March 28, 2024

Բայրամի միլիոնները

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66

Կարսի դեպքերի առթիվ եղած հարցապնդման քննության ժամանակ, Ադրբեջանի սոցիալիստ պատգամավոր Կարաևը նախարարապետ Ուսուբբեկովին ուղղել է հետևյալ հարցը.

— Եթե իրապես կառավարությունը մասնակից չէ Կարսի շրջանի թրքության ապստամբական փորձերին, հապա ինչո՞ւ համար են Հայաստան ուղարկվում միլիոններ…

Կարաևի հարցը վերաբերվում է այն միլիոններին որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչները Երևանում պարբերաբար բերում են Բաքվից և բաժանում Հայաստանի սահմաններում ապրող թուրքերին՝ գրգռելով նրանց հայերի դեմ և դրդելով ապստամբության։ Կարաևն, անշուշտ, աչքի առաջ է ունեցել և այն միլիոնները, որ պ. Ախվերդովը բերելիս է եղել Թիֆլիսից «բայրամի առթիվ» թուրքերին բաժանելու նպատակով, բայց ճանապարհին ստիպված է եղել զիջելու… ավազակներին՝ չեզոք գոտում։

Ամեն ցինիզմ իր սահմանն ունի, բայց Ադրբեջանյան գործակալների ցինիզմը անսահման է։ Պ. Ախվերդովը, որի մասին այն կարծիքը կար, թե Խան-Թեքինսկուց ավելի ազնիվ և մաքուր մարդ է, Խան-Թեքինսկուն վայել ցինիզմով հայտարարում է, որ իր բերած միլիոնները հատկացված էին չքավոր թուրքերին բայրամի առթիվ բաժանելու, սակայն մոռանում է, թե ինչի են պետք Հայաստանում ապրող թուրք չքավորներին Ադրբեջանյան բոները, որոնք Հայաստանի սահմաններում շրջանառություն չունեն։ Պարզ է, որ այս միլիոնները պ. Ախվերդովը բերելիս է եղել ոչ թե թուրք աղքատներին բաժանելու, այլ Շարուր ու Նախիջևան ուղարկելու համար, որպեսզի Նախիջևանում նստած «ադրբեջանական նահանգապետ» Ջամալինսկին և տաճիկ բաշիբոզուկները ապստամբություններ առաջ բերեն Հայաստանի դեմ։ Պ. Ախվերդովը կույր շարունակողն է եղել Խան Թեքինսկու ստոր քաղաքականության, իսկ Ախվերդովի գործն այսօր շարունակում է Խան Մակինսկին… Այն շարժումները, որոնք սկսվել են Դաշբուռունի շրջակայքում ու Զանգիբասարում, ադրբեջանյան գործակալների ձեռքով ու նրանց դրամներով են կազմակերպված և նպատակ ունեն զբաղեցնել հայկական ուժերն այստեղ, որ Ղարաբաղում ու Զանգեզուրում Սուլթանովն ավելի հեշտ կարողանա գլուխ բերել իր սև դավը… Այս դրությունն այլևս անհանդուրժելի է. Հայաստանի կառավարությունը չի կարող շարունակել իր մեղմ քաղաքականությունը։ Նա պետք է վճռական և անխնա միջոցներ ձեռք առնի արմատախիլ անելու համար հայ և թուրք աշխատավորության գլխին պատուհաս դարձած արյունարբու պրովոկատորներին։ Բաքվի վարիչները թող չմոռանան, որ Հայաստանը սուվերեն պետություն է և թույլ չի տա դրսի մութ ձեռքերին շահատակություններ անելու իր ներսում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives