June 19, 2021

Բաբկեն Արարքցյան. «Մենք կգնանք խաղաղության ռիսկի»

  • by Archives.am
  • 23 Days ago
  • 0

Ազգ, 10 մայիսի, 1994թ., թիվ 86

— Բիշքեկյան հանդիպումը կարելի է համարել թվով չորրորդը ԱՊՀ շրջանակներում, ուր քննարկվեց Ղարաբաղի խնդիրը: Նախքան հանդիպումը որքա՞ն էր հաջողության հասնելու հնարավորությունները, և որքանո՞վ իրականացան:

— Երբ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշվեց ստեղծել խաղաղարար նախաձեռնությունների խումբ պրն Շերիմկուլովի ղեկավարությամբ, խնդիրն այն էր, որ այս խումբը պետք է ծանոթանա իրավիճակին: Խումբն այցելեց Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, ծանոթացավ իրավիճակի հետ, և առաջին անգամ Բիշքեկում փորձ կատարվեց քաղաքական մոտեցումներ ցուցաբերել հարցի լուծման վերաբերյալ: Եվ բիշքեկյան արձանագրության մեջ այդ քաղաքական մոտեցումներն արդեն արձանագրված են: Ի դեպ, դրանք այն մոտեցումներն են, որոնք վաղուց ի վեր հետապնդվում են Հայաստանի իշխանությունների կողմի:

Որոնք են դրանք. զինադադար, երաշխավորված խաղաղության պայմաններ, ապաշրջափակումների հարցի լուծում և այնուհետև դրանից հետո Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցություններ: Մի այլ կարևոր հանգամանք. այսօր առանց խաղաղարար կամ բաժանարար ուժերի հնարավոր չէ ստեղծել այդ երաշխիքները: Այդ ուժերի ստեղծումը առաջարկվեց բիշքեկյան արձանագրության մեջ, թեև թույլ ձևով: Մենք պնդում էինք, որ այդ կետը ավելի հստակ պետք է տրված լինի:

— Ադրբեջանը չստորագրեց և մենք չհասանք մեր ակնկալած արդյունքին: Դա հետ գցե՞ց խաղաղարար ընթացքը, թե ձեր կարծիքով, այնուամենայնիվ, առաջընթաց կար:

— Իհարկե, Ադրբեջանի չստորագրելը առաջին հայացքից, կարծես թե, արժեզրկում է այս փաստաթղթի իմաստը: Մյուս կողմից՝ շատ կարևոր եմ համարում, որ ԱՊՀ խաղաղարար խումբը, միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահի և իմ ստորագրությունները վավերացրին այդ քաղաքական մոտեցումները: Այդ առումով, բիշքեկյան արձանագրությունը մեծ նշանակություն ունի:

— Այս անգամ էլ ադրբեջանական կողմը ի չիք դարձրեց Ռուսաստանի հետ ունեցած այն պայմանավորվածությունը, թե Ղարաբաղը ճանաչվում է հակամարտության կողմ, բերելով ինչ-որ փաստարկներ: Բանակցությունների հետագա ընթացքը ի՞նչ առաջընթաց կունենա, եթե ամեն մի նոր հանդիպման ժամանակ Ադրբեջանը կրկին վերադառնում է նախորդ պայմանավորվածությանը:

— Ադրբեջանական կողմը ոչ մի փաստարկ չկարողացավ բերել, որպեսզի Ղարաբաղին չճանաչի որպես հակամարտության կողմ: Չկամությունը քողարկվեց դատարկ հայտարարություններով: Նախ՝ Բիշքեկում պարզ ասվեց, որ եթե Ղարաբաղւ չճանաչվի հակամարտության կողմ, ապա առաջընթացն անհնարին է: Երկրորդ, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն (չնայած իրենց բանավոր հայտարարություններին) գտնել ղարաբաղյան հարցի քաղաքական և քաղաքակիրթ լուծման ձևերը և հույսը դնում են ռազմականի վրա: Երրորդ, ես կարծում եմ, որ Ադրբեջանի չի կողմնորոշվել իր ընդհանուր քաղաքական դիրքորոշման վերաբերյալ: Հիշենք, որ նա սկզբից չմտավ ԱՊՀ, հետո մտավ, հայտարարելով, թե ԱՊՀ շրջանակներում պետք է լուծվեն այս հարցերը: Նա հրաժարվեց Բիշքեկի արձանագրությունը ստորագրելուց, որին, փաստորեն, մասնակցում էին ԱՊՀ կառույցները: Ադրբեջանի ներկա իշխանությունները չեն ճշտել իրենց ընդհանուր քաղաքական դիրքորոշումը, որն, իհարկե, արտահայտվում է նաև Ղարաբաղի հարցի լուծման ժամանակ:

— Ինչպե՞ս եք վերաբերվում երկկողմ բանակցություններին՝ առանց խաղաղարար ուժերի և այլ միջնորդների:

— Մենք դեմ չենք երկկողմ բանակցություններին: Հիշո՞ւմ եք, ես հանդիպեցի Ադրբեջանի ԳԽ նախագահ Գուլիևի հետ և մենք վարեցինք երկկողմ բանակցություններ: Մեր գնահատականներով, հնարավոր չէ առանց խաղաղարար կամ բաժանարար ուժերի ստեղծել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության համար:

Ես իմ ելույթում ասացի, որ երաշխիքները նույնիսկ հարյուր տոկոսով չեն կարող լինել, միշտ կա ռիսկ: Մենք կգնանք խաղաղության ռիսկի:

— Գուլիևի չգալը շատերի կողմից ընկալվեց որպես խուսանավում: Չե՞ք կարծում, որ այդ փաստաթուղթը չստորագրելը կարող է անդրադառնալ նաև Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա:

— Ես չեմ ուզում խառնվել Ադրբեջանի ներքին գործերին և գնահատական տալ: Բայց այստեղ իսկապես խախտվեցին նախնական պայմանավորվածությունները, ըստ որոնց պետք է հավաքվեին առաջին դեմքերը: Եվ իհարկե, շատ անհասկանալի հնչեց պրն. Ջալիլովի այն հայտարարությունները, թե ինքը այս կամ այն հարցի վերաբերյալ որոշումներ ընդունելու լիազորություններ չունի: Այդ դեպքում, անհասկանալի է, թե ինչո՞ւ են բանակցությունների ներկայանում մարդիկ, որոնք չունեն համապատասխան լիազորություններ:

— Իսկ դուք ինչո՞ւ էիք երկու օր շարունակ վարում բանակցություններ, եթե ի սկզբանե գիտեիք, որ նա լիազորություններ չունի:

— Ջալիլովը դա հայտարարեց երկրորդ օրվա վերջում, երբ արդեն բոլոր տեսակի փոխզիջումները կարծես թե ստեղծել էին, դա օգտագործվեց որպես վերջին փաստարկ արձանագրությունը չստորագրելու համար: Այդ վերաբերմունքն իր գնահատականն ստացավ և՛ Ռուսաստանի, և Ղրղըզստանի կողմից:

— Ձեր կարծիքով, ինչո՞ւ չեն ադրբեջանցիները համաձայնում, որպեսզի ռուսական խաղաղարար ուժեր մտնեն:

— Որովհետև նրանք ընդհանրապես հստակ քաղաքական կողմնորոշում չունեն: Այն, որ հենց այդ օրերին Ալիևը մեկնում է Բրյուսել ստորագրելու ՆԱՏՕ-ի պայմանագիրը, այնուհետև վերադառնում է Թուրքիա, իսկ ընդամենը մի քանի օր առաջ ելույթ ունենում է ունենում և կոչ անում ԱՊՀ կառուցվածքներին, որ նրանք այս հարցում միջնորդություն ցուցաբերեն:

— ԵԱՀԽ-ի, Ռուսաստանի, ԱՊՀ-ի ծրագրերը չե՞ն կարող խանգարել մեկը մյուսին:

— Իհարկե, զուգահեռ ընթացքները կարող են խանգարել, բայց այս հարցն արդեն ունի այնպիսի կարգավիճակ, որը վտանգում է ոչ միայն այս շրջանի կայունությունը, այլև կարող է ավելի մեծ ապակայունացման գործոն դառնալ, ավելի մեծ շրջանում: Այստեղ չպետք է հակադրել այդ գործոնները: Պետք է համադրել ԵԱՀԽ-ի և Ռուսաստանի տարբերակները, որովհետև քաղաքական սկզբունքներով նրանք համընկնում են: Ուղղակի Ռուսաստանի ծրագրում մեխանիզմներն ավելի հստակ են:

— Պրն. Արարքցյան, ինչպե՞ս կարելի է հույս դնել այդ ծրագրերի վրա, երբ մեկ տարի է արդեն խոսում ենք այդ մեխանիզմների մասին, բայց կոնկրետ առաջարկներ չկան, բացառապես վերջինի:

— Ո՛չ: Մեխանիզմներ կան և՛ ԵԱՀԽ-ի Վիեննայի փաստաթղթերում և Ռուսաստանի տարբերակներում, այլ բան է, որ ինչքանով են հստակեցված:

— Անվտանգության երաշխիքներ էլ…

— Այո, դրանք էլ կան և Վիեննայի փաստաթղթերում և Ռուսաստանի:

— Բայց դրանք չեն ընդունվում:

— Ամեն ինչ չէ, որ մի օրում է արվում, դուք գիտեք, որ հակամարտությունների լուծումը 30-40 տարի է պահանջում: Դեռ պետք է շարունակենք բանակցությունները: Ի վերջո, Ադրբեջանն էլ կհամաձայնվի, որ այլ ելք չկա, քան բիշքեկյան արձանագրություններում նշված քաղաքական մոտեցումները:

— Ձեր կարծիքով Ադրբեջանի ներկա իշխանություններն ի վիճակի՞ են այս պահին որևէ փոխզիջման գնալ:

— Ես կարծում եմ, որ ներկա իշխանություններն այս պահին ի վիճակի չեն: Մենք բացարձակապես ժխտում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարց կա: Այստեղ խնդիրը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մեջ է: Չնայած, որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել հակառակը: Սակայն աշխարհն այսօր ընդունում է դա: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցում է Ղարաբաղը, որը ձևականորեն վեհաժողովի անդամ չէ, բայց ամբողջ վեհաժողովը գտնում է, որ առանց Ղարաբաղի չի կարելի նման բանակցություններ վարել:

— Բայց մեծ փոխզիջում չէ՞ արդյոք հակամարտության կողմ ճանաչվելը:

— Այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի միջև կան որոշ հարցեր, որ պետք է լուծվեն. Արծվաշենի հարցը, սահմանային բախումները: Ուշադրություն դարձրեք, որ շատ փաստաթղթերում մենք ասում ենք, որ «այն մասով, որ վերաբերում է Հայաստանին»:

— Դուք ձեր ելույթում մի կարևոր ձևակերպում ևս մեջբերեցիք՝ «Հող խաղաղության դիմաց»: Դա նույնպես համարեցիք փոխզիջում: Բայց նախօրոք չունենալով երաշխիքներ, ինչքանով է նպատակահարմար նման փոխզիջման գնալը:

— Ես ասացի, որ բանաձևը կարող է գործել միայն երաշխիքների դեպքում: Բայց նորից կրկնեմ, որ 100 տոկոսանոց երաշխիքներ չկան և կա նաև ռիսկի պահ: Խաղաղության համար ռիսկի կարելի է գնալ:

Հարցազրույցը վարեց Հակոբ Ասատրյանը Բիշքեկ-Երևան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives