September 28, 2020

Ադրբեջանը ռազմագերիների ընդհանուր ճամբար

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)

«Ադրբեջանի ՆԳ նախարա­րության մեկուսարանում կան հայեր, որոնք նախկինում ապրում էին Բաքվում»,– մարտի 10-ին Մոսկվայում Ադրբեջանի մշտա­կան ներկայացուցչությունում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հանրապետության անվտանգության փոխնախարար Ն. Աբասովը՝ պատասխանելով 75 հայերի ճակատագրի վերաբերյալ «Հայլուրի» հարցին։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Ի. Համիդովը հայտնել էր, թե ին­քը բանտարկել է այն հայերին, որոնք Բաքու էին եկել իրենց բնակարանները վաճառելու հա­մար։ «Թե ինչն է հիմք ծառայել նրանց բանտարկելու համար՝ ես համապատասխան հարցում եմ արել, բայց տակավին պատաս­խան չեմ ստացել»,– ասել է նա։ Աբասովը խոստացել է ամեն ինչ անել հայ բանտարկյալներին ազատելու համար։

Աբասովը, որը նախագահ Էլչիբեյի հրամանագրով նշանակվել է պատանդների, ռազմագերիների եւ անհայտ կորածների վերջերս ստեղծված Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ, լրագրողներին տեղե­կացրել է Անդրանիկ Արշակյանի հետ մարտի 9-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունք­ների մասին։ Նա անսպասելի է անվանել ռազմագերիներին «բո­լորին բոլորի հետ» փոխանակելու վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունը։ (Նշենք, որ ռազմագերիների, պատանդների փոխանակման մասին Ժնեւի 1949թ. կոնվենցիայի համա­ձայն, ռազմագերիների փոխա­նակումը կարող է տեղի ունենալ միայն պատերազմի ավարտից հետո): Ժնեւում մարտի վերջին նախանշված կառավարական պատվիրակությունների հանդիպ­ման ժամանակ նախատեսվում է ստորագրել 4 համաձայնագիր՝ բոլոր պատանդների, ծանր հի­վանդ ռազմագերիների, դիակնե­րի փոխանակման, Հայաստանում եւ Ադրբեջանում ռազմագերինե­րին պահելու համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ։

Ներկայումս, ինչպես հաղորդել է Աբասովը, փոխանա­կությունն իրականացվում է մասնավոր կարգով՝ «ողջերին ողջերի հետ, ողջերին մեռածների հետ, մեռածներին մեռածների հետ»: «Գնվում ու վաճառվում են թե՛ ողջերը, թե՛ մեռածները», – ասել է նա։ Աբասովի խոսքերով, հայկական կողմն առաջարկել է 1.5 միլիոն ռուբլով փրկագնել ադրբեջանցի մի ռազմագերու։ Նա ասել է, թե նախագահ Էլչիբեյը բանավոր կարգադրություն է արել այն մասին, որ պետական հանձնաժողովի գլխավորությամբ բոլոր ռազմագերիները հավաքվեն մի տեղ։ Ադրբեջանական կողմը մտադիր է նախապատրաստել հայ ռազմագերիների ցուցակը, եւ հենց որ ներկայացվի այն՝ «մենք իսկույն կհրապարակենք»: Լրագ­րողները տեղեկացան, որ «նորո­գումից հետո Ադրբեջանում օտա­րերկրյա զբոսաշրջիկների կողմից ամենից սիրված վայրերից մե­կում» կկազմակերպվի հայ ռազ­մագերիների մեկ ընդհանուր ճամբար:

«Ցանկալի է, որ թե՛ Հա­յաստանում եւ թե՛ Ադրբեջանում ռազմագերիները գտնվեն համանման պայմաններում»,– ասել է Աբասովը։ Նրա կարծիքով, ադրբեջանցի ռազմագերիների եւ պատանդների դրությունը Հայաստանում սարսափելի է, թեեւ նշել է, որ հայ գերիները Ադրբե­ջանում եւս «իդեալական պայ­մաններում» չեն գտնվում։

Պատասխանելով Ադրբեջանի տարածքում պատանդ վերց­ված Վրաստանի հայ քաղաքացիների վերաբերյալ հարցին, որոնք եղել են Թբիլիսի-Մոսկվա գնացքում, Աբասովն ասել է, թե իրեն հայտնի են այդ փաստերը։ «Մենք կջանանք ազատել նրանց, ովքեր իբրեւ պատանդ են վերցվել Ադրբեջանի տարածքում»,– հայ­տարարել է նա։ Աբասովը սադրիչ է անվանել տարբեր երկրների հատուկ ծառայությունների գործունեությունը, որոնք, ըստ իրենց տվյալների, արհեստականորեն կրքեր են բորբոքում՝ կապված լեզգինների, թալիշների եւ քրդերի հետ։ Սակայն «Լեզգինական տեղեկություններ» թերթի գլխա­վոր խմբագիր Մ. Մուրսալովը, որը գտնվում էր դահլիճում, իր բո­ղոքն է հայտնել Ադրբեջանում տիրող անօրինականության դեմ՝ նշելով, որ անձամբ իրեն ապօ­րինաբար արտաքսել են Ադրբեջանից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives