July 26, 2024

Ադրբեջան. ճգնաժամը խորանում է

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Երկիր, 11 հունիսի, 1993թ., ուրբաթ

Հ. Ալիևը պայմաններ է թելադրում

Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյը Նախիջևանի Գերագույն մեջլիսի ղեկավար Հ. Ալիևին առաջարկել է հանրապետության վարչապետի պաշտոնը: Հ. Ալիևը մտորելու ժամանակ է խնդրել: Այս մասին հայտնել են Ադրբեջանի նախագահի մամլո կենտրոնից: Աբուլֆազ Էլչիբեյի և Հեյդար Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հունիսի լույս 10-ի գիշերը, փակ դռների հետևում:

Տեղական դիտորդների կարծիքով, ստեղծված իրավիճակում Նախիջևանի ղեկավարը կնախընտրեր զբաղեցնել հանրապետության ԳԽ նախագահի պաշտոնը, ինչը զգալիորեն կամրապնդեր նրա դիրքերը Ադրբեջանի պետական իշխանության կառույցներում, այն դեպքում, երբ վարչապետի պաշտոնը՝ նախարարների դահլիճի լիազորությունների խիստ սահմանափակության պայմաններում, կարող է Հ. Ալիևի համար խոչընդոտներ ստեղծել իր քաղաքականությունն իրագործելիս:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատի արմատական թևը, որը գլխավորում է Ֆ. Գուլիևը, խիստ թշնամական դիրքորոշում ունի Ալիևի նկատմամբ:

Օրերս հանրապետության հեռուստատեսությամբ հաղորդված ԱԺՃ-ի գործկոմի հայտարարության մեջ խոսվում էր «համայնավարական բռնապետության վերականգնման» սպառնալիքի մասին, որի կրողը ժողովրդական ճակատի արմատականների կարծիքով, նախիջևանյան խորհրդարանի ղեկավարն է, որն անցյալում զբաղեցրել է հանրապետության համայնավար կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնը:

Հունիսի 9-ին կայացել է հանրապետության մեջլիսի նիստը, ուր ելույթ են ունեցել «ուժային նախարարները»՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Դ. Ռզաևը և ՆԳ նախարար Ա. Ալահվերդիևը: Նախարարները հայտարարել են, որ իրենց գերատեսչությունների գործողությունները լիովին համապատասխանում են Ադրբեջանի Սահմանադրությանը:

Նախարարների ելույթների և Գյանջայի իրադարձությունների հետաքննության պետական հանձնաժողովի զեկուցման քննարկման արդյունքում որոշվել է Գյանջայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կրկնական հետաքննության համար ստեղծել խորհրդարանական հանձնաժողով:

Հավանաբար հանձնաժողովի ստեղծման պատճառ է դարձել այն, որ Միլի մեջլիսի պատգամավորներին չեն բավարարել Ի. Մուստաֆաևայի գլխավորած պետական հանձնաժողովի եզրահանգումները, քանի որ նրա զեկուցման մեջ, փաստորեն, արդարացվում են Գյանջա քաղաքում իշխանությունը բռնազավթած Սուրաթ Հուսեյնովի կողմնակիցների գործողությունները:

Վերջին պահին, ըստ «Ֆրանսպրես» գործակալության տեղեկությունների, հայտնի դարձավ, որ Հ. Ալիևը մերժել է հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելու նախագահ Էլչիբեյի առաջարկությունը, հայտարարելով, թե այն իրեն չի բավարարում:

Գործակալությունը հայտնել է նաև, որ Ադրբեջանի ղեկավարությունը խորհրդակցություններ է անցկացնում հանրապետության քաղաքական ուժերի հետ՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ:

Իսկ ահա ռուսաստանյան հեռուստատեսության «Վեստի» տեղեկատվական ծրագիրը, վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, հաղորդել է, որ բանակցությունները Ա. Էլչիբեյի և Հ. Ալիևի միջև շարունակվում են: Ալիևը ձգտում է հասնել վարչապետի լիազորությունների ընդլայնմանը:

«Հայլուր»

Հունիսի 9-ին խորհրդարանի շենքի առջև վաղ առավոտից անցկացվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի միտինգը: Մասնակցել է երկու հազարից ավելի մարդ՝ «Թույլ չենք տա համայնավարական հեղաշրջում», «Գյանջայի խռովությանը՝ քաղաքական գնահատական», «Ոչ կայսրությանը» կարգախոսներով:

Մեջլիսի առավոտյան նիստում ելույթ է ունեցել ներքին գործերի նախարար Աբդուլլա Ալահվերդիևը, որը արյունահեղության համար մեղադրել է գնդապետ Սուրաթ Հուսեյնովի ջոկատներին: Նա նշել է, որ իբրև պատանդ պահելով պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչներին՝ Հուսեյնովը հանցագործություն է կատարել: Ըստ նրա, առաջինը կրակ են բացել Հուսեյնովի կողմնակիցները:

Երեկոյան նիստում պատգամավորները շարունակել են քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրել: Նախկին վարչապետ Փանահ Հուսեյնովի առաջարկով պատգամավորները ընդունել են Գյանջայում զինված բախման բոլոր մասնակիցների ներման մասին հրամանագրի նախագիծը:

Պաշտպանության, ազգային անվտանգության նախարարների և պետքարտուղարի ելույթներում այն միտքն է հայտնվել, որ Գյանջա մեկնած պատգամավորական հանձնախմբի զեկույցը օբյեկտիվ չէր, այլ ելնում էր պատահական և չստուգված փաստերից: Առաջարկվել է 7 հոգուց բաղկացած նոր հանձնախումբ կազմել և Գյանջա ուղարկել: Քննարկման արդյունքում պատգամավորները հաստատել են հանձնախմբի կազմը՝ Միլլի մեջլիսի անդամ, իրավաբան Սաթլաբ Մութալիմովի գլխավորությամբ:

Ընդդիմության ղեկավար Էթիբար Մամեդովն իր ելույթում ասել է, որ ստեղծված իրավիճակն ուղղակի արդյունք է ներկա իշխանությունների գործողությունների: Նրա խոսքերով, ղեկավարությունը մշակել է Սուրաթ Հուսեյնովին ենթակա զինմիավորումների զինաթափման ծրագիր, որը ձախողվել է: Բազմաթիվ զոհերը և քաղաքական խորը ճգնաժամը այդ ավանտյուրայի արդյունքներն են: Սամեդովի հայտարարության համաձայն, Ադրբեջանի ամբողջ ղեկավարությունը պետք է հրաժարական տա:

«Սնարք-Թուրան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives