March 29, 2024

Երկկողմ հանդիպումը դեռևս չի տապալված

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 11 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(426), շաբաթ

Երեկ ժամը 16:00-ին ավարտվեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հաստատված տասնօրյա հրադադարի վերջին ժամկետը: Սակայն քաղաքական դիտորդների կարծիքով, երևի թե այն մեխանիկորեն կշարունակվի մինչև Մոսկվայում անցկացվող ԵԱՀԽ Մինսկի խմբի ոչ պաշտոնական բանակցությունների ավարտը: Ենթադրվում է, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպումը, որը հետաձգվեց ադրբեջանական պատվիրակության Մոսկվա չգալու պատճառով, տեղի կունենա Մինսկի խմբի հանդիպումից հետո: Համենայն դեպս, ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը մեկնաբանելով երկկողմ հանդիպման ձախողումը, նշել է, թե Ադրբեջանը պատրաստ չէ գործնական երկխոսության, այդպիսով հարվածի տակ դնելով ոչ միայն իր, այլև Ռուսաստանի հեղինակությունը, որը ձգտում էր լինել այդ հանդիպման կազմակերպման միջնորդը: «Լեռնային Ղարաբաղն արդեն նախապատրաստել է այդ հանդիպմանը ներկայացվելիք առաջարկությունների մի փաթեթ»,— հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարն Ինտերֆաքսին տված հարցազրույցում:

Ռուսաստանի արտգործնախարարության մի պաշտոնյա այն միտքն է հայտնել, թե առայժմ չի կարելի խոսել Ղարաբաղ-Ադրբեջան բանակցությունների տապալման մասին, քանի որ դրանք ընդամենը հետաձգվել են անորոշ ժամանակով:

Քաղաքական դիտորդների կարծիքով, եթե Մինսկի խմբի ոչ պաշտոնական բանակցությունները ոչ մի արդյունք չտան, որն ավելի հավանական է, հանդիպումը երկու կողմերի համար էլ կդառնա անհրաժեշտություն: Իհարկե, այդ դեպքում չի բացառվում Ռուսաստանի միջնորդությունը, որը ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեց տարածաշրջանում իր գերներկայությունը և կողմերին իր պահանջները պարտադրելու կարողությունը: Երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին Մոսկվայում նախատեսվում է մի հանդիպում, որի ընթացքում կորոշվի հրադադարի երկարացման հարցը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives