June 18, 2021

Դեպքերը Գանձակում

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0

«Մշակ», 30 նոյեմբերի, 1917թ., թիվ 256

Գիտե՞ք ինչ դրության մեջ է գտնվում այժմ Գանձակը. ահա պատմեմ ձեզ: Երեկ, կիրակի օրը, երեկոյան ժամը 5-6 հայոց թաղից լսվում էին մեծ-մեծ համազարկեր, որոնք տեղի էին ունենում Թուրքաց թաղում: Քաղաքը հուզման մեջ էր, բոլորը թափվել էին փողոցները, չէին իմանում, թե ինչ է պատահել և ինչ է կատարվում. հետո իմացանք շատ վատ հակասող տեղեկություններ. այն է որ Թուրքաց թաղում, բազարումը, дикая дивизия-ի մի զինվոր խփել է մի ռուս զինվոր-պատրուլի, որ պատրուլները եկել-հավաքվել են և սկսել կրակել ու սպանել մի սպայի. այնուհետև дикая дивизия-ի զինվորներն են հավաքվել ու սկսել իրար դեմ կրակելը կատարյալ հրացանաձգություն: Երեկոյան ժամը 8-ին լսվեց, որ սպանված են մոտ 10-15 զինվորներ: Երեկոյան ժամը 9-ին, Հայոց թաղում չէին թողնում մարդ դուրս գա փողոց ու շրջում էին պատրուլները. այդ ժամանակ երկու օֆիցերներ ձիաներով (дикая дивизия-ից) քշած գալիս են լինում (ինչպես ասում են Ելենենդորֆ կոլոնից, այստեղ է գտնվում дикая дивизия-ի մի մասը), պատրուլը սրանից պահանջում է կանգնել և հայտնել իրանց ով լինելը: Նրանք չեն հպատակվում, այդ պատճառով կրակում են, մեկին վիրավորում Դոնդուկովսկայա փողոցի վերև, մյուսին մյուս պատրուլները սպանում են Ս. Հովհաննու եկեղեցու մոտերքը: Այս գիշեր մինչև առավոտը կրակում են ու կրակում: Այսօր առավոտ, թե Թուրքաց և թե Հայոց թաղերում կյանքը մեռած է, բոլոր խանութները կապ. չեն կարողանում կամ չեն թողնում կամրջից դես ու դեն անցնել: Թուրքաց թաղում հայ ծառայողները չեն գնում այնտեղ: Գիմնազիա չեն եկել թուրք աշակերտները և բոլոր հայ թե ռուս աշակերտներին արձակել են. կատարյալ մի խայտառակ դրություն է. ի՞նչ է լինելու այս ամենի վերջը: Կատարյալ անիշխանություն, կատարյալ անարխիա, պրովոկացիան երևում է որ գլուխ է բարձրացնում և եթե այսպես գնալու լինի, նա կհասցնե մեզ դեպի կորուստը:

Ո՞ւր է Անդրկովկասյան Կոմիսարիատը, ուր են մեր, կովկասյան ժողովուրդներիս, համերաշխություն և եղբայրություն քարոզող միությունները, ինչո՞ւ են լռել, էլ ե՞րբ պետք է նրանք բանի պետք գան:

Հովհ. Խոջայանց

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives