March 6, 2021

Ադրբեջանի խորհրդարանը քավության նոխազ է փնտրում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Ազգ, 29 հուլիսի, 1993թ., 142(483), հինգշաբթի

Ադրբեջանի խորհրդարանը հանրապետության գլխավոր դատախազին հանձնարարել է հետաքննել հայկական կազմավորումների կողմից Աղդամ քաղաքի գրավման հանգամանքները և քաղաքի հանձնման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկել: ԻՖ-ը հաղորդում է, թե խորհրդարանականները հավանություն են տվել ռազմական շինարարության, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական բնագավառում Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիևի գործունեությանը: Մասնավորապես հավանության է արժանացել նրա գործունեությունը ՄԱԿ-ի և ԵԱՀԽ-ի հետ համագործակցության ասպարեզում:

Միաժամանակ, Ալիևը հայտարարել է, թե երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ, որի ընթացքում վերջինս խոստացել է զանգահարել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներին և վերջիններիս խնդրել իրենց ազդեցությունն օգտագործելով ազդել Հայաստանի վրա՝ որպեսզի հայկական զորքերը դուրս բերվեն «Ադրբեջանի նվաճված տարածքներից»: Խորհրդարանը վճռել է օրակարգի մեջ մտցնել նաև հանրապետությունում արտակարգ դրությունը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը: Արտակարգ դրության ժամկետն Ադրբեջանում ավարտվում է օգոստոսի 1-ին:

Նույն աղբյուրները հաղորդում են նաև, թե Անդրկովկասի խնդիրների գծով ռուսաստանյան մի փորձագետ, որը խնդրել է չհրապարակել իր անունը, հայտարարել է, թե Ղարաբաղի հայերի կողմից Աղդամի գրավումը ագրեսիվության դրսևորում է, սակայն արդարացի չէր լինի ամբողջ մեղքը բարդել նրանց վրա: Ըստ նրա, հակամարտող կողմերը երկուստեք ագրեսիվություն են հանդես բերում, և տարբերությունը միայն դրա դրսևորման մեջ է: «Ադրբեջանական բանակը, որը զգալիորեն բարոյալքված է, բայց ունի զինամթերքի մեծ պաշարներ, գերադասում է ռմբակոծումներն ու հրետակոծումները: Ղարաբաղյան ուժերը, որոնք զինամթերքի խիստ կարիք ունեն, զրկված են այդ հնարավորությունից և ընտրել են արշավային գրոհների տակտիկան, որի նպատակներից մեկն էլ զինամթերքի հայթայթումն է»,- նշել է փորձագետը:

Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանում տեղի է ունենում Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների բարձր մակարդակի հանդիպում, որտեղ առաջին անգամ առանց միջնորդների զինադադարի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու իրական հնարավորություններ կան: Ուստի զարմանալի է, որ Ադրբեջանի խորհրդարանն այս պահին հավանություն է տալիս Ալիևի գործողություններին միջազգային ատյանների հետ համագործակցության ասպարեզում՝ ակնհայտորեն ի նկատի ունենալով վերջինիս՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած տագնապալի և միջամտություն պահանջող հեռագիրը:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives