March 28, 2024

Գանձակում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Մշակ, 2 հունիսի 1918թ., թիվ 102

Ելենենդորֆ, 14 մայիսի

Վեց ամսից ի վեր մենք պաշարված ենք և միանգամայն կտրված երկաթուղային հաղորդակցությունից: Կոմիսարիատից ուղարկված հաշտարար պատգամավորությունը հայերից առավ և թուրքերին հանձնեց 219-րդ բատալիոնի  գույքը, փոխարենը խոստանալով թուրքերի կողմից մեզ հանձնել գրաված պարենի մթերքները: Սակայն այդ բանը տեղի չունեցավ և թուրքերը մեզ խաբեցին. մինչև օրս թե տեղացի և թե գաղթական հայերի պարենը բաց չեն թողնում: Պատահել է, որ թուրքերը, մի քանի հազար ռուբլի ստանալով, խոստացել են մասնավոր կերպով իրենց ծանոթ հայերի ցորեն ծախել, և երբ պարմանադրյալ ժամին հայերը մոտենում են քաղաքամեջի կամուրջին ցորենը ստանալու, տեսնում են, որ մեշոկներից մեկը երկուսը լցրած է գարիով, իսկ 10-12-ը՝ անասունի աղբով… Ահա թե ինչպիսի «կուլտուրական» հարևանների հետ գործ ունենք: Վերջերս էլ Մուռուտ գյուղացիներից խաբեբայությամբ 1400ռ. և 2 ձի ստանալով՝ մինչև օրս ոչ ցորեն են տալիս, ոչ փողը և ոչ էլ ձիերն են վերադարձնում:

Ճանապարհներին և դաշտերում պատահող ամենօրյա սպանությունները և կողոպուտները արդեն սովորական երևույթ են դարձել և ոչ ոքի չեն զարմացնում:

Զարմանալի առեղծված է, թե ինչպես է, որ բոլշևիկների դեմ ուղարկելու ուժն ունի անդրկովկասյան կառավարությունը, իսկ իր քթի տակ կատարվող ավազակաբարո տարրերի, ամբարտավանների ոտնձգությունները սանձահարելու համար ոչ, չնայած բազմիցս դիմումներին ու թախանձանքներին:

Հայ ժողովուրդը բառիս բուն նշանակությամբ զուրկ է, ամիսներից ի վեր, հացի պաշարից, շաքարից, սապոնից, նավթից և այլն:

…Փոստը շատ անկանոն է գործում: Զուրանաբադի հակաժանտախտային կայարանի գործունեությունն արդեն լիկվիդացիայի է ենթարկվում. այստեղ այլևս փոստ և հեռագիր չի ստացվում և մեր թղթակցությունները ստանում են Ելենենդորֆ գերմանական գաղութի փոստատնից, որը Գանձակից 9 վերստ հեռու է, հազիվ ամսական 1-2 անգամ (առաջ փոստը ամենօրյա էր): Թերթերը ստացվում են շատ անկանոն և վայրիվերո. ապրիլի համարների հետ խառնված են մի քանի հատ էլ հունվար, փետրվար և մարտ ամիսների համարներից, այն էլ ոչ պարբերաբար, այլ միշտ համարները հետ ու առաջ, այնպես որ՝ մեր քաղած տեղեկությունները միշտ լինում են կցկտուր և անկապ և շատ դեպքերի մասին ստիպված ենք լինում մեր ենթադրական եզրակացությունները անել:

Իրերի այս դրության մեջ միայն գերմանական գաղութն է, որ անհոգ ու ապահով իր աշխատանքի ու ապրուստի ետևիցն է ընկած, թուրքերը սրանց լավ են վերաբերվում և ամեն կերպ սիրաշահում:

Ասում են, որ սրանց մեջ բավական թվով փախած գերի գերմանացի զինվորներ և սպաներ կան, որոնք այնքան էլ հուսալից և խաղաղ տարր չեն կարող ներկայացնել իրենց:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives