July 27, 2024

Ախալքալաքի հարցը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 5 դեկտեմբերի, 1918թ., թիվ 76

Խմբագրական

Վրաստանի արտաքին գործերի Ե. Գեգեչկորին ասել է Թիֆլիսի հայ գործիչներին, թե Վրաստանում չկա մի մարդ, որ համաձայնի Ախալքալաքի գավառը զիջել հայերին:

Եթե խոսքը Գորու շրջանի Ախալքալաք գյուղի մասին է, իհարկե, պարոն մինիստրին ոչ ոք չի առարկի, բայց եթե հարցը Ախալքալաք գավառին է վերաբերում, այն ժամանակ մենք էլ կասենք, թե՝

— Հայաստանում չկա և ոչ մի մարդ, որ համաձայնի Ախալքալաքի գավառը որևէ մեկին զիջել:

Ախալքալաքի գավառը, ինչպես և Բորչալուն, վրաց դեմոկրատիայի ղեկավարների համար դարձել է գայթակղության քար: Դեռ երեկ նրանք ճառում էին ազգերի իրավունքի մասին: Դեռ երեկ նրանք փառաբանում էին ռուսական հեղափոխության առաջ բերած ժողովուրդների ինքնորոշման գաղափարը, և հանուն այդ գաղափարի ջատագովում էին Վրաստանի անկախությունը…

Այսօր նրանք այլ երգ են երգում: Նույնիսկ ամենից քիչ ազգայնամոլ համարված Գեգեչկորիի բերանով հավակնություն են հայտնում մի գավառի վրա, ուր գրեթե ոչ մի վրացի գոյություն չունի: Ինչպես Ի. Ծերեթելին է հիմնավորել, Ախալքալաքի գավառը անհրաժեշտ է Վրաստանին տնտեսական և մանավանդ, ռազմագիտական նպատակներով: Իսկ եթե այդ Ախալքալաք կոչված գավառը զուտ հայկական է և նրա մեջ ապրող ազգաբնակությունը վճռականապես դեմ է Վրաստանին միանալուն, այդ սոցիալ-դեմոկրատ Ծերեթելիի վեջը չէ: Ծերեթելին չի կամենում մտածել և այն բանի վրա, որ եթե Ախալքալաքը «ռազմագիտական» նկատառումներով անհրաժեշտ է Վրաստանին, նույնքան և ավելի մեծ չափով հարկավոր է նաև Հայաստանին:

Ախալքալաքը, իհարկե, Հայաստանի անբաժան մասն է կազմում: Այս մասին Հայաստանում երկու կարծիք չկա. բոլոր կուսակցություններն այս տեսակետի վրա են կանգնած: Այսօր հայկական Ախալքալաքը կամենում են գրավել Վրաստանի ղեկավարները: Ինչպես ասում են, նույնիսկ տաճիկների և նրանց մեջ համաձայնություն էլ է գոյացել, որ տաճիկ զորքերը հեռանալիս Ախալքալաքը հանձնեն վրացիներին, և գեներալ Մակաևի զորամասը պատրաստ կանգնած է Բակուրիանիում, որ առաջ շարժվի:

Պարզ է, որ Վրաստանի այս ագրեսիվ և անարդար քայլը պետք է հանդիպի Հայաստանի կառավարության և բովանդակ ժողովրդի կողմից բուռն դիմադրության, և հայ-վրացական հարաբերությունները, որ առանց այն էլ լարված են, ավելի ևս պիտի վատանան: Ո՞վ է օգտվելու դրանից, թող վճռեն ժորդանիաներն ու գեգեչկորիները, որոնք պատրաստվում են երկու եղբայրակից ժողովուրդներին կռվեցնել իրար հետ: Թող մտածե վրաց սոցիալ-դեմոկրատիան, որ իր դրոշի վրա գրել է «ազգերի ինքնորոշում» նշանաբանը, իսկ իրականի մեջ խեղդում է ազգերի իրավունքը և պատրաստվում է «երկաթող և արյունով» նվաճելու հայաբնակ, Հայաստանի մասը կազմող և Վրաստանի հետ միանալ չուզող Ախալքալաքը:

Անդրկովկասը ազգերի խառնարան է հանդիսանում: Այս երկրի խաղաղությունն ու բարգավաճումը ամբողջապես կախված է երեք գլխավոր ժողովուրդների — հայերի, թաթարների և վրացիների համերաշխ կենակցությունից: Դժբախտաբար, թաթարները գործիք դարձան տաճիկների ձեռքին և միառժամանակ առանձնացան անդրկովկասյան մյուս ազգություններից: Վրացիների ընթացքը նույնպես ոչնչով չի նպաստում համերաշխության: Տարված ինչ-որ իմպերիալիստական ու վեհապետական ցնորքներով, վրաց ղեկավարները հիվանդագին զգայուն են, երբ որ խնդիրը իրենց է վերաբերվում, և անսահմանորեն անտարբեր կան անգութ, երբ խոսքը հարևանների մասին է: Այսպիսի մտայնությունն, իհարկե, չի կարող ապահովել Անդրկովկասի անդորրությունն ու ժողովուրդների եղբայրական միությունը:

Ախալքալաքի խնդիրը վրաց գործիչների ցավագար տրամադրության արտահայտություններից մեկն է: Նրանք մոռանում են, որ այսօր՝ տաճիկների օժանդակությամբ կամ օգտվելով իրենց, համեմատաբար, ավելի բարեհաջող պայմաններից, թերևս, գրավեն Ախալքալաքը, բայց դրանով նրանք Անդրկովկասում կստեղծեն մի երկրորդ Էլզաս-Լոթարինգիա, որ միշտ կռվախնձոր կլինի երկու հարևան ժողովուրդների միջև: Եվ որ այդ այդպես կլինի, դրան վկա այն, որ — Հայաստանում չկա և ոչ մի մարդ, որ համաձայնի Ախալքալաքի գավառը որևէ մեկին զիջել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives