«Հայաստանի Հանրապետություն», 20 հուլիսի 1993թ., երեքշաբթի
Հայաստանի Հանրապետության նախագահը, Գերագույն խորհուրդը և կառավարությունը խոր ցավով հայտնում են, որ կյանքի 80-րդ տարում մահացավ բանաստեղծ Համո Սահյանը, և ցավակցում են հանգուցյալի հարազատներին:
Կտակ
Հազար զրահ մաշած իմ մեծ համբերության
Հոգեպահուստն եմ ես թողնում այրուս,
Որ նա փոքրիկ-փոքրիկ անտեր իր տերության
Մրսած պատերի մեջ չապրի՝ անհույս:
Որդիներիս՝ տոհմիս այրությունն եմ թողնում
Եվ հանճարը նրա վար ու ցանքի,
Խստաբարո, խռով բարությունն եմ թողնում
Եվ խորհուրդը նրա արդար կյանքի:
Թոռնիկներիս… թողեք տեսնեմ ի՞նչ եմ թողնում,
Տեսնեմ որքա՞ն կանաչ, որքա՞ն կարմիր…
Հոգուս մառաններից մի բեռ խիղճ եմ թողնում
Եվ ամոթի մի բեռ որդան կարմիր:
Ծոռնիկներիս վարքը ու գույներն եմ թողնում,
Հոտն ու համն եմ թողնում տոհմածառիս,
Բոլոր ընտիր, ընտիր անուններն եմ թողնում,
Բառ ու բան եմ թողնում տոհմածառիս:
Թոռնթոռներ, ձեզ էլ տերությունն եմ թողնում,
Հարուստ տերությունը իմ հույսերի,
Մտքերիս մեջ դրած տեղուտունն եմ թողնում
Անասելի, շուքով, անասելի:
Հետո եկողների՞ն… ես կարթնանամ հանկարծ
Ու կելնեմ մամռած քարիս տակից,
Կօրհնաբանեմ նրանց և կխնդրեմ նրանց՝
Մի երկու բառ հիշեն այս կտակից: