December 3, 2024

Ապստամբություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր

Հայաստանի աշխատավոր, 9 հուլիսի, 1919թ., թիվ 91

Խմբագրական
Երևան, 9 հուլիսի

Նորից խաբված է Հայաստանի հանրապետական կառավարությունը, նորից մեր երկրում, մեր աշխատավորական հանրապետության դեմ գլուխ են բարձրացրել հակահեղափոխական տարրերը, որոնք իրենց հրահանգները ստանում են Ադրբեջանից և Թուրքիայից:

Բոյուք-Վեդին ամիսներ շարունակ իր ապստամբ քինախնդրությամբ վրդովում է մեր կառավարության խիղճը և նրան հնար չի տալիս բարեկարգելու իր պետության սահմանները:

Բոյուք-Վեդիում թուրք բեկերի և տաճիկ ագենտների կամակատարները ամիսներ շարունակ զինական պատրաստությունից հետո, հայ աշխատավոր գյուղացիության մասնակի կոտորածներից հետո հուլիսի սկզբներին գնդացիրներով դիմավորում են հայ զորքի առաջապահներին, որոնք գնում էին կարգ վերահաստատելու և հանցավորներին օրինական պատասխանատվության տալու: Փաստորեն կռիվ է հայտարարված հայ աշխատավորության դեմ: Այս դեպքը ազդանշան է մի ընդհանուր հակահեղափոխական շարժման, որն ուղղված է բացառապես հայ դեմոկրատիայի դեմ, նրա պետական ինքնօրեն կյանքի դեմ:

Այս դեպքը գերազանցորեն քաղաքական ապստամբություն է մի ըստ ամենայնի դեմոկրատիկ երկրի կարգերի դեմ և չունի ոչ մի արդարացում ու ոչ մի փափկանկատում չի կարող քավել այն:

Ով թշնամի է մեր հանրապետության, նա թշնամի է նաև մեր աշխատավորության, հետևաբար պետք է պատժվեն խստորեն բոլորը: Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ունենա լոյալ, խաղաղ ու բարյացակամ թիկունք, այնքան ժամանակ կմնա թույլ ու անկամ՝ որպես պետություն, և հանցավոր՝ որպես հեղափոխական-դեմոկրատիկ մի կառավարություն:

Լռությամբ չի կարելի անցնել այս քաղաքական սկանդալի վրայով:

Մինչդեռ այլ երկրներում այս դեպքը առաջ կբերեր կառավարական կրիզիս, զորական նախարարության անկում ու պատասխանատվություն, մեզ մոտ լռում են բոլորը, չքմեղ ձևանում նոքա, որոնք պետք է այսօր պատասխան տան հայ աշխատավորության, թե ինչպես և հանուն ինչի է շարժվել ու մեր զորքին դիմադրել գնդացիրներով Բոյուք-Վեդին:

Հայաստանի կառավարությունը չպետք է տատանվի պաշտպանելու իր պետությունն ու իր զորքի պատիվն ու հայ աշխատավորությանը: Քաղաքական սենտիմենտալիզմը և հեղափոխական գթառատությունը չի կարելի դնել մի քաղաքականության հիմքում:

Ամեն ինչ կյանքում կարելի է բացատրել, այդ չէ մեր ուզածը, բացատրությունները չեն, որ պետք է ստեղծեն մի դեմոկրատիկ հանրապետություն, և դեմոկրատիզմ՝ չի նշանակում բնավ միամտություն, անփութություն և ներքին ապստամբության հանդուրժում:

Ոչ մի կառավարություն չի կարող հաշտվել և ընդունել այս կազմակերպված դավաճանությունը մեր պետության դեմ, հակահեղափոխականների կողմից: Հանցանքներ կան, որոնք ոչ մի արդարացում չունեն, և ոչ մի քաղաքական ռեվերանս չի կարող ընդունելի լինել:

Բոյուք-Վեդիի դեպքը ոչ մասնավոր բնույթ ունի և ոչ էլ կապված է մասնավոր անհատների հետ: Բոյուք-Վեդին կշռաչափն է մեր ներքին ողջ քաղաքականության անհեռատեսության և մի քաղաքական ապտակ էր նրանց համար, որոնք «յոլա տանելու» դավանանքն ունին:

Կանխել է պետք. Վտանգը սկսված է… պատասխանատվության պետք է կանչել բոլոր նրանց, որոնք իրավորեն պատասխանատու են Բոյուք-Վեդիի դեպքերի համար: Հեղափոխական կռիվ բոլոր այն ուժերի դեմ, որոնք մեր հանրապետության դեմ են և ներքին մինչայժմյան քաղաքականության վերագնահատում: Փաստորեն Բոյուք-Վեդին հարվածեց մեր աշխատանքին, և նոքա, որոնք կանգնած են հայ աշխատավորության աշխատանքի պաշտպանության տեսակետի վրա ու հեղափոխության ավանդների մարտիկներն են, պետք է որ զգաստանան: Երեկ սխալ էինք, այսօր գոնե պետք է լինենք կտրուկ և հավատարիմ հայ աշխատավորության: Չպետք է մոռանալ Բոյուք-Վեդին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives