December 3, 2024

Դիմում ենք ՀՀ իշխանություններին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334)

Ժողովրդավարության սկզբունքները դավանած բազմակուսակցական երկրում բնական երեւույթ է, որ մամուլի տարբեր միջոցներ տարբեր մեկնակետերից են ներկայացնում կատարվող դեպքերն ու իրադարձությունները։ Այս կամ այն խնդիրը լուսաբանելիս օրինաչափ են դարձել դիրքորոշումների, եզրահանգումների ու գնահատականների զանազանությունը։ Լույս տեսնող թերթերն, ըստ կուսակցական պատկանելության կամ քաղաքական դավանանքի, ազատ են իրենց տեսակետներն արտահայտելու, փաստերի վերաբերյալ սեփական տեսակետներն ունենալու, նաեւ՝ սեփական գոյությունը պահպանելու եւ հոգսերը հոգալու առումով։

Այս ամենի մեջ, անշուշտ, առողջ ու դրական լիցքեր կան, բայց ցավալի է, որ գերակշռող են դառնում հիվանդագին խոցերը, որոնք առկա են պետություն-մամուլ փոխհարաբերություններում։

Ինչպես որ նորաստեղծ մեր հանրապետությունում ժողովրդավարությունն է խեղաթյուրված եւ հաճախ վերածվում է ամենաթողության, այնպես էլ մամուլն է հանձնված ինքնահոսի եւ հուսալիորեն պատնեշված պետական վերաբերմունքից։

Ստեղծվել է մի վիճակ, երբ մամուլի ազատությունը միախառնվել է մամուլի հանդեպ պետական բացարձակ անտարբերությանն ու հայեցողական-սառը լռությանը։

«Զանգվածային լրատվության միջոցների» շուրջ ինչ-որ քայլեր կարծես արվել են, բայց միահամուռ պնդում ենք, որ դրանք ոչ միայն օգտակար չեն եղել, այլ ընդհակառակը՝ մամուլը դրել են ծանր կացության մեջ։

Պարզապես տարօրինակ է, մամուլի մասին ՀՀ օրենքն ընդունողները, երեւի թե սեփական անձի հանդեպ մեծահոգությունից ելնելով, տեղի –անտեղի նշում են, որ օրենքը բազում թերություններ ունի։ Կարծես թե օրինաչափ է դարձել խոստովանել թերությունները եւ բառացիորեն ոչինչ չձեռնարկել դրանք շտկելու համար՝ այդպիսով առանց այդ էլ անմխիթար վիճակն էլ ավելի անմխիթար դարձնելու մեջ սեփական լուման ներդնելով։

«Բոլոր ժամանակների իշխանություններին ձեռնտու է խոսել անիշխանության մասին՝ դա դարձնելով սեփական իշխանությունը պահելու միջոց». թերեւս այս միտքը անպատեհ հնչեր, եթե Հայաստանի իշխանությունները պատշաճ ուշադրության դարձնեն մեր իսկ պետության պետական գաղտնիքները պահպանելուն։

Ինչպե՞ս հասկանալ, որ պետական այրերը երբեմն տեղյակ էլ չեն, թե որոնք են պետական գաղտնիքները, եւ պատրաստակամորեն կամ զգայական բռնկումներով հրապարակում են դրանք, իսկ մամուլից պահանջվում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքները համարել խորհրդային ժամանակների գլավլիտային տեղեկագրից արված ծաղկաքաղը։ Չկան եւ չեն գործում իշխանությունների ներկայացուցիչների սիրած «հստակ մեխանիզմները», եւ ոչ ամենեւին երկրորդական նշանակության այս գործը եւս բազում թերություններ ունի»։

Թող տպավորություն չստեղծվի, թե չորրորդ իշխանությունն առաջին երեք իշխանություններից իշխվելու կարոտախտով է տառապում։ Ամենեւին։

Խոսքը անկատար, կիսատ–պռատ փոխհարաբերությունների մասին է։ Ցանկացած թերթ, ինչպիսին այն լինի՝ կուսակցական թե ազատ, վերջին հաշվով պետության դեմքն է, ժողովրդի դեմքը։ Այն ճշմարտորեն ցուցանում է պետության եւ հասարակության հարաբերությունների իրական պատկերը եւ դրանով նաեւ մոտ կարծիք ստեղծում ժողովրդի եւ հասարակարգի մասին։ Եվ ցանկացած պետություն, որը մտահոգ է իր իսկ ժողովրդի եւ նրա քաղաքակրթության մասին բարենպաստ պատկերացում ձեւավորելու մեջ, առաջին հերթին նպաստում է մամուլի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը՝ դյուրություններ ստեղծելով լրագրողների ձեւավորման եւ անհրաժեշտ տեղեկատվության անարգել հոսքի համար։

Շուկայական հարաբերությունների, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ այլեւայլ գործոնների ճնշմամբ ամեն թերթ սեփական պարը պարելու համար սեփական պարեղանակ է պատվիրում՝ իր ազատության առատ պաշարները վայելելով «Սոյուզ– պեչատ» վաղեմի անվանումով հիմնարկության անողորմ «հովանավորությամբ», «Պարբերական» հրատարակչության (նախկինում ՀԿԿ կենտկոմի տպարան) մոնոպոլ իշխանության ներքո։ Այսպիսով, մամուլի ազատություն ասվածը վերածվում է ընդամենը պատրանքի։ Արդյունքը՝ անազատ, կախյալ, պետության աչքից դուրս մամուլ։ Թերթերը, որոնք միջոցներ են գտնում գոյության կռվի փոխակերպված իրենց «ազատությունը»» վայելելու, չեն մոռանում վճարել նաեւ իրենց 28 տոկոս հարկը, որը, դիցուք, եկամուտ չունեցողի համար ըմբռնելի է նույնքան, որքան, թող ներվի համեմատությունը, կենսաթոշակառուի համար իր ստացած ողջ կենսաթոշակը՝ գումարած դրա 28 տոկոսը (որտեղի՞ց) պետությանը վերադարձնել–վճարելը։

Մամուլի ազատության եւ անազատության՝ սրանց զուգորդումով ինքնագլուխ –անտերությունը որեւէ կերպ պետք է ելք գտնի այս վիճակներից։ Ու կարծես գտնում է։ Բայց ինչպիսի՞։ Չկրկնենք մամուլի դերի եւ նշանակության մասին հանրահայտ ճշմարտությունները, որոնք համառորեն անտեսվում են պետության կողմից։

Պատշաճ վերաբերմունք ենք ակնկալում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության պետականության շահերից։ Հիմնախնդիրները պետք է լուծվեն համակողմանիորեն։

«ԱԶԳ», «ԵՐԿԻՐ», «ՀԱՅՔ»,  «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԻ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives