December 7, 2024

Ալեքսանդրապոլի ավանտյուրան վերջացած է

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Յառաջ, 16 մայիսի, 1920թ., թիվ 101

Ալեքսանդրապոլի ավանտյուրան վերջացած է. խառնակիչների մի մասն անձնատուր է եղել, մյուս մասը փախել է։ Մեռել է ամբողջ գործը՝ օրապակաս մանուկի նման։ Այդպես մեռնում են նրանք, որոնք որևէ օրգանական կապ չեն հաստատում իրենց և հանրության որևէ դասի հետ։ Նրանց, այդ հոգեկան ստահակներին, հանրային շահը չէ, որ հետաքրքրում է, այլ եսական, իշխանական տենչերը, հանրությունը նրանց համար նպատակ չէ, որին նվիրեին իրենց լավագույն ուժերը, այլ մի միջոց, որին պիտի ծառայեցնել իրենց անձնական նպատակներին։ Եվ պատմությունը հաճախ նրանց ապտակ է տալիս, շշմեցուցիչ և զգաստացնող մի դաս, որ ունենում է ժամանակակիցների և ապագա սերունդի համար բարոյական նշանակություն։

Ալեքսանդրապոլի ավանտյուրան քաղաքացիական պատերազմ չէր, որովհետև տարբեր հասարակական դասակարգեր երևան չէին գալիս պայքարելու քաղաքական իշխանության համար։ Նա զրահապատի ուժի վրա հենված մի խումբ բախտախնդիրների կարճատև իշխանությունն էր զորքի և ժողովուրդի վրա։

Ավանտյուրան ճնշված է, բայց հետևա՞նքը… Թվում է, թե մեր պետականության համար այս դեպքն ունի խոշոր նշանակություն։ Նրա հաղթությունը բարոյական է, զորքն ու ժողովուրդը իր կառավարության հետ են։ Կատարվածը մի չափանիշ է որոշելու զորքի ու ժողովրդի նվիրվածության, կարողության և հայրենապաշտության աստիճանը։

Հանրապետության բոլոր կողմերից տեղացող հեռագիրներն այլևս ոչ մի կասկած չեն թողնում, որ հայ ազգի զինված բազուկը պատրաստ է պաշտպանելու այն, ինչ որ արյունով է ձեռք բերված։ Կամավորների այն պատկառելի թիվը, որ հավաքվեց Ալեքսանդրապոլ արշավելու իր խոսքն ասելու դավաճաններին՝ անառարկելի ապացույց էր, որ ժողովրդային հոծ զանգվածները հասկանում են մոմենտը և կառավարության հետ են։ «Չիք չարիք, առանց բարիքի», ասել է մի հին առած և այժմ դա ավելի քան ճշտվում է։ Եթե անխուսափելիորեն մարմնի վրա վերք պիտի գոյանա ու հավաքի մարմնի մեջ ամբարված թարախը, ապա թող շուտ լինի՝ փորձելու մարմնի դիմացկունությունն ու կայունությունը։ Եթե Ալեքսանդրապոլի դեպքերը ճակատագրորեն պիտի տեղի ունենային, ապա լավ եղավ, որ տեղի ունեցավ այդքան շուտ, որովհետև նա ցուցահանեց մեր կորովը, խիզախությունը, մոմենտի ճշմարիտ գնահատությունը ու նվիրվածությունը մեր հեղափոխական կառավարության ու մեր ժողովրդի բնաբանին՝ Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives