November 27, 2020

Դարձյալ բարբարոսություններ

  • by Archives.am
  • 8 Months ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 14 հունվարի, 1920թ., թիվ 10

Անդրկովկասի երեք հանրապետությանց ներկայացուցիչները դարձյալ տեսակցություն են նշանակել Թիֆլիսում, մտադրություն ունենալով սերտ, բարեկամական հարաբերություն ստեղծել այդ հանրապետությանց միջև և, իմիջիայլոց, վերջ տալ այն արյունահեղ ընդհարումներին, որ տեղի են ունենում գլխավորապես հայ և թուրք ժողովուրդների միջև:

Վրաստանը, որ շարունակ պատրաստակամություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համերաշխություն գլուխ բերելու համար միջնորդի դերը ստանձնել, մինչև այժմ կտրուկ քայլեր չարավ ազդելու իր զինակիցների,— Ադրբեջանի վարիչների վրա, վերջ տալու այն սխրագործություններին ու բարբարոսություններին, որոնք կազմակերպվում ու կատարվում են նրանց իսկ ձեռքով, նրանց գործակալների ջանքերով:

Ադրբեջանական դավադրությանց հետևանքները, արյունոտ դեպքերը փաստերով փաստերով ապացուցված, օրը կեսօրին անգլիական և ամերիկական ներկայացուցիչների աչքի առաջ կատարված, մենք արձանագրել ենք բազմաթիվ անգամ մեր թերթի էջերում: Այսօր էլ, երբ երեք հանրապետությանց արտաքին գործոց նախարարները Թիֆլիսում մտածում են համերաշխության հիմքը դնել, հեռագիրը բերում է մեզ հայ ժողովրդի ծով տառապանքների, հայ կանանց և աղջիկների բռնաբարությունների, սպանությունների և ավերածությունների ստուգված, ինչպես ասված է հեռագրում, դժբախտ լուրը:

Թուրքերը տաճկական և ադրբեջանական սպաներ Խալիլ և Էդիբ բեյերի և այլոց ղեկավարությամբ Ներքին Ագուլիսում կոտորել են 400 մարդ, հայտնում է հեռագիրը, իսկ Վերին Ագուլիսում 1000 մարդ. Ամբողջ ժողովուրդը գլխովին բնաջնջված է, բացի 20 գեղեցիկ աղջիկներից, որոնք բաժանված են իբրև նվերներ, սպաներին… Շուռնուխից դեպի Ղափան տանող ճանապարհը բաց անելու առթիվ բանակցելու համար հայերի ուղարկած հինգ ներկայացուցիչները գազանաբար սպանված են:

Դարեր շարունակ թուրք և թաթար խաներն ու բեկերը հայ ժողովրդի կրծքին ծնկած կրծել են նրա կոկորդը, արյունով հղփացել, այսօր էլ խավարամիտ և բարբարոս ամբոխի գլուխն անցած նույնն են անում նրանք, չխնայելով անգամ կանանց և աղջիկներին:

Եվ այս բոլորը մի՞թե կատարվում է հանուն անդրկովկասյան ժողովուրդների համերաշխության, սերտ միության, որ այնքան հաճախ հոլովվում է վերջին ժամանակներս մեր հարևանների բերանում: Հայ արնաքամ ժողովուրդն իրավունք ունի՞ այս բոլորից հետո չվստահելու իր հարևաններին:

Ի՞նչ արժեք ունեն մեր ավերված ժողովրդի աչքում երեք հանրապետությունների ներկայացուցիչների պաշտոնական մի շարք տեսակցությունները, զանազան կոնֆերանսները, և, վերջապես, վերջերս հրապարակ նետած ոչինչ չնշանակող կոնֆեդերացիայի լոզունգը, երբ այդ ժողովրդի կոկորդը դեռ չէ ազատված նենգամիտ հարևանի սրած դանակից:

Աշխարհում չտեսնված գազանություններ կատարել, հայ գեղեցիկ աղջիկներին թաթար և տաճիկ սպաների մեջ բաժանել և անամոթաբար ժպտալ ու համերաշխության մասին ճառեր արտասանել միմիայն Ադրբեջանի խաներն ու բեկերն են ընդունակ: Եվ ճիշտ է նկատված, որ այդ բարբարոսները մի կողմից ժպտալ գիտեն, իսկ մյուս կողմից բռնաբարել ու մորթել:

Հայ ժողովուրդը այս անգամ էլ, ինչպես միշտ, հարցը պարզ և որոշ է տալիս իր հարևաններին,— ի՞նչ եք ուզում մեզանից: Այդ ժողովուրդը համարձակություն և ուժ ունի նաև հայտարարելու,— ոչ ոք ինձ ընկճել չի կարող, ես պետք է ազատ ապրեմ և ազատ կառուցեմ իմ պետական կյանքը, այդ իմ իրավունքն է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives