January 15, 2025
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Ցուցաբերենք միասնություն

Ցուցաբերենք միասնություն

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

– Մեծարգո վարչապետ, օգոստոսի 19-ին 7 Խորհրդային Միությունում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որը բարեբախտաբար ձախողվեց: Ներկա իրավիճակի մասին Ձեր գնահատականը:

–Նախ պետք է անդրադառնալ այն հարցին, թե ինչ իրավիճակ էր տիրում ԽՍՀՄ-ում մինչև այդ հեղաշրջումը: Ասեմ, որ իրավիճակը բավականաչափ մտահոգիչ էր: Խորհրդային Միությունը տրոհվում է, հանգում անկախ պետությունների ստեղծման: Տնտեսական վիճակը շարունակ վատանում է, իսկ քաղաքական առումով տեղի է ունենում, այսպես կոչված՝ բաբախում. երկիրը սեղմվում է ու լայնանում: Մարտի 17-ի հանրաքվեն վարպետորեն օգտագործեցին կենտրոնական իշխանությունները, և Խորհրդային Միությունը սկսեց սեղմվել: Դրան ավելացավ մի այլ երևույթ. այն քաղաքական ճոճանակը, որը թեքվել էր դեպի ժողովրդական շարժումները, սկսել էր հետ դառնալ: Շատ վայրերում հաղթել էին ժողովրդավարական շարժումները, և տնտեսությունը շտկելու պատասխանատվությունն արդեն ընկել էր ժողովրդավարական ուժերի վրա, իսկ տնտեսական ծանր վիճակից ժողովրդի դժգոհությունն այս կամ այն կերպ կապվում էր ժողովրդավարական իշխանությունների հետ: Բնական էր սպասել, որ ճոճանակը հետ կդառնա, և աջ ուժերը գնալով կաշխուժանան:

Այս պայմաններում շատ մտահոգիչ էր մեր ուղին: Մեր ժողովուրդը որոշել է վերականգնել իր անկախ պետականությունը, դա քաղաքական միակ ճիշտ ճանապարհն է, որով մենք պետք է գնանք, սակայն նշածս երևույթները տանում էին դեպի փակուղի: Սպասվում էին ուժեղ հարվածներ՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ տնտեսական: Եվ մանևրելու միակ հնարավորությունը միութենական պայմանագրի շուրջ որևիցե լուծում գտնելն էր: Ավելացնեմ, որ Խորհրդային Միությունում և մանավանդ Հայաստանում խիստ ծանր իրավիճակ էր ստեղծվել վառելիքի և սննդի հարցերում: Օրերս Նախարարների խորհրդի նախագահության նիստում մտածում էինք ստեղծել հատուկ լիազորություններով օժտված մի կոմիտե, որն իր ձեռքը վերցնի ձմռան նախապատրաստական աշխատանքները, որովհետև հին ձևով այդ աշխատանքները իրականացնել հնարավոր չէր: Ուզում եմ ասել, որ և՛ կենտրոնին, և՛ հանրապետություններին նույն հարցերն էին մտահոգում: Գորբաչովին չհաջողվեց վարկեր վերցնել, և դա էլ ավելի դժվարացրեց վիճակը:

Այս պայմաններում սկսվեց հեղաշրջումը: Դա ուղղված էր ժողովրդավարության դեմ, ազատությունների և ազգերի իրավունքների դեմ: Այդ ամենն, իհարկե, հասկանալի էր, և օգոստոսի 20-ին մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ես ասացի, որ, այսպես կոչված, ԳԿՉՊ-ն ամենաշատը երկու-երեք ամիս կդիմանա: Երկու-երեք ամսից հետո նույն խնդիրներն են ծառանալու, և երկիրը նորից սկսելու է բացվել: Այսինքն՝ այս բոլոր բացասական երևույթների մեջ մի դրական տարր կա, որ մեզ ինչ-որ ձևով հանում էր այդ փակուղուց. սեղմման փուլը, որը կարող էր տևել մեկ-երկու տարի, կարճանում, դառնում էր երեք ամիս: Ես, իհարկե, չէի կարող կանխատեսել, որ ոչ թե երկու-երեք ամիս կտևի, այլ՝ երեք օր: Եվ արժանին պետք է մատուցել Ռուսաստանի ժողովրդավարական շարժմանը, Ելցինին այս պայքարում ցուցաբերած նրանց վճռականության համար: Մեզ հասկանալի էր, որ հարցը լուծվել է Մոսկվայում: Առաջին օրը՝ 19-ի վաղ առավոտյան, ես կապվեցի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և մենք հանդիպեցինք: Հանդիպմանը ներկա էին Գերագույն խորհրդի նախագահության և կառավարության անդամներ: Մենք քննարկեցինք իրավիճակը և մշակեցինք մեր կողմնորոշումը, որը ձեզ ծանոթ է, փաստաթղթերը հրապարակված են: Կարծում եմ՝ այն պայմաններում ճիշտ էր համապատասխան զգուշություն ցուցաբերելը, այլապես հանրապետությանն ու ժողովրդին կարող էինք հարվածի տակ դնել: Դրանից հետո մենք բազմիցս հանդիպեցինք և՛ Նախարարների խորհրդում, և՛ Գերագույն խորհրդում, բավականին մանրամասն քննարկեցինք իրավիճակը: Երեք օրն անցավ, և առաջին հայացքից թվում էր, թե Խորհրդային Միությունը վերադառնում է իր հին՝ նախահեղաշրջումային  վիճակին, բայց այդպես չեղավ: Մի նոր շրջան սկսվեց Խորհրդային Միության, ես կասեի, աշխարհի համար:

Ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել, ի՞նչ ճանապարհով կգնա Խորհրդային Միությունը: Կանխատեսումներ անելը բավական դժվար և անշնորհակալ գործ է, բայց թվում է՝ պետք է իրականանա այն, ինչի մասին խոսեց նաև Նազարբաևը8: Այսինքն՝ յուրաքանչյուր հանրապետություն կձգտի հռչակել անկախություն: Բայց բոլոր հանրապետությունները միմյանց հետ կապված են այնպիսի տնտեսական կապերով, որոնցից այնքան էլ հեշտ չի լինի ազատվել, և, ամենայն հավանականությամբ, կստեղծվի ժամանակավոր մի դաշինք 15 հանրապետությունների միջև, որը կներառի տնտեսական, հավանաբար նաև որոշ քաղաքական, ռազմական հարցեր: Հանրապետությունները կսկսեն իրար հետևից հռչակել անկախություն: Դժվար է ասել՝ կհասցնե՞ն արդյոք բոլորն անել այդ քայլը, թե՞ ոչ: Հիմա մեծ ոգևորություն կա Մոսկվայում, նաև՝ արտասահմանում, և նրանք հեշտությամբ ընդունում են այդ քայլերը: Որոշ ժամանակ անց կարող է իրավիճակը փոխվել: Լուրջ հաշվարկներ դեռ չեն արվել: Երբ որևէ հանրապետություն մի բան է ներկայացնում, ապա հակվածություն կա՝ այն, ինչ փաստացի եղել է, դա ընդունել: Այդ առումով մեզ համար վճռական ժամանակաշրջան է, և մենք պետք է կամք ցուցաբերենք ու որոշ հարցեր հիմա լուծենք: Հետո կարող է ավելի դժվար լինել, որովհետև այդ տրամադրությունը կարող է անցնել և՛ կենտրոնին, և՛ Ռուսաստանին, և՛ արտասահմանին:

Կենտրոնի մասին: Հասկանալի է, այս օրերին կենտրոնն էապես թուլացավ: Ռուսաստանը հիմա շահագրգռված է ունենալ մի թույլ կենտրոն, որը ենթարկվի իրեն, և որի միջոցով պահի Խորհրդային Միությունը, հանրապետությունները: Հետագայում, իմ կարծիքով, փոփոխություն կլինի. Ռուսաստանի տնտեսական հզորությունն այնքան մեծ է, որ մյուս հանրապետությունները կաշխատեն համախմբվել, որպեսզի տնտեսապես դիմակայեն այդ հզորությանը: Ու թերևս գա մի պահ, երբ արդեն ոչ թե Ռուսաստանը, այլ մյուս հանրապետությունները ձգտեն ունենալ կոորդինացնող կենտրոն, որի միջոցով իրենց հարցերը լուծեն Ռուսաստանի հետ: Այսինքն՝ կենտրոնն անհրաժեշտություն կդառնա հանրապետությունների համար: Հիմա, իհարկե, հնարավոր չէ խիստ որոշակի ասել՝ ինչպես կլինի, բայց որոշակի է մի բան՝ ինչ քաղաքական որոշումներ էլ ընդունեն հանրապետությունները, տնտեսական առումով նրանց փոխկապվածությունը առժամանակ կմնա, իսկ դա կտանի տարբեր բլոկների ստեղծման: Ինչ բլոկների՝ հիմա դժվար է ասել:

Մի բան հաստատ կարող եմ ասել. այս վճռական օրերին մենք պետք է կարողանանք արագ որոշումներ ընդունել և ցուցաբերել միասնություն: Միասնություն գործադիր և օրենսդիր իշխանությունների, քաղաքական կազմակերպությունների միջև. ամբողջ ժողովուրդը պետք է միասնական լինի: Այն միտքը, թե մարդկանց մի խումբ, վերևում՝ Օլիմպոսում նստած, հարցեր է լուծում ժողովրդի համար, անտարբերություն է առաջացնում ժողովրդի մեջ: Մինչդեռ վճռական օրերին մեր ամբողջ ժողովուրդը պետք է մասնակցի քաղաքական որոշումների ընդունմանը, ըմբռնի դրանց անհրաժեշտությունը, համախմբված լինի որոշակի գաղափարների շուրջը: Առանց դրա՝ քաղաքական հարցեր հիմա չեն լուծվի: Եվ այդպիսի վճռական քայլեր անելու համար պայմանները նպաստավոր են հիմա:

Բավական խառն իրավիճակ է նաև Անդրկովկասում, մասնավորապես Ադրբեջանում: Այստեղ էլ պայքարում են ժողովրդավարական և հետադիմական ուժերը: Առայժմ ժողովրդավարական ուժերի համակրանքը (խոսքը Ռուսաստանի և Միության մասին է) մեր կողմն է: Ինչ կլինի վաղը՝ դժվար է ասել: Ուստի այն, ինչ կարելի է անել այսօր, չպետք է հետաձգել վաղվան, ահա թե ինչու մենք բոլոր քայլերն անում ենք: Այդ քայլերի մեջ  միայն շախմատային նրբանկատություն ցուցաբերելը բավական չէ. շատ կարևոր է, որ դրանց մասնակից լինի ողջ ժողովուրդը՝ ազգի ապագայի նկատմամբ հավատով համախմբված: Բնականաբար այս ամենը վերաբերում է նաև Արցախի մեր հայրենակիցներին: Դա շատ անհրաժեշտ է: Այսքանը:

Ես չեմ ուզենա հիմա մանրամասնել, թե ինչ է նշանակում վճռական քայլեր: Համենայն դեպս, նախարարների խորհուրդը որոշ նախագծեր ուղարկել է Գերագույն խորհուրդ՝ կապված և՛ բանակի ստեղծման, և՛ ներքին գործերի, և՛ հետախուզության ու հակահետախուզության հետ: Գերագույն խորհրդում լրջորեն  քննարկվում են մեր անկախությանը վերաբերող տարբեր հարցեր: Նոր քայլերի հետ կապված որոշումներ դեռ չեն կայացվել, բայց ես համոզված եմ, որ կկայացվեն: Կան հարցեր, որոնք պետք է անհապաղ լուծել, առանց սպասելու սպառիչ տեղեկությունների: Պատերազմի ժամանակ հրամանատարը հաճախ որոշումներ է ընդունում՝ մանրամասն տեղեկություններ ունենալով հակառակորդի ուժերի մասին: Իհարկե, ցանկալի է ամեն ինչ իմանալ: Բայց մինչև իմանաս, պահը կկորցնես: Իմ կոչն է՝ պահը չկորցնել:

Վարչապետ Վ. Մանուկյանի հարցազրույցը հեռուստատեսությամբ, 1991թ., օգոստոսի 27
«Հայաստանի Հանրապետություն», 1991 թ., 29 օգոստոսի

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives