March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Բորիս Պաստուխով. Աբխազիայի հակամարտությունը կկարգավորվի

Բորիս Պաստուխով. Աբխազիայի հակամարտությունը կկարգավորվի

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ.

Պոստֆակտում գործակալության թղթակցի հարցերին պատասխանում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Բորիս Պաստուխովը: Հարցազրույցը կայացել է Ադլեր քաղաքի օգանավակայանում:

— Ինչպիսի՞ն է իրադրությունը աբխազա-վրացական հակամարտության գոտում:

— Հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանում է, թեև առանձին խախտումներ են դիտվում դիմակայության որոշ հատվածներում, հիմնականում գոտու խորքում: Ամենագլխավորն այն է, որ այժմ գործնական աշխատանք է սկսվում Աբխազիայի հակամարտության կարգավորմանն առնչվող հուլիսի 28-ի համաձայնագրի կատարման ուղղությամբ: Ես այդ աշխատանքը բացառիկ կարևոր եմ համարում:

— Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել թե հատկապես որն է այդ աշխատանքի կարևորությունը:

— Նախ և առաջ ստեղծվում են ժամանակավոր եռակողմ վերահսկիչ խմբեր: Դրանցում աբխազական, վրացական և  ռուսական կողմերի զինվորական ներկայացուցիչներն աշխատում են համատեղ և ուղղակիորեն կապված են գումարտակների, դիվիզիաների հետ և այլն: Խմբերի մեջ կա 3-9 մարդ: Մի շարք բնակավայրերում, որոնց շուրջ տեղի է ունեցել ուժգին մարտական գործողություններ, հիմնականում Գումիստա գետի երկայնքով, դրանք արդեն սկսել են գործել: Նշեմ, որ դիտորդներն իրավունք ունեն մեկնել հակամարտության գոտու որևէ մաս, հանդիպում ունենալ որևէ մեկի հետ, իսկ բնակչությանը նրանք պարզապես պարտավոր են ունկնդրել: Այսպիսով, այդ խմբերը յուրօրինակ նյարդային վերջույթներ են, որոնց միջոցով հնարավորություն է ստեղծվում վերլուծել իրադրությունը և ազդել նրա վրա:

— Ի՞նչ կլինի միացյալ հանձնաժողովի ժամանումից հետո:

— Կողմերը կհաստատեն միացյալ հանձնաժողովի կանոնադրությունը, կսահմանեն դրա աշխատակարգը: Այնուհետև հանձնաժողովի աշխատանքում կներգարվվեն ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի ներկայացուցիչներ, հավանաբար այն մարդկանցից, որոնք Թբիլիսիում ներկայացրել են այդ կազմակերպությունները:

Հանձնաժողովի աշխատանքների շրջանակը չափազանց լայն կլինի. դրանք կապված են նաև ճանապարհների ականազերծման երկաթուղային երթևեկության բացման, փախստականների վերադարձի հետ: Բայց ամենագլխավորն այն է, որ հաստատվի կայուն հրադադար և շուտափույթ կերպով ժամանեն միջազգային դիտորդներ: Մենք ակնկալում ենք, որ Անվտանգության խորհուրդն արդեն  այս շաբաթ որոշում կընդունի հակամարտության գոտի միջազգային դիտորդներ բերելու մասին և առաջին խումբը կժամանի արդեն եկող շաբաթ: Իսկ այնուհետև հարկ կլինի համաձայնագիր կնքել լիածավալ կարգավորման վերաբերյալ:

— Եթե այդ ձեռնարկումը հաջող ավարտվի, Ձեր կարծիքով այն կկարողանա՞ արդյոք նպաստել Կովկասի մյուս թեժ կետերում հակամարտությունների կարգավորմանը:

— Կովկասյան հանրապետությունները յուրօրինակ հաղորդակից անոթներ են, և նրանց խնդիրները մեկից անցնում են մյուսին: Ես միանգամայն համոզված եմ, որ եթե Աբխազիայում հաջողվի կրակը մարել, ապա դա բարենպաստ կերպով կանդրադառնա նաև Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման վրա: Ես չեմ հավատում առանձին քաղաքագետների հոռետեսությանը և հուսով եմ, որ աբխազական և վրացական կողմերի համաձայնության հասնելն օրինակ կծառայի մյուս հակամարտ ժողովուրդների համար: Ի դեպ, Վրաստանում անցկացված հանրային կարծիքի հարցումները ևս ցույց են տալիս, որ բնակչությունը հավանություն է տալիս այդ ձեռնարկմանը:

— Դուք ինչպե՞ս կբնութագրեք Ռուսաստանի կառավարության դերն Աբխազիայի հակամարտության կարգավորման մեջ:

— Այդ հակամարտության կարգավորման խնդիրը Ռուսաստանի նախագահը և կառավարությունը մշտապես պահում են իրենց տեսադաշտում և, հավատացեք, սրանք լոկ խոսքեր չեն: Նախագահի, կառավարության ուշադրության օրինակներն են, թե նախագահը ինչպիսի օպերատիվությամբ որոշում ընդունեց Սերգեյ Շոյգուին միացյալ հանձնաժողովի ռուսական խմբի ղեկավար նշանակելու մասին, և թե այն, որ երկու օրում պատրաստվեց որոշման նախագիծ Աբխազիայում հրադադարի համաձայնագրի կատարման միջոցառումների մասին: Ես գիտեմ, որ Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների տրված են մի ամբողջ շարք կարևոր հանձնարարություններ, որոնք կապված են այդ ձեռնարկման հետ: Մի խոսքով, Աբխազիայի հակամարտության կարգավորման թափանիվն արդեն պտտվում է և արագացնում ընթացքը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives