«Հայաստանի Հանրապետություն», 10 օգոստոսի, 1993թ., թիվ 157(761), երեքշաբթի
Ինչպես արդեն հաղորդել ենք, օգոստոսի 7-ին, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում էր սկսել Հադրութի, Մարտունու և Աղդամի շրջաններում: Նույն օրը ադրբեջանական ինքնաթիռները երկու անգամ ռմբակոծել են Հադրութի շրջանի Էդիլլու, Մելիքաշեն, Խծաբերդ, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերը, որը ՄԱԿ-ի 853 բանաձևի դրույթների կոպիտ խախտում է: Դրանց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ:
Հաջորդ օրվա ընթացքում ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներին հաջողվել է համառ մարտերով հակառակորդին ետ մղել հարձակման հետևանքով գրաված դիրքերից: Նահանջելով, ադրբեջանցիները դիմել են «իրեն արդարացրած» միջոցին. Այս գիշեր Ֆիզուլու ռազմական հրետակետերից հուժկու հրթիռահրետանային գնդակոծության է ենթարկվել ԼՂՀ Մարտունու շրջանը: Միայն Թաղավարդ գյուղում զոհվել է 3, վիրավորվել 5 խաղաղ բնակիչ:
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, երեկ առավոտյան հրետակոծությունը վերսկսվել է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության կարծիքով, ղարաբաղցիների գործողությունները միակողմանիորեն դատապարտող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 853 բանաձևը Ադրբեջանում ընկալվել է որպես ադրբեջանական բանակի ռազմական գործողություններն ակտիվացնելու կոչ: Բռնության նոր էսկալացիայի պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, որքան էլ որ նա իր հարձակողական գործողությունները քողարկի Ֆիզուլու վրա ղարաբաղցիների հարձակման մասին ապատեղեկատվությամբ:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան ղեկավարության դիրքորոշմանը ստեղծված վիճակից դուրս գալու վերաբերյալ, ապա այն միանշանակ է, անհրաժեշտ են ուղիղ, երկկողմ բանակցություններ Ադրբեջանի և ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների միջև: