

Այո, Արցախն ու արցախահայության հետ կապված անասելի բարդ ու առաջնահերթ խնդիրներն իրոք այսօր մեծ ջանքեր են պահանջում։ Մեծ ջանքեր են պահանջում ոչ միայն հանրապետության նախագահից, այլեւ այսօր իրականացած մեր ազգային Դաշինքից՝ պահպանելու մեր ազգային միասնությունը քաղաքական, սոցիալ– տնտեսական, մշակութային բարեփոխումների ժողովրդավարական ճանապարհին…

ԿԱՐԻՆԵ ՍԱՄՎԵԼՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives