July 27, 2024

Աստված օգնական և նախագահին, և մեզ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Խորհրդածություններ Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ և Կանադա կատարած պաշտոնական այցից հետո

«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315)

Ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցելությունը ԱՄՆ և Կանադա։ Այցելությունը, ըստ հյուսիս-ամերիկյան մամուլի գնահատականի, որի ուշադրության կենտրոնում էր Հայաստանի ղեկավարի շրջագայությունը, դրեց հանրապետության ակտիվ քաղաքականության հիմքը։ Դա զգացվում Էր նաև խորհրդային կենտրոնական մամուլի և հեռուստատեսության մեկնաբանություններից։ Չէ՞ որ սովորաբար հանրապետության ղեկավարների, վերջերս հաճախակի դարձած ճամփորդությունները կենտրոնում դիտվում Էին որպես ոչ մեծ նշանակություն ունեցող իրադարձություններ, որոնք կոչված էին հանրապետությունների հռչակած ինքնիշխանությունն ավելի ցայտուն դարձնելուն։ Սակայն ինքնիշխանության և անկախության ձեռքբերման գործընթացը դուրս եկավ Գորբաչովի գլխավորությամբ խորհրդային կառուցվածքների գծած կավճաշրջանի շրջանակներից։

Եվ եթե Գորբաչովը և «դաշնակիցները» կարծես թե համակերպվել են Բալթիայի կորստի հետ, ապա մյուս հանրապետությունների վրա իրենց ունեցած իրավունքներից հրաժարվել չեն ուզում, ինչը վկայում են նովոօգարովյան գործընթացի վերակենդանացման փորձերը։ Մինչդեռ Հայաստանը քայլ առ քայլ գնում Է դեպի լիակատար անկախություն։ Եվ դա նկատելի Է։

Պատահական չէ, որ «Իզվեստիան» ընդարձակ ինֆորմացիա էր հրապարակել Լևոն Տեր-Պետրոսյանի այցելության մասին, «Լևոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց Հայաստանի անկախության ճանաչումը» խանդատագնապահույզ վերնագրով։ Եվ, ինչպես ՀՀ նախագահը նկատեց նոյեմբերի 19-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, միայն այդ եզակի փաստը վկայում է, որ համաշխարհային հանրության կողմից Հայաստանի անկախության ճանաչումը օրակարգային հարց է։ Եվ ավարտված այցելությունը դրա ևս մի վկայությունն է։

Հայկական պատվիրակության այցելության ժամանակագրությունը բավականաչափ մանրամասն նկարագրված է։ Մեր թերթում տպագրվել է մամլո ասուլիսի հաշվետվությունը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրագումարի բերեց Հյուսիսային Ամերիկա կատարած իր այցելությունը։ Ուստի, կանգ կառնեմ միայն կարևոր պահերի վրա։

ԱՄՆ-ում ՀՀ նախագահը հանդիպումներ ունեցավ ամենաբարձր մակարդակներում։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանի Վաշինգտոն կատարած առաջին այցելության ժամանակ, նա հանդիպեց միայն ԱՄՆ-ի պրեզիդենտի ազգային անվտանգության գծով օգնականի՝ Սքոուքրոֆթի հետ։ Այս անգամ պաշտոնական հանդիպումներ եղան պետքարտուղարի պաշտոնակատար Իգլբերգերի (որը փոխարինում էր Պեկին մեկնած Բեյքերին), սենատի (ԱՄՆ-ի կոնգրեսի վերին պալատի) նախագահ Ֆոլիի, կոնգրեսում հանրապետական մեծամասնության և ժողովրդավարական փոքրամասնության ղեկավարների՝ Միտչելի և Դոուլի և, վերջապես, Ջորջ Բուշի հետ, որից հետո Տեր-Պետրոսյանը կարճատև մամլո ասուլիս անցկացրեց Սպիտակ տան առջևի բացատում (նշենք, որ դիվանագիտական պրոտոկոլի համաձայն, այդ պատվին ամեն ոք չի արժանանում)։

ՀՀ նախագահի պատվին կազմակերպվեցին նաև ընդունելություններ, «որոնց մասնակցում էին սենատորներ, ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ-ի մի շարք երկրների դեսպաններ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Այո, Միացյալ Նահանգներն առայժմ խուսափեց Հայաստանի անկախության ճանաչումից։ Դրա պատճառ են հանդիսանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանի շարադրած հանգամանքները։ Դրանք թե՛ երկու գերտերությունների փոխադարձ պարտավորություններն են (ԽՍՀՄ-ը, չնայած քայքայմանը և տարբեր պետությունների բաժանմանը, իր միջուկային հզորության առկայության պայմաններում, ռազմաստրատեգիական իմաստով, շարունակում է մնալ խոշորագայն տերություն), թե՛ Միության հսկայական արտաքին պարտքի մարումը և թե՛ անկախ հանրապետությունների և կենտրոնի միջև եղած հարաբերությունների (քաղաքական, ֆինանսական, ռազմական և այլն) անկազմակերպվածությունը։ Եկեք չմոռանանք և Նահանգներին բնորոշ զգուշավորությունը։

Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն Մերձբալթյան հանրապետություններին միշտ Էլ համարել Է ԽՍՀՄ-ի կողմից անօրինական կերպով զավթված, այսուհանդերձ, նրանց անկախությունը ճանաչող պետությունների երկրորդ տասնյակի մեջ էր:

Այդ դեպքում ինչո՞վ Էր հիշարժան այցելությունը։ ՀՀ նախագահն անձնական կապեր ստեղծեց ամերիկյան վարչական ապարատի և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ, ինչը չափազանց կարևոր է միջազգային քաղաքականության մեջ։ Ամերիկայում, ինչպես նաև Կանադայում ավելի լավ ճանաչեցին Հայաստանը, նրա հիմնահարցերը և համաշխարհային հանրության շարքերը որպես լիարժեք անդամ վերադառնալու մեր հանրապետության վճռականությունը։ Ըստ Տեր-Պետրոսյանի, ընդունող կողմը լրջորեն պատրաստվել էր այցելությանը: Օրինակ՝ Իգլբերգերը «զինված» էր դեպարտամենտի պատրաստած 10 էջանոց ուսումնասիրությամբ, որի շնորհիվ ծանոթացել էր, մեր հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններին և արմատական փոփոխություններին։ Իսկ Կանադայում, այցելության նախօրյակին, առանձին գրքույկ էր հրապարակվել։

Ջորջ Բուշի վրա մեծ տպավորության թողեցին Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները։ Իսկ կոնգրեսականների մեծամասնության կարծիքով, Հայաստանը նախկին Միության հանրապետություններից ամենապատրաստն է ազատ շուկային։ Իսկ ազատ ձեռներեցության խրախուսումը և ժողովրդավարական բարենորոգումները (դա անհրաժեշտ է գիտակցել նրանց, ով գտնում է, որ Հայաստանին ժողովրդավարության պետք չէ), մեր հանրապետությանը ճանաչելու, օգնելու, համագործակցելու և երիտասարդ պետություններն իր ընկերակցության մեջ ընդգրկելու Արևմուտքի պատրաստակամության համար անհրաժեշտ պայմաններ են։ Ի դեպ, մեզ մոտ ժողովրդավարական բարենորոգումների շարունակման հույս հայտնեց նաև Կանադայի վարչապետ Բրայան Մալրունին։

Կարծում եմ, որ հենց դրանք ազդեցին ձմռանն անմիջականորեն Հայաստանին հումանիտար օգնություն ցույց տալու Միացյալ Նահանգների որոշման, ինչպես նաև մեզ վարկեր տրամադրելու համար արևմտյան բանկերի առջև բարեխոսելու և հանրապետությունում նորագույն արտադրաեղանակներ ներդնելու ու հանրապետության համար կադրեր պատրաստելու ԱՄՆ-ի պատրաստականության վրա։ Կողմերը համաձայնել են նաև ուղիղ օդային կապ հաստատել Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև, ինչպես նաև հաջորդ տարի Հայաստանում հյուպատոսություն բացել։ Իսկ Կանադան մեզ կտա 250 հազար տոննա հացահատիկ։

Այս ամենը խոսում է այն մասին (և ՀՀ նախագահը քանիցս ընդգծել է այս հանգամանքը), որ Արևմուտքը ստիպված է հաշվի նստել այն փաստի հետ, որ իրական իշխանությունն անցնում է հանրապետություններին, որոնք, ի դեպ, ավելի արագ և արմատականորեն են անցկացնում բարեփոխումները։

Այցը նաև հնարավորություն տվեց մեկ անգամ ևս ամենաբարձր մակարդակով բարձրացնել Արցախի հարցը, որը Հայաստանի և Ադրբեջանի կողմից անկախություն հռչակելուց հետո դադարել է ԽՍՀՄ ներքին գործ լինելուց և պահանջում է համաշխարհային հանրության միջամտությունը։ Ինչպես նշեց ՀՀ նախագահը, Միացյալ Նահանգները և Կանադան խոստացել են այդ ուղղությամբ որոշակի միջոցառումների ծրագրեր մշակել։

Ամեն ինչից դատելով, ամերիկացիները կխորհրդածեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի բարձրացրած մեկ այլ հարցի շուրջ։ Դա առաջավոր Ասիայի տարածքաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության խախտումն է Թուրքիայի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչումից հետո։ Եվ քանի որ Միացյալ Նահանգները և Կանադան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիայի դաշնակիցներ են, նշանակում է, նրանք որոշակի պատասխանատվության են կրում երկրագնդի այդ մասի կայունության և խաղաղության պահպանման համար։ Հայաստանի նախագահը պարզորոշ հասկացրեց, որ խախտված հավասարակշոաթյան վերականգնման համար անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ պետությունները որոշակի քայլեր ձեռնարկեն ի նպաստ Հայաստանի։

Եվ, այնուամենայնիվ, ե՞րբ և ո՞վ մեզ կճանաչի։ Մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահը վստահություն արտահայտեց, որ Հայաստանի հետ առաջինը դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն համաշխարհային քաղաքականության մեջ մեծ դեր չխաղացող պետությունները, նախկին սոցիալիստական ճամբարի, Մերձբալթիկայի, Լատինական Ամերիկայի երկրները։ Հենց այդ տեսանկյունից էլ անհրաժեշտ է դիտարկել Արգենտինայի նախագահ Կարլոս Մենեմի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի զրույցը Վաշինգտոնում, որի ընթացքում նրանք պայմանավորվել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի այդ պետություն պաշտոնական այց կատարելու մասին։

Ի դեպ, արտգործնախարարության նոր ղեկավարի մասին։ Պետք չէ մտածել, որ ամերիկացիները զուրկ են սնափառությունից։ Նրանց ինքնասիրությունը շոյում է այս բարձր պաշտոնում ԱՄՆ-ի քաղաքացու նշանակումը։ Պատահական չէ, որ «Վաշինգտոն պոստը» հոդված է տպագրել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին (նոյեմբերի 21-ին մեր թերթը հրապարակել է այդ հոդվածը), որը լի էր ամերիկյան մամուլին ընդհանրապես ոչ հատուկ գովեստի խոսքերով։

Խորհրդանշական է նաև այն, որ դիվանագիտական կապեր հաստատելու մասին առաջին պայմանագիրը (Լիտվայի և Հայաստանի միջև) մեր կողմից ստորագրել է այդ երիտասարդ նախարարը։

Հայաստանի նախագահի այցը դրեց ՀՀ ակտիվ արտաքին քաղաքականության սկիզբը։ Աստված օգնական և՛ նախագահին, և՛ մեզ։

Տիգրան Հակոբյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives