December 7, 2024

Դիվանագիտական աշխատանքները շարունակվում են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ

Հռոմում ավարտվեցին ԵԱՀԽ Մինսկի հանձնախմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունները: Հայտնի իննյակը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց նկատառումները հայտնեցին արցախյան խնդրի կարգավորման շուրջ: Սպասվում է, որ այսօր Երևան կժամանի Հայաստանի պատվիրակությունը:

Ինչպես երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը, կողմերին կներկայացվի միջոցառումների ժամանակացույցի նոր տարբերակն իր երկու հավելվածներով, որոնցից առաջինը վերաբերում է խառը հանձնախմբին, երկրորդը՝ «հակամարտության գոտի» հասկացության սահմանմանը: Ենթադրվում է, որ երեք կողմերի պատվիրակությունները Հռոմից վերադառնալուց հետո պաշտոնապես կստանան իննյակի առաջարկները, որոնց պատասխանները կտրվեն քննարկումներից հետո:

— Դիվանագիտական աշխատանքները շարունակվում են, տարվում է ձևակերպումների հստակեցում և պարզաբանում,— ասաց պարոն Աբրահամյանը: Հայաստանը լի է այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությամբ, որն է՝ ռազմական գործողությունների դադարեցում և հաղորդակցության ապաշրջափակում, որոնք բխում են թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից, թե տարածաշրջանի երկրների շահերից: Բանակցությունների ցանկալի արդյունքի համար անհրաժեշտ է, որ հակամարտության առնչվող կողմերը ցուցաբերեն միանգամայն հավասարակշռված մոտեցում:

Անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի հրաժարականի վերաբերյալ մամուլում հրապարակվող վարկածներին, մամուլի քարտուղարը ընդգծեց, որ հրաժարականի նախաձեռնությունը պատկանում է պարոն Մանուչարյանին:

Ինչպես հայտնել ենք մեր թերթի նախորդ համարներում, մինչև օգոստոսի 17-ը Վրաստանին ժամանակ է տրված մարել 69 մլրդ ռուբլի պարտքը Թուրքմենիային: Վրաստանը, սակայն, կարող է մարել պարտքի միայն մի մասը: Սպասվում է, որ օգոստոսի 17-ին Թուրքմենիա կմեկնի Վրաստանի ԳԽ նախագահ Է. Շևարդնաձեն, իսկ 24-ին՝ Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Պարոն Աբրահամյանի հավաստմամբ, Աշխաբադում կստորագրվի բարեկամական համագործակցության և փոխադարձ օգնության միջպետական համաձայնագիր, բնականաբար, կշոշափվեն նաև բնական գազի մատակարարման առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի, իհարկե, նաև Հայաստանի գազամատակարարումը հետաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 24-ը:

Անդրադառնալով մայրաքաղաքում հացի խնդրին՝ պարոն Աբրահամյանը հացամթերումների նախարարության՝ հացի բաշխմամբ և վաճառքով զբաղվող օղակների աշխատանքը գնահատեց անբավարար:

Մոսկվայում շարունակվում են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչների բանակցությունները երկու երկրների միջև ֆինանսական հարաբերությունների կարգավորման շուրջ: Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Վիգեն Չիթեչյանը, պետական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանը և ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը: Բանակցությունների արդյունքների մասի կհաղորդվի լրացուցիչ:

Ս. Մ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives