November 28, 2020

Բոլշևիկյան վտանգը

  • by Archives.am
  • 8 Months ago
  • 0
Ժողովուրդ, Երևան

Ժողովուրդ, 11 հունվարի, 1920թ., թիվ 2
Երևան, 11 հունվարի

Կուբանում տեղի ունեցած շարժումների առթիվ, ժամանակին մենք արտահայտել ենք այն միտքը, որ Դենիկինյանների փորձը վերականգնել Ռուսաստանը անհաջողության պիտի մատնվի, որ ռուսական հարցը մտնում է իր զարգացման նոր փուլի մեջ, որովհետև Կամավորական բանակը ձգտում է տիրապետողի դեր տալ պատմության գիրկը անցնող կալվածատիրական դասակարգին, իսկ մյուս կողմից ցանկանալով ստեղծել «Մեծ և Միացյալ Ռուսաստան» միանգամայն անտես է անում ռուսական նախկին կայսրության բազմաթիվ մանր ժողովուրդների արդարացի քաղաքական պահանջները։

Դաշնակից երկրների ղեկավարները, մանավանդ անգլիական կառավարությունը, լավ նկատելով այս հանգամանքը, վճռեցին չմիջամտել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, թողնելով, որ ինքը՝ ռուս ժողովուրդը ժամանակի ընթացքում որոշի իր բախտը։

Եվ այս հանգամանքը ճակատագրական նշանակություն ունեցավ ռուսական հակաբոլշևիկյան կազմակերպությունների համար։

Զարմանալի արագությամբ Դենիկինը սկսեց վերադարձնել բոլշևիկներին մեկը մյուսի հետևից իր նվաճած լայնածավալ նահանգները և այժմ կարմիր բանակները վերցնելով Տագանրոգը, մտել են Հյուսիսային Կովկասի սահմանները։

Այսպիսով, Կամավորական բանակը կրել է մահացու հարված, այնպես, ինչպես Կոլչակի և Յուդենիչի զորքերը և նա հազիվ թե այսուհետև կարողանա Ռուսաստանի «հավաքման» հավակնությունն ունենալ։

Իր անկախությունը ձեռք բերած և ազատ ապրելու ցանկություն ունեցող հայ ժողովրդի համար ռուսական քաղաքացիական կռիվը եղել է և մնում է, որպես ռուս ժողովրդի ներքին «ընտանեկան վեճը», բայց նա անխուսափելիորեն իր վերաբերմունքը պիտի ցույց տա դեպի կռվող կողմերը, եթե նրանցից որևէ մեկը ցանկանա իր «գործունեությունը» փոխադրել Կովկասյան լեռնաշղթայի այս կողմը և սպառնալ Հայաստանի անկախության։

Ո՞րը պիտի լինի հայ ժողովրդի վերաբերմունքը, եթե բոլշևիկները ցանկանան Անդրկովկասում և, մասնավորապես, Հայաստանում հաստատել Սովդեպեայում տիրող կարգերը։

Պատասխանը պարզ է։ Բազմամիլիոն ռուս ժողովուրդը, պարփակված իր լայնածավալ հայրենիքի սահմաններում, կարող է թույլ տալ իրեն «սոցիալական փորձերի» և քաղաքացիական կռվի թանկ նստող «զվարճությունը», իսկ փոքրաթիվ և արյունաքամ հայ ժողովրդի համար բոլշևիկյան կարգերը, բերելով լիակատար անիշխանություն, քաղաքացիական պատերազմ, նրան վերջնական բնաջնջման պիտի ենթարկեն։

Եթե Հայաստանում հաստատվի սովետական իշխանություն, պիտի կազմալուծվի մեր միակ ապավեն՝ երիտասարդ զորքը, հայ ժողովուրդը պիտի զրկվի դաշնակիցների օգնությունից, թե պարենավորման և թե քաղաքական, և մեր թշնամիները, որոնք դաշնակիցների շնորհիվ, չեն համարձակվում դուրս գալ իրենց որջերից, պիտի ոչնչացնեն հայ ժողովրդի մնացորդները։

Այստեղ հիշենք, թե ինչպիսի բարեկամական հարաբերություններ գոյություն ունեն երիտասարդ թուրքերի և բոլշևիկների մեջ։

Իսկ մյուս կողմից բոլշևիկների ձգտումը՝ հաստատել Անդրկովկասում սովետական իշխանություն, պիտի համարել ըստ էության շարունակությունը ռուս ժողովրդի «իմպերիալիստական» հակումների, քողարկված ուրիշ նշանաբանների տակ և հղի շատ ծանր հետևանքներով մանր ժողովուրդների համար։ Ուստի բոլշևիզմի հաղթանակը Անդրկովկասում՝ դա մահացու հարված կլինի մեր և մեր հարևանների անկախության համար։

Մեր խնդիրը հեշտանում է նրանով, որ բոլշևիզմը, որպես գործնական քաղաքական ծրագիր չի կարող իրագործվել համաշխարհային մասշտաբով, մեր մեծ հաղթական դաշնակիցները վճռել են ոչնչացնել բոլշևիզմը իր հայրենիքում երկաթյա օղակի մեջ և հենց ինքը՝ ռուս ժողովուրդը, վաղ թե ուշ իր ջանքերով կտապալի սովետական դաժան կարգերը։ Ահա թե ինչու բոլշևիկները ամեն մի փորձը վտանգելու Հայաստանի անկախությունը և խառնվելու նրա ներքին կյանքին, կգտնի սեփականասեր և օրինապաշտ հայ ժողովրդի կողմից միահամուռ բացասական վերաբերմունք, ահա թե ինչու նման դեպքերում Հայաստանի կառավարությունը պիտի ցույց տա վճռական ընդդիմադրություն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives