December 7, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները

Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Հատված

Աստվածատուր Խաչատրյան, Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները, Երևան, 2010թ.

Հայոց Ազգային խորհրդի 26-ի նիստում «Հայաստանի անկախության» գաղափարը մերժելեն հետո 28-ին կմերժվի նաև Թուրքիայի առաջարկած վերջնագիրն ալ և կառաջարկվի սպասել հայ պատվիրակներ Ալ. Խատիսյանի և Քաջազնունիի գալուն։ 29-ին կհասնին և անոնք, որոնք կուտան իրենց զեկուցումը և փոքրագույն չարիքը կհամարեն վերջնագիրն ընդունիլը։

Մայիսի 29-ին Հայոց Ազգային խորհուրդը կորոշե ստորագրել վերջնագիրը և նոր պատվիրակություն ընտրել Բաթում երթալու՝ այս անգամ Հայոց Ազգային խորհրդի կողմեն։ Երկու նախկին պատվիրակներուն կընկերանա Մ. Պապաջանյան, որոնք նույն երեկո կմեկնին Բաթում։ Իսկ Հայոց Ազգային խորհուրդը «կոչ» մը կհրատարակեր հայ ժողովուրդին հաղորդելու քաղաքական կացությունը։

Այս բանաձևը թեպետ մեծամասնությամբ կընդունվեր, բայց դեռ թերահավատներ շատ կային մինչև իսկ մտածողներ, «որ մենք անկախություն չենք ուզում, այլ մտնում ենք Ադրբեջանի հպատակության մեջ»։ Այսքան թույլ ու հուսահատական եղեր է ազատ Հայաստան ունենալու և անկախ ապրելու ոգին ու ձգտումը։

Բաթում գնացող մեր պատվիրակները սակայն ուրիշ իրականության առջև կգտնվեին։ Հոն հասնելով՝ հայ պատվիրակությունը նույն օրը՝ մայիսի 30 թվակիր նամակով մը կդիմեր Օսմանյան պատվիրակության նախագահ Խալիլ բեյին, որով կառաջարկեր անջատ բանակցություն վերսկսել Հայոց Ազգային խորհրդի անունով, որ ինքզինք հայտարարեր էր գերագույն իշխանություն։

Օսմանյան պատվիրակության նախագահը դեռ մայիս 27-ին Խատիսյանի և Քաջազնունիի հետ ունեցած տեսակցության մեջ հայտարարեր էր. «Ազգային խորհուրդին ինքը չի դիմեր և չի ալ կրնար դիմել, քանի որ չի ճանչնար այսպիսի մարմին մը»։ Եվ հետո ավելցուցեր «Թուրքիան բնավ դեմ չէ առանձին հայկական պետության մը կազմվելուն Կովկասի սահմաններում՝ օսմանյան գրաված գավառներեն դուրս մնացած մասերում»։ Ուստի պարզ էր, որ հայ պատվիրակները կրնային միայն անկախ պետության մը անունով ստորագրել Թուրքիայի վերջնագրի պահանջները։ Եվ հայ պատվիրակության նախագահ Խատիսյան Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ահարոնյանին հունիսի 2-ին գրած նամակում կհաղորդեր. «Մենք ստորագրեցինք դաշնագիրը Հայաստանի անկախ հանրապետության անունովը։ Այլապես անիմաստ բան է։ Ըստ այսմ մենք բոլորս կընդունենք, թե այս գործողությունը պետք է կատարել։ Կարելի չէ խոսել ինչ-որ «հայկական գավառներու» մասին, կարծեք մենք ինչ-որ ձևազուրկ բեկոր մըն ենք անտեր և անանուն»։

Այս նախնական համաձայնութենեն հետո հունիս 4-ին կստորագրվի հաշտության դաշնագրությունը, իսկ հետևյալ օրը պաշտոնական փոխանակություն և գործողության տեղեկագրի ստորագրությունը։ Այս հանդիսավոր արարողության ատեն ներկա էին օսմանյան պատվիրակության ամբողջ կազմը և Կովկասի ճակատի օսմ. Բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ փաշան, իսկ հայերու կողմեն՝ նախագահ Ալ. Խատիսյան, Հ. Քաջազնունի և Մ. Պապաջանյան։ Այս պատմական վավերաթուղթը (ֆրանսերեն) կսկսի այսպես. «Անդրկովկասի Հանրապետության լուծվելու հետևանքով՝ օսմանյան կայսերական պատվիրակությունը, որ Կովկաս ղրկված էր բանակցելու հաշտության մասին հիշված հանրապետության հետ և Հայաստանի Ազգային Խորհրդի պատվիրակությունը սկսան բանակցություններ Բաթումի մեջ՝ նպատակ ունենալով հաշտության և բարեկամության դաշն կնքելու օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև։

Լիակատար նիստը տեղի ունեցավ cercle սրահում հունիսի 4-ին 1918թ.-ին Խալիլ բեյի նախագահությամբ։

Խալիլի ճառը։ — Պարոն պատվիրակներ։ Այսօր մենք մեր ստորագրությունը կդնենք սկզբնական (initial) գործի մը տակ, որ միջազգային ընկերության մեջ կորոշե տեղ մը հայկական հանրապետության համար, որ կճանչնա Հայաստանի գոյությունն ու անկախությունը՝ Կովկասում նոր կազմված պետություններու մեջ…։

Չեմ ուզեր բնավ կանգ առնել վերհիշելու պայքարի այն ողբալի փուլերը, որոնք կատարվեցան մեր ու հայերու մեջ…։

Կփափագեմ միայն հոս նկատել, որ վերջին րոպեին օսմանյան կայսերական կառավարությունը մեծ վճռականությամբ տիրեց իր զգացումներուն և ինծի հանձնարարեց ստորագրել վավերագիր մը, որ կճանչնա հայ կառավարության մը գոյությունը։

Կսիրեմ հավատալ, որ հայ ազգը կըմբռնե Օսմանյան կայսերական կառավարության այս որոշումի ամբողջ կարևորությունը և հուսալի է, որ այս օրը նոր համաձայնության դարագլուխ մը կբանա ձեր և մեր ժողովուրդներու համար»։

Այս ճառին կպատասխանե հայ պատվիրակության նախագահը.

«Հայաստան, որու անունով խոսելու պատիվն ունեմ, երկար տարիներե հետ շատ զոհողություններ հանձն առեր է ազգային գոյության իրավունքը ձեռք բերելու համար։ Այսօր նա ստացավ պաշտոնապես և անկախ պետություններու ընտանիքի մեջ մտավ։ Այս մեծ օրը հանդիսավոր թվական մըն է հայերու պատմության մեջ։ Թեպետ նոր պետության երկիրը մեծ ալ չլինի, հայ ազգի սերը դեպի ազատություն և դեպի մշակույթը, աշխատելու ընդունակությունն անոր համար պիտի ապահովեն, կհուսամ, արժանավոր տեղ մը դրացի պետություններու շարքում»։

Նախագահի առաջարկությամբ կսկսեն ստորագրել բանակցության արդյունք եղած գրությունները։ Մեկ դաշնագիր հաշտության և բարեկամության, հակակից երեք լրացուցիչներով։ Մեկ հավելվածական դաշնագրություն, լրացուցիչ վավերաթղթով մը։ Մեկ պայմանագիր՝ Անդրկովկասի երկաթուղիներուն վերաբերյալ նյութերը բաշխելու շահակից պետություններու միջև։ Կրկին օրինակներ պատրաստված և փոխանակված։ Նիստը փակվեցավ ժ. 6-ին։ Զորավար ֆոն Լոսովեն հետո օսմանյան պատվիրակության նախագահ Խալիլ բեյը և Վեհիբ փաշան առաջին անգամ կխոսեին Հայաստանի անկախության մասին և կհայտարարեին, թե օսմանյան կառավարությունը հակառակ չէ, եթե Կովկասում Հայաստանի մնացած հողամասի վրա կազմվի հայ պետություն մը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives