March 9, 2021

Բաքվի ուղղությամբ

  • by Archives.am
  • 103 Years ago
  • 0

Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115

ԹԻՖԼԻՍ, 17 հունիսի.— Ստացված ստույգ տեղեկությունների համաձայն, Սալօղլի կայարանի մոտից մինչև Լեաքի կայարանը երկաթուղագիշը գրավված է թուրքերից: Անդրկովկասյան Հեռագրական գործակալությունը ուղարկեց Բաքվի կողմը հատուկ թղթակից, որ անկարող եղավ անցնել Լեաքի կայարանից այն կողմը և այդտեղից հաղորդում է հետևյալ տեղեկությունները.

Սագիրի կայարանի և Կերար կիսակայարանի միջև, Բաքվից եկած խորհուրդների զորքերը զրահապատ գնացքի պաշտպանությամբ ձեռնարկել են ժողովելու արդեն հասած հունձը երկաթուղու շրջանում: Հավաքած հունձը խուրձեր կապած դրվեց վագոնների մեջ և ուղարկվեց Բաքու:

Աղդամում մի խումբ մահմեդականներ ցրել են տեղական ազգային կոմիտեն:

Նազիմ փաշան մեկնել է Արեշի և Գյոկչայի գավառները:

Գանձակի երկաթուղային վարչությունը հրահանգել է անհապաղ կազմել երկաթուղային մահմեդական ծառայողների ցուցակները, որպեսզի այդպիսիները նկատի առնվեն Ադրբեջանի մահմեդական ազգաբնակության առաջիկա զորահավաքի ժամանակ:

Բաքվի զորքերի մասերը, որոնք նախօրյակին գրավել էին Սագիրի կայարանը, առաջացան դեպի Կերար կայարանը և ցերեկվա ժամը 2-ին սկսեցին հրացանաձգություն իշխան Մաղալովի առաջավոր զորամասերի վրա: Վերջինիս շտաբը ետ է եկել դեպի Մյուսուսլի: Հետախույզները հայտնել են, թե բաքվեցիները ունեն մի մորտիրային ու երկու դաշտային բատարեաներ:

Գանձակից իշխան Մաղալովի զորաբաժինը ուժեղացնելու համար ուղարկված է զրահապատ գնացք և կամավորների զորախումբ երկու թնդանոթով:

Թիֆլիսից լույս հունիսի 12-ի գիշերը դուրս եկած ճանապարհորդական գնացքը մինչև Քյուրդամիր չհասավ և վերադարձավ Ուջարի կայարանից:

Նահանգական կոմիսար Զիաթխանովը պատվիրագրեց ձեռք առնել միջոցներ որոնելու ավստրիական օֆիցեր Բանդերին, որին կալանավորել են գնացքի մեջ Եվլախ կայարանի մոտ ինչ-որ անհայտ մարդիկ, որոնք իրենց անվանել են միլիցիոներներ: Օֆիցերը իր մոտ ուներ խոշոր գումար և պաշտոն ուներ, համաձայն Թիֆլիսի գերմանական դեսպանատան հանձնարարության, ուղարկել Բաքվից ավստրո-գերմանական գերիներին: Մինչև օրս որոնումները հետևանք չեն տվել:

ԵՎԼԱԽ, 14 հունիսի — Քյուրդամիրը գրավված է Բաքվի զորքերով: Այսօր Եվլախի վրայով անցան թուրքական երկու զորամաս, որոնք կանգ են առել Մյուսուլի կայարանում: Թիֆլիսից դուրս եկած ճանապարհորդական գնացքը մաքրվեց ճանապարհորդներից և գրավվեց թուրքական զորամասերով, որոնք շտապով դիմում են դեպի Արևելք: Կերարի և Քյուրդամիրի մոտ սպասվում է կռիվ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives