December 6, 2024

Երանի թե չճշտվեր

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 16 հունվարի, 1920թ., թիվ 12

Թաթար զանգվածը, արբեցած թալանի տենչով և ինչ-որ քաղաքական հեռանկարների թովչանքով, վերջապես իրագործեց իր վաղեմի ծրագիրը: Տաճիկ-ադրբեջանական սադրանքներից գազազած, նա իր վայրագ ձեռքը բարձրացրեց երկու Ագուլիսների վրա և Բարդուղիմեոսյան գիշերներ կազմակերպեց այնտեղ՝ ղեկավարությամբ տաճիկ-ադրբեջանյան գործակալների տխրահռչակ Խալիլ-բեյի և նենգավոր Էդիբ էֆենդու:

Եկավ առաջին հեռագիրը Ագուլիսների ավերի ու կոտորածի մասին, սակայն մենք չուզեցինք և չկարողացանք հավատալ նրան, որովհետև չէ՞ որ նրանք՝ երկու Ագուլիսները, դեպի իրենց հարևանները մինչև այժմ մի որևէ հանցավոր քայլ արած չունեին և միանգամայն անընդունակ են դրան: Եվ վերջապես, ինչո՞ւ պիտի կոտորվեր մի ժողովուրդ, որ առանց թեթև դիմադրության նշույլի անգամ, սիրահոժար կերպով ընդունել էր Ադրբեջանի հպատակությունը, հանձնել նրան իր բոլոր զենքերը և պահում էր իրեն գերազանցորեն լոյալ, լռությամբ տանելով իրեն հասցրած ամենածանր վիրավորանքներն ու հարվածները:

Այո՛, մենք չուզեցինք և չկարողացանք հավատալ այդ բոթաբեր հեռագրին: Մենք մեզ օրորում էինք այն սին հույսով, թե դա սխալմունքի կամ թյուրիմացության արդյունքն է: Բայց դժբախտաբար շուտով եկավ նույն գույժը հաստատող երկրորդ ու պաշտոնական և միանգամայն վստահելի աղբյուրից:

Դարձյալ ուզում ենք չհավատալ նրա հաղորդագրությանը, որովհետև ինչպե՞ս կարող եք հաշտվել այն մտքի հետ, թե գեղեցիկ Ագուլիսներն այլևս չկան և այդ կուլտուրական ու ազնիվ ժողովուրդը խողխողված է գազանաբար:

Սակայն, դժբախտաբար, հեռագրի մեջ հիշված են մի շարք փաստեր ու անուններ, որոնք խորտակում են ձեր անհատական կամեցողությունները և ձեզ ստիպում են հավատալու, որ այո, ոճիրը կատարված է:

Մոտավորապես ճիշտ են երկու Ագուլիսների կոտորված բնակչության թվերը: Ճիշտ է և այն, որ այդ կոտորածը կարող էին սարքել Նախիջևանի և Օրդուբադի թաթարները: Խալիլ բեյը այն տաճկական սպան է, որ տաճիկների հեռանալուց հետո մնաց Օրդուբադում և որպես Ադրբեջանի զինվորական, ստանձնեց միաժամանակ Օրդուբադի հրամանատարությունը, այնուհետև, ղեկավարում է թաթարական հարձակումները՝ սկսած Շարուրից մինչև Օրդուբադ: Էդիֆ էֆենդին նրա սպաներից մեկն է, որ տաճիկների տիրապետության օրով շնորհիվ իր խորամանկ բնավորության, կարողացել էր Գողթանի բովանդակ հայ ժողովրդի համակրությունը շահել, ձեռք բերելով հայասերի անուն: Եվ վերջապես ճիշտ որ, հարուստ Փանյանի ընտանիքն ուներ 16-17 տարեկան մի աղջիկ, որը պարգևի առարկա է դարձել, թուրք խուժանի համար և նվիրաբերվել Էդիֆ էֆենդուն:

Ահա այն փաստերն ու անունները, որոնք հիշված են հեռագրի մեջ և ստիպում են ձեզ կամա թե ակամա հավատալ հեռագրի ստուգությանը: Բայց որոնք են այն պատճառները, որ ծնունդ տվին թաթար զանգվածի այդ նենգ ոճրագործությանը:

Իրազեկ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives